Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյթունի օրինակելի այգի՝ Մեղրիում

Հունիս 24,2012 19:24

Լեհվազեցի Կարոյին Մեղրիում գրեթե բոլորն են ճանաչում եւ շատ ժամանակ Մեղրի այցելած անծանոթ հյուրերին խորհուրդ տալիս անպայման լինել ու սեփական աչքերով տեսնել ճանաչված այգեգործի ստեղծած զեյթունի հսկայական այգին: Ասում են, որ զեյթունի օրինակելի այգին միակն է ոչ միայն այս տարածաշրջանում, այլ` ամբողջ հանրապետությունում: Արաքսաշենի տարածքում գտնվող 7 հա այգին ամբողջությամբ տեսնելու եւ տեղանքին ծանոթանալու համար առնվազն 3 ժամ է պահանջվում:

50-ամյա Լեհվազեցի Կարո Կարապետյանը երկար տարիների չարչարանքի ու սեփական ուժերի գնով է ստեղծել այս այգին, որտեղ այժմ աճում են Իսպանիայից բերված Սեվելիանո եւ Ասկոլանա 2 տեսակի 3400 հատ զեյթունի բերքատու ծառեր: «Էստեղ ժամանակին խաղողի այգիներ են եղել, կռվի տարիներին, բաքվեցիները եկել են ու կտրտել ամեն ինչ: Ես, որ եկել եմ այստեղ՝ ոչինչ չի եղել, նայում էիր տեղանքին, ոնց որ անապատ լիներ: 4 տարի տանջվել եմ մինչեւ կարողացել եմ մի քիչ խելքի բերեմ էս տարածքը», – այսպես է սկսում իր այգու պատմությունը այգեգործ Կարոն եւ ցույց տալով այգու ծառերը՝ շարունակում պատմել սկսած պատմությունը: «2000թ.-ին եմ ստեղծել այս այգին: Բերել եմ 7590 հատ զեյթունի ծառ տնկել, բայց բոլորը ցրտահարվել են: 2003 թվականին կրկին բերել եմ զեյթուն տնկել: Բայց 2008թ.-ի հունիսի 22 ին տեղացած կարկուտն ամբողջ բերքը հերթական անգամ փչացրեց, միայն 2010 թ.-ին հավաքեցի այգուս առաջին բերքը: Ամեն մի ծառից 20-30 կգ զեյթուն եմ քաղում բերքի սեզոնին: 3 հազար 400 ծառերից միայն հազարն է, որ բերքի սեզոնին յուրաքանչյուրը 1 կամ 2 կգ է բերք տալիս, մնացած 2 հազար 400 ծառերից յուրաքանչյուրի տված բերքը 20-30 կգ է կազմում: Տեսակներից մեկը շատ յուղատու է: Անալիզի արդյունքներով՝ մինչեւ 70 տոկոս յուղատվությունը պահում է մսի մեջ, իսկ կորիզում` 27-33 տոկոս: Ամենաբարդը բերքի իրացման խնդիրն է, որը մեր հանրապետությունում շատ դժվար է լուծել», -ասում է Կարո Կարապետյանը:

Նախքան ծառերն աճեցնելը այգեգործը 2 տարի առաջ հողի անալիզ է տվել եւ համոզվել, որ իր ընտրած հողակտորը որակական առումով ոչնչով չի զիջում Իսպանիայի զեյթունի այգիների հողակտորներին, նույնիսկ այգու որոշ հատվածները, իր ասելով, գերազանցում են Իսպանիայի կամ Հունաստանի զեյթունի այգիների հողերի ցուցանիշները:

Կարոն իր այգում դեղորայք չի օգտագործում, մաքուր բերք է աճեցնում եւ առանց քիմիական հավելումների՝ բերք վաճառում գնորդների: Դեռեւս մշակելու հնարավորություն չունի, ոչ էլ արտահանելու, միայն վաճառում է տարբեր վայրերից զեյթուն գնելու եկած վերավաճառողներին` 1 կիլոգրամը 1200 դրամով, որը շատ էժան է համարում: Իր ձեռքով աճեցրած զեյթունն էլ համարում է աշխարհի ամենահամով զեյթունը: Եթե այլ վայրերում նոյեմբեր ամսին են զեյթունի բերք հավաքում, ապա այստեղ Կարոն իր օգնականների հետ այգու բերքը սկսում է հավաքել սեպտեմբերի 10-ին, քանի որ այստեղ բերքը ավելի շուտ է հասունանում: Մայիսի 20-28-ը ծառերը ծաղկելուց հետո 110 օր անց (բերքի ծաղկումից մինչեւ հասունացում 110 օր է տեւում) Կարոն իր օգնականների հետ սկսում է հավաքել զեյթունի ծառերի բերքը:

Ծովի մակերեւույթից ընդամենը 530 մ բարձրության վրա գտնվող այգում ամառվա ամենաշոգ օրերին օդի ջերմաստիճանը հասնում է +60-70-ի: 7 օր առաջ այստեղ +54 ջերմաստիճան էր գրանցվել: Նման շոգին աշխատելը շատ դժվար է: Լեհվազեցի Կարոն իր օգնող ուժերի հետ այգի գալիս են առավոտյան ժամը 5-ին, երբ համեմատաբար հով է լինում` +30-34 աստիճանում աշխատում մինչեւ ժամը 10-ը, որից հետո հանգստանում, նորից երեկոյան ժամը 5-ից, երբ մեղմանում է ջերմաստիճանը՝ վերստին սկսում են աշխատել զեյթունի ծառաստանում:

Կարոյին հսկա այգու աշխատանքներում օգնում են իր եղբայրը, եղբոր որդին ու նրա ընկերները: Զեյթունի ծառերից բացի՝ այստեղ նաեւ 2000 նռան ծառեր են աճում մի քանի հատ էլ ծիրանենիներ:

Անգլիայից, Մոսվայից են հյուրեր եկել այստեղ, շրջել այգում, նկարվել, հաճույքով հավաքել այգու բերքը եւ տպավորված հեռացել այդտեղից: 50-ամյա Կարոն հաճույքով է հյուրերի ընդունում իր այգում, ծառերի մրգերից հյուրասիրում, պատմում իր օրինակելի այգու ստեղծման ու գոյության առանձնահատկությունների մասին եւ հերթով բոլորին ճանապարհում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 

Լուսանկարները՝ Նադիա Պասկուալի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930