Նախագահը կադրերին չի փոխում, վարչապետը` սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Երկուսը միասին` չեն ուզում փոխել հասարակությունը:
Սա պահպանողականություն չէ, որովհետև պահպանողականությունը չի մերժում փոփոխությունը, եթե դրանք չեն ժխտում արժեքները: Ոչինչ չփոխելու այս մոտեցումը գալիս է ցանկացած նորի նկատմամբ առկա անվստահությունից, դրանից ծնված վախից: Որովհետև այն, ինչ նոր է, նաև անկանխատեսելի է: Եվ համարձակություն է պետք` այդ ռիսկին գնալու համար: Միշտ էլ հեշտ է շախմատ խաղալ հին ծանոթի հետ, որովհետև նա ունի ծանոթ խաղաոճ, հետևաբար ավելի կանխատեսելի է և քիչ հավանական է, որ անակնկալներ կմատուցի: Իսկ որքան կանխատեսելի, այնքան` կառավարելի:
Նախագահը ձգտում է կառավարել ոչ թե ելնելով իր կադրերի պրոֆեսիոնալ որակներով կամ կամային հատկանիշների վրա հենվելով, այլ` բացառապես նրանց հավատարմության նկատմամբ հավատով: Եթե հավատաց որևէ մեկի` իրեն նվիրվածությանը, նրան կների ամեն ինչ: Իշխանությունը ոչ թե վախ, այլ ֆոբիա ունի ամեն նորի, փոփոխության նկատմամբ: Դրա շունչը զգացվում է ամենուր, անգամ` կառավարության գործունեության ծրագրում:
Արդյունքում ունենում ենք մի փակ տարածություն` նույն մարդկանցով, աշխատելու նույն մեթոդներով, նույն չհաղթահարվող առաջնայնություններով: Եթե ոմանց համար այդ տարածությունը ինքնաիրացման միակ միջավայրն է, մյուսների համար սա գերեզմանային անշարժություն է: Հիմա բոլորս ցանկացած նորի հանդեպ կառավարող ֆոբիայի գերին ենք:
Կարդացեք նաև
«Երկիր»