Հայաստան-Ադրբեջան-2012. կարծիքներ ու մեկնաբանություններ
Հայ-ռուսական եւ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման, Իրանի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների, Հայաստանի եւ Ադրբեջանի վրա այդ պատերազմի հնարավոր ազդեցությունների մասին են խոսում հայ եւ ադրբեջանցի մասնագետները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Թուրքիայի համար Իրանի պատերազմը հնարավորություն է իր գինը բարձրացնելու ԱՄՆ-ի աչքերում
Կարդացեք նաև
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ
– Ինչպիսի՞ն կլինեն, ըստ Ձեզ, հայ-ռուսական հարաբերությունները Վ. Պուտինի երկրորդ նախագահության շրջանում:
– Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ ընտրություն է անում ինքը՝ Պուտինը: Կարծում եմ, Ռուսաստանում վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքներն ավելի քան ձեռնտու են ամերիկա – բրիտանական տանդեմին, քանի որ Ռուսաստանում առկա իրավիճակի պատճառով, նրա հետագա մերձեցումը ԵՄ-ի ֆրանկո-գերմանական առանցքի հետ դժվար թե արդեն կարողանա ռազմավարական գործընկերության սպառնալի տեսք ստանալ: Ռուսաստանը ազատ նավարկության է բաց թողնվել եվրասիական տարածությունների «վայրի ջրերում»: Անգլո-սաքսոնների, իսկ հիմա նաեւ ողջ ԵՄ – ի համար, Ռուսաստանը պետք է մնա ֆիզիկապես ուժեղ, իսկ հոգեւոր ու ինտելեկտուալ, եւ հետեւաբար՝ տնտեսական եւ իրավական առումներով՝ չհասունացած մի պետկազմավորում, որը չի հասնի Արեւմուտքին, բայց, անհրաժեշտության դեպքում, նրա իսկ դրդմամբ, կկարողանա դիմանալ Չինաստանի հետ ցանկացած առճակատման (եթե, իհարկե, նման առճակատման նախաձեռնության կարիք լինի): Այսպիսով Պուտինը կանգնած է ընտրության առջեւ՝ կատարել այն դերը, որին նա արդեն մասամբ ընտելացել է, թե Ռուսաստանի համար այլ խորշ գտնել, որտեղ երկիրը կունենա հնարավորություն շունչ քաշելու, հետագայում առանց կոնֆլիկտների եւ արագ զարգացման համար մրցունակ եւ ամուր աշխարհայացքային հիմք ձեռք բերելու համար: Այսօր ակտիվորեն առաջ մղվող Եվրասիական միության մասին գաղափարն այս խնդիրը ոչ մի կերպ չի լուծում եւ ներդաշնակում է արեւմտյան սցենարներին: Հարավային Կովկասի, հետեւաբար՝ նաեւ Հայաստանի ճակատագիրը մեծապես կախված է Ռուսաստանի՝ իր ճանապարհի ընտրությունից:
– Ի՞նչը կարող է արմատապես փոխել ղարաբաղյան ստատուս-քվոյի նշանակությունը Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար: Կարո՞ղ է, արդյոք, Պուտինը Ղարաբաղյան հարցում այլ քաղաքականություն նախընտրել:
– 1992-ից տարվող ռուսաստանյան քաղաքականությամբ խնդիր էր դրվում վերականգնելու ռուսական ռազմավարական ներկայությունը ամբողջ Հարավային Կովկասում: Վրաստանը կորցնելուց հետո, ինչը տեղի ունեցավ նախագահ Սահակաշվիլու օրոք երկրի քաղաքական կուրսի շեշտակի փոփոխության պատճառով, Ռուսաստանի համար միանգամից բարձրացավ Ադրբեջանում իր ռազմա-քաղաքական ներկայությունը վերականգնելու գինը: Դրա դիմաց՝ որպես փոխհատուցում, Ռուսաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: Ադրբեջանի հրաժարումը, եթե Ռուսաստանը չգտնի նոր, գլոբալ քաղաքական լուծումներ, կնպաստի, որպեսզի Ռուսաստանը հավատարիմ մնա գոյություն ունեցող ստատուս քվոյին: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ԵՄ-ի քաղաքականությունն ավելի շուտ նպաստում է, որ Ադրբեջանը չընդունի հակամարտության կարգավորման ռուսական սխեմաները, ինչը նույնպես ենթադրում է առայժմ ստատուս քվոյի պահպանում:
