Հարցազրույց քաղաքագետ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հետ
– Ինչպիսի՞ն կլինեն, ըստ Ձեզ, ադրբեջանա-ռուսական հարաբերությունները Վ. Պուտինի երկրորդ նախագահության շրջանում:
– Կարծում եմ, որ այդ հարաբերություններն էապես չեն փոխվի: Պետք չի մոռանալ, որ 90-ական թվականների վերջին Վ. Պուտինի իշխանության գալուց հետո հաղթահարվեց ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խորթացումը եւ բեկում մտցվեց դրանց լավացման ուղղությամբ: Այնպես որ, անձնական մակարդակում Ալիեւի ու Պուտինի միջեւ կոնտակտներ հաստատվել են վաղուց, եւ կարծում եմ, որ նրանք կկարողանան շարունակել դրանք փոխադարձ հարգանքի ձեւաչափով:
Կարդացեք նաև
Այսօր մեր պետությունների միջեւ անտագոնիզմ չկա: Պաշտոնապես Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Աճում է փոխադարձ առեւտրի ծավալը: Ավանդաբար, բարձր մակարդակում, աջակցություն է ստանում հումանիտար համագործակցությունը: Վերջերս, հաշվի առնելով միջազգային քաղաքականության մեջ Բաքվի աճած դերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անդամությունը, բարձրացել է դիվանագիտական երկխոսության եւ փոխգործակցության մակարդակը: Կողմերը համագործակցում են Կովկասում ահաբեկչական սպառնալիքները եւ կրոնական էքստրեմիզմը ճնշելու եւ չեզոքացնելու հարցում:
Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում նոր տարր դարձավ ռազմատեխնիկական համագործակցությունը: ԱՊՀ երկրների համեմատ Ադրբեջանն առաջին եւ հավանաբար միակ վճարունակ գործընկերն է ռազմական գնումների ծավալի հարցում: Անցած տարի Ռուսաստանը տրամադրեց մեզ
C-300 «Ֆավորիտ» տեսակի հակաօդային պաշտպանության երկու ժամանակակից դիվիզիոն: Հիմա ընթացքի մեջ է M-35 ուղղաթիռների, ժամանակակից զրահամեքենաների եւ այլ զինատեսակների մի մեծ մասնաբաժնի տրամադրման գործընթացը: Մի խոսքով, ադրբեջանա-ռուսաստանյան հարաբերությունները կայուն են եւ առաջ են գնում աճման կարգով:
Դա չի նշանակում, որ մեր երկրների միջեւ հարաբերություններում խնդիրներ չկան: Դեռեւս բաց է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի՝ Ռուսաստանի կողմից վարձակալման ժամկետը երկարացնելու հարցը: Տրամաչափորեն տարբեր են կողմերի մոտեցումները տրանսկասպյան խողովակաշարերի հարցում: Եվ, վերջապես, Բաքուն ամբողջովին համաձայն չի ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի բռնած դիրքորոշման հետ:
Կարծում եմ, որ Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականությունը, Մոսկվայի կողմից ձեւավորվող տնտեսական եւ քաղաքական կառույցներին (Միասնական տնտեսական միություն, Մաքսային միություն, Եվրասիական միություն) չմիանալը դժվար թե Մոսկվայի սրտով լինի: Բայց ռուսաստանյան ղեկավարությունը ստիպված է լինելու հաշվի նստել Բաքվի աճած ուժի եւ վստահության հետ: Չէ՞ որ անցած տասնամյակի ընթացքում ամրացել է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Ադրբեջանը:
– Ի՞նչը կարող է արմատապես փոխել ղարաբաղյան ստատուս-քվոյի նշանակությունը Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար: Կարո՞ղ է, արդյոք, Պուտինը Ղարաբաղյան հարցում այլ քաղաքականություն նախընտրել:
– Ղարաբաղյան կարգավորման հարցում համանախագահ երկրների շահերը համընկնում են ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու հարցում: Մնացած ամեն ինչում միջնորդ երկրներից յուրաքանչյուրն այնպիսի լուծում է նախընտրում,
որ ամուր կերպով կկապի իրեն եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին:
Այս իմաստով արեւմտյան երկրներն առաջ են տանում եվրաինտեգրումը, որպես լայն ձեւաչափ, որի շրջանակներում փորձում են տարրալուծել ղարաբաղյան խնդիրը: Իսկ Ռուսաստանը կարող է փոխել Ղարաբաղյան հակամարտությունում իր քաղաքականությունը եւ ավելի ընկալունակ դառնալ Բաքվի դիրքորոշումների նկատմամբ, եթե Ադրբեջանը լիովին վերադառնա Մոսկվայի ազդեցության ոլորտը: Հայաստանը հիմնավոր եւ ամուր է կապված Ռուսաստանին:
