Հունիսի 2-ին Սեւքարի դպրոցում կայացած «ֆիզիկա» առարկայի ավարտական քննությունից 6 շրջանավարտ անբավարար է ստացել: Նրանցից 4-ը արդեն մեկնել են ժամկետային զինվորական ծառայության եւ չեն կարող մասնակցել հուլիսի 2-8-ը կայանալիք վերաքննությանը: Ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահը եղել է դպրոցի ուսմասվար, ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Հովսեփյանը:
Նշենք, որ այլ առարկաների քննություններից շրջանավարտներն անբավարար չեն ստացել: Հասմիկ Հովսեփյանն այդ քննությունից հետո ազատվել է քննական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարուսյա Բալասանյանն ասաց, որ Հասմիկ Հովսեփյանը դպրոցի նախկին տնօրեն Սամվել Ճաղարյանի կողմակիցն է եւ հոգեբանական ճնշում է գործադրել ֆիզիկայի քննություն հանձնած աշակերտների վրա:
Ի դեպ, անբավարար ստացած աշակերտներին Հասմիկ Հովսեփյանը չի դասավանդել: Ֆիզիկայի ավարտական քննությունից «կտրված» 6 շրջանավարտներից 2-ը Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի բարեկամներն են: Նախկինում փաստերով նշել ենք, որ Տավուշի մարզի դպրոցներում բազում խախտումներ կան:
Կարդացեք նաև
Տիկին Բալասանյանն ասաց, որ ներկայումս ֆինանսների նախարարությունը Սեւքարի դպրոցում նախկինում տեղի ունեցած ֆինանսական խախտումների հետ կապված ստուգումներ է կատարում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