Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերականի դիմորդին 20000-անոց տվեցին, իսկ Մազմանյանն առաջարկեց հրաժարվել «ծյունինգած պրիչոսկայից» (Տեսանյութ)

Հունիս 25,2012 13:40

Ում ասես այսօր հանդիպեցինք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ ժամանակակից կապիկի, Սիրանո դը Բերժերակին, ծաղրածուի, չեխովյան հերոսների… Բուհում  «Դերասանի վարպետություն» առարկայից քննությունն էր, որն ընդունում էր պրոֆեսիոնալ հանձնաժողովը՝ Արա Երնջակյանի նախագահությամբ: Aravot.am-ը ներկա էր քննության մի մասին:

Առաջինը ներս մտավ դիմորդ Հայկ Ասատրյանը, որին բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը խորհուրդ տվեց բացել ճակատը. «Տղա ջան, ծյունինգած պրիչոսկան հեչ լավ չի»: Հայկը մի կտոր ներկայացրեց Շանդոր Պետեֆիի «Խելագարից», ու երբ հասավ այն տողին, որտեղ ասվում է՝ «կինը գազան է՝ հրաշալի եւ վտանգավոր», հանձնաժողովի անդամ Նիկոլայ Ծատուրյանը ընդհատեց. «Բավական է, տղաս, կանանց վրա պետք է ամեն ինչ վերջացնել»:

Դիմորդուհիներից ոմանք թափված մազերով էին քննության եկել, ու բոլորին հանձնաժողովի անդամ Ռաֆայել Քոթանջյանը խորհուրդ էր տալիս հաջորդ քննություններին հավաքած մազերով գալ, որպեսզի ստիպված չլինեն անընդհատ մազերն ուղղել ու դրանից էլ ավելի շփոթվել:

Մարինե անունով դիմորդը մենախոսության ժամանակ այնպես էր նմանակում սերիալներից մեկի հերոսուհուն, որ ստիպված Նիկոլայ Ծատուրյանը խորհուրդ տվեց. «Աղջիկ ջան, հիմա պատկերացրու, թե փողոցով գնում ես ու մեկ էլ ընձուղտ ես տեսնում»: Երեւակայական ընձուղտին տեսած դիմորդը  կրկին սերիալի հերոսուհու ձայնով  «խաղաց». «Վա՜յ, ինչ էլ բոյով ա տնաշենը, ինձանից բոյով»: Դիմորդներից մեկն իր էդյուդը «ժամանակակից կապիկ» էր վերնագրել: Նիկոլայ Ծատուրյանը կատակեց՝  երեւի հայ կապիկ: Վերջում «կապիկը»  վերափոխվեց Մայքլ Ջեքսոնի: «Վա՜յ,  բա ինձ թվաց վերջում ռաբիս ա երգելու»,-իբր ափսոսաց հանձնաժողովի անդամներից մեկը: Մյուսն էլ  դարձյալ կատակով հավելեց. «Էդ դո՛ւք եք նեղ մտածում, իսկ երեխան միջազգային է մտածում»:

Իրեն բավականին հաջող դրսեւորեց Ոսկեվազ գյուղից եկած մի դիմորդ՝ Մարիամ անունով: Նա մի կտոր ներկայացրեց  Վարդգես Պետրոսյանի «Տգեղ աղջիկներ չեն լինում» գործից: Երբ հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին՝ ո՞վ է նրան պատրաստել, պարզվեց՝ համագյուղացին, որը թատերականի երկրորդ կուրսում է սովորում:

Բուհի նախապատրաստական կուրսն անցած դիմորդներն ավելի «բացված» էին, ու հանձնաժողովի անդամները  հստակ «կարդում» էին, թե կոնկրետ  ով է  տվյալ երեխայի հետ աշխատել:

Դիմորդներից Անդրանիկ Միքայելյանը ներս մտավ ծաղրածուի շորերով ու հին ճամպրուկը քարշ տալով: Երբ խնդրեցին անձնագիրը, նա քրքրեց ճամպրուկը ու չգտավ, ապա անձնագիրը հայտնաբերեց կոմբինիզոնի խորքերից: Քիչ անց տղան փորձեց ձեռնածուի նման  փոքրիկ գնդակներով ու ձեռնափայտով շարժումներ անել, ապա  օղու շիշն առած մոտեցավ հանձնաժողովին ու բոլորի բաժակների մեջ երեւակայական օղի լցրեց: Հաջորդ համարից հետո էլ գլխարկը մեկնեց նրանց: Ի պատասխան՝ Նիկոլայ Ծատուրյանը 20000-անոց գցեց գլխարկի մեջ, Արա Երնջակյանը մի շիշ ջուր, Սաթենիկ  Մաթեւոսյանը թուղթ եւ այսպես շարունակ: Դիմորդների մի մասը շատ ցածր էր խոսում, Ռաֆայել Քոթանջյանը նեղսրտում էր՝ այդ ձայնով որ թատրոնում խաղաք՝ չի լսվի: Արմեն Մազմանյանն էլ կատակում էր. «Այ բալա, բարձր խոսիր, ստեղ մարդ կա, որ Կրուպսկայայի դասարանից ա եղել»: Ծատուրյանն էլ ուղղում էր ռեկտորին՝ «Կամ Կրուպսկայայի դպրոցից»:  Գրիշա Սահակյան անունով դիմորդը ներս մտավ զինված: «Էս եկել էս հանձնաժողովին կրակե՞ս»,- կատակեց մեկը:

Դիմորդների ռիթմի զգացողությունը ստուգում էր Նիկոլայ Ծատուրյանը: «Մի հատ ծափ տամ, նույնը դու արա»,-ասում էր նա: «Ինքը առավոտները միշտ սենց ծափ ա տալիս»,- կատակում էր Արա Երնջակյանը:

 


 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Դերասանական վարպետության մի նմուշ ցուցադրեց նաեւ բուհի ռեկտորը՝ նա ցուցադրաբար սուլեց միջանցքում՝ աղմկողներին լռեցնելու համար եւ ասաց, որ դա անում է հատուկ Aravot.am-ի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930