Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում էլ բոլորի համար աշխատելու եւ վաստակելու հնարավորություն լիներ…

Հունիս 25,2012 13:10


«Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության կազմակերպած շահումային մրցության հաղթողները, որոնք ժամանել են Ուկրաինա՝ «Դոնբաս Արենա» ստադիոնում ներկա լինելու Եվրո 2012-ի կիսաեզրափակչի Իսպանիա-Պորտուգալիա հանդիպմանը, Դոնեցկ ժամանելուց հետո ուղեւորվեցին Ազովի ծովի ափին գտնվող Բելոսարայսկայա Կոսա կոչվող բնակավայր, որտեղ «Կոկա-Կոլան» մեկ շաբաթով առանձնատնային համալիր է վարձակալել: Եվ քանի որ ճանապարհը տեւելու էր մի քանի ժամ, Մարիուպոլ չհասած, ավտոբուսը կարճատեւ կանգառ կատարեց Վոլնավախա փոքրիկ քաղաքի հենց բանուկ ճանապարհին գտնվող առեւտրի եւ սպասարկման կենտրոնում: Նոր էինք իջել ավտոբուսից, երբ մեզ մոտեցավ միջին տարիքի մի մարդ ու ասաց. «Բարեւ ձեզ: Պարզ է, որ Հայաստանից եք»: Ներկայացավ. «Ծանոթանանք, Ռուդիկ Սարգսյան: Երեւանից եմ: Մոտ յոթ տարի է, ինչ եկել եմ այստեղ: Եթե Դոնեցկից եք գալիս ու ճանապարը դեռ պիտի շարունակեք, ուրեմն այս ընթացքում իմ հյուրն եք լինելու: Այստեղ ինչ տեսնում եք, կարելի է ասել, իմն է: Այնպես որ, ձեզ զգացեք, ինչպես Հայաստանում»: Ռուդիկը պատվիրակության 25 անդամներին ուղեկցեց իր բացօթյա սրճարաններից մեկը, ծանոթացրեց մայրիկի հետ եւ բոլորին սուրճ, թեյ ու զովացուցիչ ջուր հյուրասիրեց: Aravot.am-ի մարզական մեկնաբանին, ում «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը նույնպես ընդգրկել է «իր թիմ», Ռուդիկ Սարգսյանն ասաց. «Վոլնավախայում 15 հայ ընտանիք է ապրում: Մշտական շփումների մեջ ենք եւ բոլոր հարցերում աշխատում ենք միմյանց օգտակար լինել: Այստեղ ես իմ միջոցներով մատուռ եմ կառուցել՝ «Ամենայն Սրբոցը», ուր գնում ենք հաղորդակցվելու Բարձրյալի հետ: Գրեթե ամիս չի լինում, որ Երեւան չգամ: Ուկրաինայում իմ գործն եմ դրել: Բացի այս ամենից, ինչ տեսնում եք, այս տարածաշրջանում «Կարա-Բալա» անունով ռեստորանային համալիր, հասարակական սննդի եւ սպասարկման ցանց եմ հիմնել: Գործերս վատ չեն: Գիտե՞ք, փողը լավ բան է, բայց այն երբեք ծննդավայրիդ, հայրենիքիդ չի փոխարինի: Շատ կուզեի, որ Հայաստանում էլ բոլորի համար աշխատելու եւ վաստակելու հնարավորություն լիներ: Ու հաստատ ոչ մի տեղ էլ չէի գնա: Երբ դեռ Երեւանում էի, առաջինը ձեր թերթն էի կարդում: Հարգում եմ այդ թերթի աշխատողներին եւ աշխատանքի ոճը: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Հայաստան գալուս կհանդիպենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դոնեցկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930