– Հայկական կողմի համար ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Իրանի շուրջ կոնֆլիկտի էլ ավելի սրացումը, հատկապես պատերազմի սկսման դեպքում: Կա՞ն արդեն հիմա Հայաստանի վրա իրանական ճգնաժամի ազդեցության նախանշաններ:
– Եթե արեւմտյան հանրությունը, Թուրքիան եւ Իսրայելը որոշում ընդունեն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակահարմարության մասին, ապա դա կարող է հանգեցնել Եվրասիական մայրցամաքում դեռեւս պահպանվող աշխարհաքաղաքական հավասարակշռության գլոբալ խախտմանը: Կարծում եմ, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, Իրանը ռազմավարական իմաստով շահագրգռված կլինի, որ մաքսիմալ խնդիրներ ստեղծի իր հակառակորդների համար եւ ընդլայնի ռազմական գործողությունների թատերաբեմը՝ ռազմական բախումներ ակտիվացնելով Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Սուդանում, Եգիպտոսում եւ այլ երկրներում: Իրանը հատուկ ուշադրության տակ է պահելու Ադրբեջանին, որը հյուսիսից Իրանին հարվածելու համար պոտենցիալ հարթակ է: Ամենաքիչը, ինչ կարող են անել Չինաստանը եւ Ռուսաստանը Իրանի համար, դա դրական չեզոքություն պահպանելն է: Սա, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ ռուսները կպնդեն, որ Հայաստանն էլ չմասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին: Եվ չնայած, որ իրանական ճգնաժամը տեսանելիորեն դեռեւս չի անդրադառնում մեր երկրի կյանքի վրա, այնուամենայնիվ, Հայաստանը եւ Արցախը պետք է պատրաստ լինեն, որ իրենց կստիպեն կատարել սահմանափակ կամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ կապված հնարավոր իրանա-ադրբեջանական ռազմական առճակատման հետ: Ամեն դեպքում, պատերազմն Իրանում ծանր փորձություն կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
– Ինչպե՞ս են Ռուսաստանում եւ Թուրքիայում վերաբերվում Իրանին հարվածելուն, որքանո՞վ է իրական այդ հարվածն այսօր, եւ ինչպե՞ս կվարվեն այդ պարագայում Ռուսաստանն ու Թուրքիան:
– Իրանի դեմ արդյունավետ եւ կործանարար հարձակումն, անկասկած, կթուլացնի Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Ռուսաստանի շահերին ակնհայտ քաղաքական ու էական նյութական վնաս կհասցվի, եւ հետեւաբար, կարծում եմ, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Իրանի դեմ ռազմական սցենարը չիրականացվի: Թուրքիայի համար իրանական պատերազմը որոշակի ռիսկերի հետ մեկտեղ (քրդական գործոնի ակտիվացում, փախստականներ եւ այլն) կարող է պարունակել նաեւ որոշ դրական հեռանկարներ, այն է՝ մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում եւ ելք բացել Թուրքիայի համար Հյուսիսային Իրանից դեպի Կենտրոնական Ասիայի տարածաշրջան: Թուրքիայի համար Իրանական պատերազմը լավ հնարավորություն է եւս մեկ անգամ իր գինը բարձրացնելու ԱՄՆ-ի եւ իր մյուս, ինչպես բացահայտ, այնպես էլ թաքնված բարեկամների աչքերում: Եվ եթե Ռուսաստանը Իրանի հանդեպ պահպանի առնվազն դրական չեզոքություն, ապա Թուրքիան կարող է այս կամ այն չափով մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին, տարբեր քաղաքական արտոնություններ եւ հատկապես նյութական շահ ստանալու հույսով: