Լրահոս
Օրվա լրահոսը

Բուռն քննարկումները խորհրդարանում միանգամայն բնական էին

Հունիս 23,2012 10:04

Հարցազրույց Հանրապետական խորհրդարանական խմբակցության քարտուղար  Հովհաննես Սահակյանի հետ

-Պարոն Սահակյան, խորհրդարանում կառավարության ծրագիրը ստացավ ոչ այնքան մասնագիտական, որքան քաղաքական գնահատական: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։
-Կառավարության գործունեության ծրագրի քննարկումները բոլոր առումներով բուռն էին: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ նորընտիր Ազգային ժողովը գումարել էր իր առաջին նստաշրջանը, եւ ընդդիմադիր խմբակցություններն իրենց դիրքորոշումներն ու վերաբերմունքն էին արտահայտում ոչ միայն քննարկվող հարցի, այլեւ իշխանության նկատմամբ:
Միաժամանակ գործադիր իշխանության հնգամյա աշխատանքի ծրագիրը ինքնին կարեւորագույն փաստաթուղթ է, ուստի չէր կարող կրքեր չառաջացնել:
Մենք հեռու են մտքից, թե խորհրդարանական մեծամասնությունը, կառավարությունը թերություններ չունեն, ապահովագրված են սխալներից եւ ընդդիմության քննադատության կարիքը չեն զգում: Բայց ցավալի է, որ մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներից շատերը ոչ թե քննադատական էին, այլ ներկայացնում էին իրենցից քննարկման տրամաբանությանն ու բնույթին չհամապատասխանող բառապաշարով մտավարժանքներ:
Միաժամանակ ողջունելի է, որ մեր ընդդիմախոսները նաեւ ազատորեն արտահայտում էին իրենց տեսակետները եւ հենց ընդդիմադիր դաշտում ապահովում բազմակարծություն: Ցանկալի է, որ այսուհետ եւս ընդդիմադիր լինելը չփաստվի միայն սուր քննադատությամբ, այլ ուղեկցվի նաեւ կառուցողական առաջարկներով:
-Քվեարկության արդյունքները արտահայտեցի՞ն ԲՀԿ-ի «խիստ կառուցողական, հավասարակշռող» կեցվածքը:
-Հավանաբար շատ պատգամավորներ կառավարության գործունեության ծրագիրը շփոթեցին պետական տարեկան բյուջեի ծրագրի հետ, որում մանրամասնորեն ներկայացվում է ոչ միայն կառավարության նախատեսած ամեն մի գործողության ծախսային մասը, այլեւ այն իրագործելու կոնկրետ մեխանիզմը: Նոր կառավարությունը ներկայացրել էր իր գործունեության փիլիսոփայությունը, քաղաքականությունը, մոտեցումները, որոնցով առաջիկա 5 տարիներին պետք է լուծի առկա խնդիրները:
Չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչու ԲՀԿ-ն չդրսեւորեց կառուցողական ու հավասարակշռող կեցվածք:
ԱԺ կանոնակարգ-օրենքը պահանջում է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում բոլոր խմբակցությունները հայտարարեն՝ որ դաշտում են գործելու՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: Մենք տեսանք, որ չնայած այս պահանջին, նման հայտարարություն արեցին միայն երեք քաղաքական թիմեր՝ Դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը: Հանրապետականը եւ ՕԵԿ-ը մինչ այդ կոալիցիոն համաձայնագիր էին ստորագրել եւ հայտարարել էին այդ մասին: Մինչդեռ ԲՀԿ քաղաքական թիմը չհստակեցրեց, թե քաղաքական դաշտի խճանկարում որն է իրենց տեղը:
Հավանաբար ապագան ամեն ինչ կբացահայտի: Նախեւառաջ այդ քաղաքական ուժը իր համար պետք է որոշի, թե ինչ դիմագիծ է ունենալու, որ ճանապարհով է առաջ գնալու: Հիմա մի փոքր անորոշություն է, քանի որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չմտավ, չմասնակցեց կառավարության ձեւավորմանը, սակայն դեռ ԲՀԿ-ին գնահատելու ժամանակը չէ, քանի որ նրանք չեն հայտարարել, որ գործելու են ընդդիմադիր դաշտում:
Ճիշտ է, ԲՀԿ-ական շատ գործիչներ ասել են, թե լինելու են կենտրոնում, կառուցողական դիրքորոշում են ունենալու, բայց դա նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանում չտեսանք: Եզրահանգումներ հնարավոր կլինի կատարել առաջիկա համատեղ խորհրդարանական աշխատանքի ընթացքում, ուստի ժամանակ է պետք:
-Այս նստաշրջանը չտվե՞ց նման հնարավորություն:
-Մեկ, այն էլ առաջին քվեարկությունից եզրակացություններ անելու կարիք էլ չկա: Կան ավելի կարեւոր խնդիրներ: Քաղաքակիրթ ու ժողովրդավարական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ներկայացված են քաղաքական կյանքում ակտիվ ու ազդեցիկ դերակատարում ունեցող բոլոր ուժերը: Թեեւ խորհրդարանում եղան նաեւ միտինգային, քննարկվող հարցին չառնչվող ելույթներ, բայց փաստ է, որ մեզ հաջողվել է ձեւավորել քաղաքական նոր մշակույթ։
Քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել քննադատություն եւ հաշվի առնել բոլոր առողջ մտքերը, ինչը նշանակում է, որ կարեւոր էլ չէ, թե որ խմբակցությունը քանի անդամ ունի: Սա ուժեղի հոգեբանություն է: Մենք գիտակցում ենք, որ ուժեղ իշխանություն դեռ չի նշանակում ուժեղ պետություն: Դրա համար մենք ուզում ենք ունենալ ուժեղ, ակտիվ, իր դիրքորոշումն արտահայտող ընդդիմություն:
-Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն է ձեւավորվելու: Դա նշանակո՞ւմ է, որ կառավարության գործունեության ծրագիրը թեեւ հնգամյա է, բայց ուժի մեջ է լինելու միայն 8 ամիս:
-Կառավարության ծրագիրը մշակվել է երկրի նախագահի, Հանրապետական կուսակցության եւ մեր կոալիցիոն դաշնակից «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիման վրա: Նախագահական ընտրություններից հետո այս ծրագրերը չեն փոխվելու, ուստի կառավարության ծրագիրը կարող է լրացվել, բայց էականորեն չի կարող փոխվել: Օրերս նաեւ հանրապետության նախագահը հաստատեց, որ կառավարությունը ձեւավորվել է 5 տարվա համար, բայց դա չի նշանակում, թե որեւէ նախարար կամ պաշտոնյա պետք է շարունակի պաշտոնավարել, եթե ձախողի կամ թերանա կատարել իր առաջադրանքը:

Գեվորգ Հարությունյան

armworld.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930