Ադրբեջանի համար սա անընդունելի է, քանի որ Մոսկվայի կողմից կառուցվող տնտեսական ու քաղաքական միությունների սահմաններից դուրս են մնում մեր առաջնահերթ գործընկերները՝ Թուրքիան ու Վրաստանը, որոնց տարածքներով են անցնում մեր բոլոր էքսպորտային խողովակաշարերն ու տրանսպորտային հաղորդակցությունները: Համ էլ ոչ մի վստահություն չկա, որ ղարաբաղյան կարգավորման մեջ հայերի կողմից արված զիջումները, որոնք Մոսկվան կարող է պոկել հայերից, արժեն կամավոր կերպով Մոսկվայի վասալը դառնալուն:
– Ադրբեջանական կողմի համար ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Իրանի շուրջ կոնֆլիկտի էլ ավելի սրացումը, հատկապես պատերազմի սկսման դեպքում: Կա՞ն արդեն հիմա Ադրբեջանի վրա իրանական ճգնաժամի ազդեցության նախանշաններ:
– Նման նեգատիվ զարգացման հետ կապված սպառնալիքների մասին արդեն շատ է խոսվել: Դա եւ փախստականների հնարավոր հոսքն է, եւ տնտեսական հետեւանքները: Մեծ հավանականությամբ կխախտվեն Իրանի տարածքով հաղորդակցությունները, ինչպես Պարսից ծովում Բանդարաբադ նավահանգստից բեռների առաքման, այնպես էլ Նախիջեւան ուղղվող տրանզիտի համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ անկյուն քշված իսլամիստական ռեժիմը կարող է իռացիոնալ կերպով հարվածել բոլոր այն ուղղություններով, որոնք հասանելի կլինեն նրա ռազմական մեքենայի համար: Թեհրանն ի վիճակի չէ շոշափելի վնաս հասցնելու Իսրայելին ու ԱՄՆ-ին: Այդ պատճառով Իրանը սպառնում է արգելափակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային էքսպորտի 40%-ը, սպառնում է հարված հասցնել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Էմիրությունների եւ Կատարի նավթարդյունահանման օբյեկտներին եւ տերմինալներին: Իրանի պոտենցիալ թիրախների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանի նավթային ենթակառույցները: Չնայած բազմաթիվ այն հավաստումներին, որ մեր երկրի տարածքից Իրանի դեմ ուղղված թշնամական գործողություններ թույլ չեն տրվի, Թեհրանն այնուամենայնիվ արտահայտում է իր անվստահությունն ու չի թաքցնում սպառնալիքները:
Ադրբեջանի ու Իրանի միջեւ հարաբերությունները հեռու են բարիդրացիական համարվելուց: Մենք ստիպված ենք հավելյալ միջոցներ ձեռնարկելու մեր տնտեսական ու քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը (առաջին հերթին օդից եւ ծովում), թշնամական գործողությունների դեպքում, ապահովելու համար: Միաժամանակ մեր դիրքորոշումն ակտիվորեն կոորդինացնում ենք մեր ռազմաքաղաքական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ: Պատահական չէ, որ Իրանի հետ հարաբերությունների կտրուկ վատացման ֆոնին մեկը մյուսի ետեւից Բաքու են ժամանում Թուրքիայի բանակի տարբեր զինուժերի ղեկավարները՝ անվտանգության բնագավառում գործողությունների կոորդինացման համար: Թեհրանը լավ գիտի, որ Ադրբեջանի դեմ թշնամական գործողությունների դեպքում, նա իր դեմ կտեսնի ոչ միայն Արեւմուտքին, այլեւ՝ Թուրքիային, Պակիստանին եւ նույնիսկ՝ Ռուսաստանին:
– Ինչպե՞ս են Ռուսաստանում եւ Թուրքիայում վերաբերվում Իրանին հարվածելուն, որքանո՞վ է իրական այդ հարվածն այսօր, եւ ինչպե՞ս կվարվեն այդ պարագայում Ռուսաստանն ու Թուրքիան:
– Ռուսաստանն ու Թուրքիան նախազգուշացնում են Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հարցում: Ադրբեջանը կիսում է այդ դիրքորոշումը: Սակայն, եթե Իսրայելն ու ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, գնան Իրանի միջուկային օբյեկտները ռմբահարելու քայլին, ապա ոչ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան Իրանի կողմից հակամարտության մեջ խրվել չեն ուզենա: Կսահմանափակվեն բողոքներով: Մոսկվան չի թաքցնում, որ այդ դեպքում նա կփորձի վերականգնել Հարավային Կովկասի նկատմամբ իր ռազմական վերահսկողությունը: Բարձրաձայնվում են Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի հետ հաղորդակցության համար Վրաստանով «միջանցք բացելու» ծրագրերի մասին: Չեմ բացառում, որ ռազմական պահանջներ կներկայացվեն նաեւ Ադրբեջանին (օդանավակայանների, ռազմանավերի կայանատեղերի տրամադրում եւ այլն): Հարավից ու հյուսիսից հենց այսպիսի ռիսկերի եւ սպառնալիքների չեզոքացման համար Իրանի հարցում մենք պետք է առավելագույնս շրջահայաց լինենք եւ համաձայնեցնենք մեր գործողությունները Թուրքիայի ու Պակիստանի հետ: Հիմա մենք դա էլ անում ենք:
«Առավոտ» օրաթերթ