Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երևւանի և Մարսելի համագործակցության համաձայնագրի 20- ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողությունը: Միջոցառման շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը ծաղկեպսակներ են տեղադրել այգում կանգնեցված Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը` Ժան-Կլոդ Գոդենին հրավերի և ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Մարսելի քաղաքապետի անձնական ներդրումը. «Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ Դուք իրապես ցանկալի և սպասված հյուր եք Երևանում ու կարծում եմ, որ կհամաձայնեք առաջիկայում պաշտոնապես հյուրընկալվել մեզ մոտ: Հուսով եմ, որ Երևանում մենք միասին գործնական քայլեր կձեռնարկենք մեր 20- ամյա համագործակցության համաձայնագրի թարմացման ուղղությամբ»-, նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավելելով, որ անցած երկու տասնամյակների համագործակցությունը բոլոր մակարդակներում գնահատում է բարձր: Օգտվելով առիթից ու դիմելով միջոցառմանը ներկա մարսելահայ համայնքի ներկայացուցիչներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ կարևորել է նրանց անմիջական դերակատարումը նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի և փոխգործակցության ամրապնդման հարցում. «Նաև ձեր շնորհիվ է, որ այսօր ֆրանսիացիների համար օտար չեն հայ և Հայաստան հասկացությունները: Այս օրերին մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ տեղացիների համար մենք օտարներ չենք, ավելին մեզ հարգում և վստահում են այստեղ և մեծագույն հարգանք ուեն մեր երկրի հանդեպ: Լինելով յուրօրինակ կամուրջ երկու ժողովուրդների և երկրների միջև դուք ևս շատ կարևոր դերակատարում ունեք մեր հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման առումով և կցանկանայի, որ այդ կամուրջը էլ քավելի ամրանա ու լինի անսասան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին դիմելով Երևանի քաղաքապետին և հանդիսավոր արարողության մասնակիցներին, վերահաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնչեցրած հայ-ֆրանսիական բարեկամության և հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առկայությունը, հավելելով, նաև որ չնայած այդ ամենին Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններն այսօր իսկապես վերանայման կարիք ունեն. «Պարոն քաղաքապետ Դուք ճիշտ եք նկատել, որ մեր երկու քաղաքների ներուժն այսօր շատ ավելին է քան էր 20 տարի առաջ: Եվ իսկապես մեր համաձայնագիրը վերանայւման կարիք ունի, ինչը վստահ եմ մենք կանենք հնարավորին կարճ ժամկետներում: Համոզված եմ, որ սա կդառնա մեր փոխադարձ վստահության և հարգանքի ևս մեկ ապացույցը: Ի դեպ օգտվելով առիթից ես ևս շնորհակալություն հայտնեմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր իսկապես մեծ դեր և կարևոր նշանակություն ունեն, ինչպես մեր երկուստեք հարաբերությունների, այնպես էլ Մարսելի կայուն զարգացման գործում»,-շեշտել է Ժան-Կլոդ Գոդենը:
Կարդացեք նաև
Հանդիսավոր միջոցառման պածտոնական մասի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու ներդումային առաջարկներ, որոնք որոշակիորեն կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ընդգծելով, որ այս մասին ևս զրուցել են Մարսելի քաղաքապետի հետ, ինչը կարտացոլվի Երևանի և Մարսելի համագործակցության թարմացվելիք համաձայնագրում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն