Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Պաչյան. «Ես ուզում եմ, որ ինձ մի փոքր էլ հիշեն»

Հունիս 24,2012 11:33

Երիտասարդ գրող, հրապարակախոս Արամ Պաչյանն առաջին անգամ գրել է 2006 թվականին: Դա հենց այն ժամանակ էր, երբ նա նոր էր զորացրվել բանակից, չուներ աշխատանք եւ ապրում էր մենակ: «Վերադարձս» ստեղծագործությունով գրողը փոխանցել է այն, ինչ  ի սկզբանե ցանկացել է:

«Այն համարեցի իմ առաջին պատմվածքը: Դա մի տղայի մասին է, ով վերադառնում է բանակից ու փորձում է այդ վերադարձը ինչոր մի աղերսով կարևորել, ինչը, իհարկե, չի ստացվում»,– ասում է Արամ Պաչյանը: Նա այժմ ունի մեկ ժողովածու` «Ռոբինզոն և 13 պատմվածք» վերնագրով ու մեկ վեպ` «Ցտեսություն, Ծիտ»: Վերջինը մեկ ամիս է, ինչ լույս է տեսել` 500 տպաքանակով: Ըստ հրապարակախոսի, դա քիչ է, որ խոսենք հանրության կարծիքի մասին. «Ես չգիտեմ` ինչպե՞ս պիտի հեղինակը վերաբերի ընդունելությանը կամ մերժմանը: Ինձ համար դեռևս անհասկանալի զգացողություն է: 500 տպաքանակը այդքան էլ մեծ թիվ չէ, որ կարողանանք ասել` հանրությունը: Կան մարդիկ, ովքեր ընթերցում են և գրում իրենց կարծիքը»:

Կարծիքները տարբեր են` հետաքրքիր,  ու ինչպես Պաչյանն է ասում` նաև «կլիշեավորված»: Իր համար ամենաազդեցիկը եղել է նկարիչ Արման Գրիգորյանի կարծիքը, ով, լսելով վեպից մի հատված, ասել է. «Քո բնագիրը ասես համաշխարհային գրականության և ընդհանրապես գրականության կարոտով լցված լինի»:
Գրող-հարապարակախոսը հիմա աշխատում է «Երազանք» վեպի վրա, չնայած, որ արդեն ինքը չի երազում. «Ուղղակի ամեն վայրկյան ամեն ինչ  ավարտվելու գերհավանականություն ունի, իսկ երազելու համար պիտի համոզված լինես, որ քո տևումը լայն տարածություն ունի: Ես համոզված չեմ: Ես չեմ կարողանում ինձ «կոդավորեմ», այսպես ասած, դրական լիցքերով, որից հետո կգա մեսսիան»:
Փորձե՞լ է արդյոք Արամ Պաչյանը կյանքին նայել դրական աչքերով, անկեղծանում է. «Ես նման բաներ չեմ հասկանում` պոզիտիվ և նեգատիվ: Երբ երեխան ծնվում է արդեն ՁԻԱՀ-ով վարակված և տառապանքների մեջ, ուրեմն կյանքն է, որ վերաբերմունք է ցույց տվել, և մանուկը երբեք մեղավոր չէ դրանում, կամ հակառակը, երբ երեխան ծնվում է հարուստ, ապահով ընտանիքում և երկրում անում է այն, ինչ ուզում է, ապրում է` ազատորեն դրսևորելով իր կյանքը, ուրմեն` կյանքն է կրկին, որ վերաբերմունք է ցույց տալիս: Իմ պոզիտիվ և նեգատիվ դիտումը ընդհանրապես կապ չունի կյանքի հետ: Ես կարող եմ փոփոխել դիտակետս, բայց վերջին խոսքը` նրանն է»: 

Կուզենար միայն Կլոդ Սիմոնի պես անվախ լիներ և կրկնվելուց երբեք չվախենար, Պետեր Հանդկեի պես` ամեն տարի մեկ ստեղծագործություն գրեր եւ ունենար Բարոկոյի շրջանի կոմպոզիտորների զգացողությունից:
Իսկ ինչո՞վ է հենց Արամ Պաչյանը առանձնանում մյուս գրողներից: «Ոչ մի բանով,  որովհետև ոչ ոք նման չէ մեկը մյուսին,ասում ու կատակում,- բանան ուտել եմ շատ սիրում` գուցե դրանով»:

Գրելով Պաչյանը կենտրոնանում է, ինչը, իր խոսքով, ոչ մի կերպ չի ստացվում կյանքում. «Ես ուզում եմ, որ ինձ մի փոքր էլ հիշեն: Մտքերի, շարժման, եղածի ու սպասվելիքի կյանքում, ինձ համար ամեն ինչ հպանցիկ է թվում, իսկ երբ նստում եմ գրելու,  կենտրոնանում եմ»:
Սակայն գրելը նրա միակ զբաղմունք չէ. աշխատում է, կարդում եւ երաժշտություն լսում. «Բախին սկզբից մինչև վերջ լսում եմ, հետո նորից գալիս եմ սկիզբ ու նորից»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930