Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքական դաշտը, ոչնչացման եզրին է»,- ասում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը

Հունիս 23,2012 11:52

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության նոր ծրագիրը:

– Կառավարության ծրագրին ծանոթ չեմ, միայն տեղյակ եմ քննարկումների ընթացքին, սակայն չեմ ուզում դրա հիման վրա կարծիք կազմել: Բայց մի բան պարզ է. կառավարությունը հինգ տարի, փաստորեն, խոտանել է տնտեսական ամբողջ համակարգը եւ որեւէ առաջընթաց չի արձանագրել, ընդհակառակը` արտագաղթ, գումարած` սոցիալական լրջագույն խնդիրներ, աղքատության մոտ քառասուն տոկոսի աճ, այդ պարագայում որեւէ նոր բան սպասել շատ բարդ է:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում կառավարության նոր ծրագրի քննարկումների ընթացքը: Գնահատականներ հնչեցին, որ այդ քննարկումները նոր մշակույթ կարող են ներմուծել խորհրդարանի աշխատանքում: Ձեր կարծիքով` նոր ԱԺ-ն եւ դրանում կատարվող գործընթացներն ընդհանուր առմամբ ի՞նչ ազդեցություն կունենան քաղաքական համակարգի վրա:

– Քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական համակարգի կայացման գործընթաց չի կարող լինել այնպիսի մի վարչախմբի պարագայում, ինչպիսին գոյություն ունի այսօր Հայաստանում: Հայաստանում այսօր գործընթացները գնում են դեպի միակուսակցական համակարգի ձեւավորում, պառլամենտը ձեւավորվել է երկու մարդու` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բարի կամքով, հասարակությունը, ժողովուրդը որեւէ ազդեցություն չի ունեցել այս խորհրդարանի ձեւավորման գործում: Ժողովուրդն օգտագործվեց` որպես ապրանք, ով ինչքան կարողացավ` գնեց, գնողներն էլ հիմնականում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն էին, վերջինիս էլ գնելու հնարավորություն տրվեց իշխող վարչախմբի կողմից: Մնացած կուսակցություններին տարբեր առիթներով հնարավորություն տրվեց հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Այսինքն` քաղաքական դաշտը, որպես այդպիսին, ոչնչացման եզրին է, ինչի դրսեւորումը, օրինակ, ակնհայտ է մեր կուսակցության գրասենյակը գրավելու գործընթացի համատեքստում:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ԲՀԿ-ի «միջանկյալ», ինչ-որ առումով` անորոշ կարգավիճակը, մասնավորապես այն, որ ԲՀԿ-ն խուսափեց հայտարարել իր` ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություն լինելու մասին:

– ԲՀԿ-ի մասին ես առիթներ ունեցել եմ կարծիքներ արտահայտել եւ՛ կուսակցական, եւ՛ անձնական համատեքստերում, կարծում եմ` որեւէ բան չի փոխվել. ԲՀԿ-ն ինչպես եղել է վերահսկելի, ուղղորդվող վիճակում, նույնն էլ մնացել է, նա ինքնուրույն որեւէ որոշում ընդունելու կենսունակությունը, կարծեմ, չունի:

– Կոնգրեսի ներսում առկա եւ հնարավոր տարաձայնությունները ինչպե՞ս կանդրադառնան խորհրդարանում ՀԱԿ խմբակցության գործունեության վրա: 

– Գիտեք, նույնիսկ մեկ կուսակցության ներսում հնարավոր են տարբեր կարծիքներ, իսկ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների ներսում սա շատ բնական երեւույթ է: Այս փուլում Կոնգրեսի ներսում տեղի է ունենում գործընթաց, որը կարելի է ընդհանրացնել հետեւյալ հարցով. 2013 թվականին Կոնգրեսը կկարողանա՞ երկրում իրավիճակ փոխել, թե՞ ոչ: Եթե ներկոնգրեսական մեր տարակարծությունները հաղթահարվեն, լուծումները գտնվեն, ուրեմն 2013 թվականին հույսներս չենք կորցնի, իսկ եթե` ոչ, կունենանք այն, ինչ ունեցանք 2012 թվականի մայիսին:

– «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակի շուրջ կատարվող գործընթացների մասին խոսելիս նշել էիք, որ վարձակալության պայմանագրի չվերակնքման թիկունքում բարձրաստիճան պաշտոնյա է կանգնած: Կհրապարակե՞ք նրա անունը: 

– Ես քաղաքական դաշտում նոր մարդ չեմ, իմ խոսքը միշտ եղել է փաստարկված, ես չեմ ուզում վաղաժամկետ ինչ-որ բաներ ասել, բայց կարծում եմ, որ մինչեւ սեպտեմբեր հստակ գործընթացներ կլինեն` կապված գրասենյակի հետ: Եթե իշխանությունները կոնկրետ հետեւություններ չանեն եւ օրենքով սահմանված կարգով տարածք չտրամադրեն, ապա ամբողջ պատասխանատվությունը հենց իրենց վրա կընկնի, իսկ թե ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է աչք տնկել այդ տարածքի վրա, ապագան ցույց կտա, եւ նա չի կարող յուրացնել այդ տարածքը, որովհետեւ դա մարդ-կուսակցությունից առգրավված տարածք չէ, դա կայացած կուսակցությունից առգրավված տարածք է, որեւէ պաշտոնյա, անկախ այն բանից, թե ո՞ր կլանի ներկայացուցիչ է, ի՞նչ ունեցվածք ունի, ի՞նչ քանակությամբ սափրագլուխներ ունի, չի մարսի դա:

Մարիամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

168 ԺԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930