Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահ. «Չակերտավոր գիտնականները խեղաթյուրում են հայկական պատմամշակութային ժառանգությունը» (տեսանյութ)

Հունիս 25,2012 12:21

 Այս պահին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում շարունակվում  է  «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում զեկուցումներով  հանդես են գալիս գիտնականներ Հայաստանից,  Արցախից եւ արտերկրից:

Ելույթում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տասնամյակների գիտատեխնիկական առաջընթացը հնարավորություն է տվել առավել մանրակրկիտ ուսումնասիրել գիտական աղբյուրները. «Սակայն, հատկապես մեր հարեւան երկրներում, հայտնվել են չակերտավոր գիտնականներ, ովքեր փորձում են խեղաթյուրել եւ իրենց վերագրել Հայաստանին պատկանող  պատմամշակութային ժառանգությունը: Մեր խնդիրն է՝ ցուցաբերել համապատասխան գիտական մոտեցում՝ հակահարված տալով նրանց»: Պարոն Մարտիրոսյանը հավելեց, որ գիտաժողովը կնպաստի պատմագիտության եւ  հայագիտության տարբեր ոլորտների մասնագետների գործնական կապերի ընդլայնմանը:

Կարեւորելով մեծածավալ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց այն հանգամանքը, որ գիտաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու Արցախում. «Կցանկանայի, որ նման հանդիպում կազմակերպվի նաեւ տարածաշրջանային մակարդակով, ինչը հնարավորություն կընձեռի գործընթացում ներգրավվել հարեւան երկրների հասարակական կառույցներին: Մյուս կողմից, կարեւոր է գիտնականների ելույթների պրակտիկ շարունակությունը»:

ԳԱԱ կազմկոմիտեի անդամ Աբրահամ Տերյանը հանդես է գալու «Հայ վանականության սկիզբը Հայաստանում» զեկույցով. «Ոսկեդարյան գրական աղբյուրները փաստում են, որ դեռեւս 5-րդ դարում Հայաստանում վանականություն կար: Բարեբախտաբար, Մատենադարանում այդ աղբյուրների պակաս չունենք, բայց պետք է մտածել հին վանքերի եւ եկեղեցիների մնացորդները հայնաբերելու եւ եղածը պահպանելու ուղղությամբ»:

Լուիզա ՍՈՒՔՒԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930