«Մենք հաղթող կողմ ենք»,- այսօր «Հենարան» ակումբում ընտրությունների արդյունքներն այսպես ամփոփեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ եք հաղթել, նա պատասխանեց. «Հաղթել ենք ընտրությունները, մյուս քաղաքական ուժերի նկատմամբ հաղթանակ ենք տարել: Ուզո՞ւմ եք՝ հաղթանակ բառը հանենք մեր բառապաշարից: Մրցակցել ենք, առավելագույն ձայներ ենք հավաքել: Բավարարո՞ւմ է»:
Aravot.am-ի հարցին՝ 5-րդ գումարման ԱԺ-ում վերջին օրերի քննարկումներից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն, ի պատասխան նրանց քննադատություններին, կարմիր գծի պես տանում է այս միտքը՝ «բա ձեր ժամանակ», «94-95 թվականները հիշեք» եւ այլն, ՀՀԿ-ն նման քաղաքականությո՞ւն է որդեգրել՝ հիշեցնելու ՀՀՇ-ի ժամանակները, պարոն Զոհրաբյանը պատասխանեց. «Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի: Եթե չքնադատեին, կասեին՝ բոլորը անցել են ՀՀԿ-ի թեւի տակ: Առողջ քննադատությունը մենք ընդունում ենք: Եթե համեմատենք, ավելի կոռեկտ է, քան միտինգները: Միտինգները պետք է լինեն հավասարակշռված, առանց անձնական վիրավորանքների: Ոչ փողոցում է այդ տուրուդմփոցը պետք, ոչ ԱԺ-ում»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ դիրքորոշմանը՝ պարոն Զոհրաբյանը նշեց. «ԲՀԿ-ն հայտարարել է, որ իրենք կառուցողական ուժ են, այլընտրանքային: Ես հակված եմ, որ իրենք առաջիկա նախագահական ընտրություններին կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Հարցին՝ ինչի՞ց ելնելով եք այդպես կարծում, նա պատասխանեց, որ քաղաքական շատ փորձ ունի. «Համեմատում ենք աշխարհում տարբեր պետություններում տեղի ունեցող պրոցեսները, ովքեր են ընդդիմություն դառնում, հետո գալիս իշխանություն դառնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