Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագիտական» պատվովճարների հարցն առկախ է

Հունիս 23,2012 11:49

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած ՀՀ վաստակավոր արտիստի եւ գործչի պատվավոր կոչումներ ստացած արվեստագետներից ոմանք դժգոհություն են հայտնում այն առթիվ, որ մինչ օրս մեր երկրում կանոնակարգված չէ պատվովճարների սահմանման կարգը: Մեր զրուցակիցներից մեկ-երկուսը պնդում էին, թե խորհրդային տարիներին վաստակավոր արտիստները ստանում էին պատվովճարներ: Մենք ճշտեցինք, որ նման բան չի եղել, սակայն գոյություն է ունեցել աշխատավարձերի տարբերակում, ինչն էլ ընկալվել է որպես պատվովճար: Այսօր մշակութային ոլորտի ցածր աշխատավարձերի պայմաններում (միջինը՝ 35-40 հազար դրամ) խնդիր է առաջանում պետության առջեւ բարձրացնել արվեստի վաստակավոր գործիչների ու արտիստների պատվովճարների հարցը, միաժամանակ հարցը կարգավորել օրենսդրական կամ ենթաօրենսդրական դաշտում:

Տարիներին վաստակ ունեցող մեր զրուցակիցները կարծում են, որ ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովը մեծ անելիք ունի այս առումով: Նրանց խոսքերով՝ չունենալով մշակույթի մասին օրենք, չկան նաեւ կարգավորող մեխանիզմներ պատվավոր կոչումների շնորհման, տարբերակման եւ արտոնությունների սահմանման մասին:

2005թ. ՀՀ ժողովրդական արտիստ կոչման համար սահմանվեց պատվովճար, սկզբում՝ 28000 դրամ, ապա այն վերաճեց 41000-ի: Սա ինչ-որ չափով նպաստում է սոցիալական արդարության հաստատմանը, արվեստագետի վաստակի գնահատմանը՝ նաեւ ֆինանսական գծով: Ճիշտ է, խորհրդային տարիներին ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ կոչումների համար պատվովճարներ չկային, սակայն ստեղծված էր արտոնությունների լայն դաշտ՝ կոմունալ վճարների զեղչ, տարվա ընթացքում մեկանգամյա անվճար հեռավոր ուղեւորություն, անվճար երթեւեկության իրավունք ներքաղաքային տրանսպորտով, հատուկ բուժօգնություն 4-րդ գլխավոր (լեչկոմիսիա) հիվանդանոցում եւ այլն: Բացի սա, ժողովրդական արտիստները կենսաթոշակի անցնելիս համարվում էին անհատական թոշակառուներ՝ ստանալով ամսական 150 ռուբլի թոշակ, պահպանելով արտոնությունները: Ի դեպ, վերջինից օգտվում էին նաեւ ընտանիքի անդամները: Այսօր, բացի ժողովրդական արտիստ պատվովճարից,  արտոնություններ նախատեսված չեն, աշխատավարձերն էլ պայմանավորված են պետության կողմից սահմանված աշխատավարձի ստանդարտ չափով, ինչպես նաեւ տնօրենների բարի կամքի դրսեւորմամբ: Վաստակավոր արտիստների աշխատավարձն էլ է կախված տնօրեններից եւ տվյալ մշակութային օջախի արտաբյուջետային հնարավորություններից:

Հարգելով մեր զրուցակիցների վաստակը՝ իրենց խնդրանքով չենք հրապարակում անունները, բայց, այնուամենայնիվ, կրկին նշենք, որ հարցն իսկապես առկախ է մնացել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930