Նրանց նպատակը վարչապետին չեզոքացնելն է
Կառավարության նոր ծրագրի բուռն քննարկումն Ազգային Ժողովում որպես քաղաքական գործընթաց բնականոն ու նորմալ կարելի էր համարել: Սակայն քննարկման ընթացքը եւ բովանդակությունը մի կողմից զավեշտալի էին, մյուս կողմից` անընդունելի:
Զավեշտալի էր, քանի որ կառավարության նոր ծրագիրը ներկայացնող վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրում էին մեր երկրի անցած 20 տարիների բոլոր մեղքերի մեջ: Դատախազական կեցվածք ընդունածները, իշխանության կողմից հավելյալ մեկ տոկոս նվեր ստանալու շնորհիվ խորհրդարանում հայտնվելով, ինքնամոռացման գիրկն ընկած, այնքան էին ոգեւորվել, որ մի պահ կարող էր թվալ, թե նրանք իսկապես մտահոգված են ժողովրդի դարդ ու ցավերով: Պատկերացնո՞ւմ եք, երկրի արդյունաբերությունը քարուքանդ անող նախկին վարչապետը կամ ընտրությունների կեղծման համակարգի հիմնադիր նախկին ԿԸՀ փոխնախագահը, որն ապա զինվորական դատախազ դարձավ, մտածում են ժողովրդի սոցիալական վիճակի, աղքատության եւ արտագաղթի մասին: Իսկապես որ անեկդոտի պես է հնչում:
Զավեշտ էր նաեւ նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ականների հախուռն քննադատությունը, գործընկերներ, որոնց ներկայացուցիչները ղեկավարել են բյուջեի ամենամեծ ծախսերն ունեցող նախարարությունները` աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, քաղաքաշինության, երիտասարդության եւ սպորտի: Վարչապետ չդարձած նախկին արտգործնախարարը, ՀՀՇ-ական գլխավոր թերթի նախկին լրագրողուհին եւ մյուսները ոչ առանց իրենց առաջնորդի խրախուսման, հանկարծ սկսեցին քննադատել կառավարության գործունեությանը, որի անդամն են ընդամենը մեկ ամիս առաջ եղել իրենց կուսակցության ներկայացուցիչները 5 տարի շարունակ: Այդ 5 տարիներին, կառավարության աշխատանքը լուսաբանող լրագրող լինելով, չեմ հիշում, թե նրանցից որեւէ մեկը սկզբունքային դիրքորոշում ունենար կառավարության հավանությանն արժանացած որեւէ հարցի առնչությամբ եւ, ի նշան անհամաձայնության, դուրս գար կառավարությունից կամ քննադատեր վարչապետին եւ կառավարության անդամ իրենց մյուս գործընկերներին:
Կարդացեք նաև
Անընդունելի էր, երբ կառավարության նոր ծրագրի քննարկումը վերածվում էր հերթական ամբոխավարական հանրահավաքի, որտեղ կարելի է ասել ամեն ինչ: Անձնական մեղադրանքները եւ զրպարտություններն ուղղված էին կոնկրետ մի մարդու` Տիգրան Սարգսյանի դեմ:
Զարմանալ կարելի էր այդ ամենի նկատմամբ նրա կեցվածքից: Վարչապետի հանդուրժողական վերաբերմունքն ու հորդորըՙ զերծ մնալ նման գործելաոճից, հերթական անգամ ապացուցեցին, որ ճշմարիտը նա չէ, ում ձայնն ամենից բարձրն է եւ որ հայհոյանքը ընդամենը փաստի սով է:
Անընդունելի էր նաեւ, որ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները առանձնապես տոգորված չէին պաշտպանելու իրենց կուսակցությունը ներկայացնող կառավարությանն ու վարչապետին: Մի տեսակ ալարելով, առանց ճիգ ու ջանքի, հերթապահ խոսքերով, այսպիսին էին նրանց ելույթները: Այդ կուսակցության մեջ ներգրավված տարասեռ զանգվածն այդպես էլ չհասկացավ, որ կառավարության գործունեության հաջողությամբ է պայմանավորված իրենց պատգամավոր ընտրվելու կամ վերընտրվելու հնարավորությունը, եվ ընդհակառակը, եթե կառավարությունը չհաջողվի` ոչ մի ընտրակաշառք չի օգնի նրանց: Նրանք չհասկացան, որ իրենց մեծ մասը հայտնվել է պատգամավորական աթոռներին, քանի որ կուսակցական ցուցակի առաջին եռյակի մեջ նաեւ Տիգրան Սարգսյանի անունն է եղել: ՀՀԿ-ն ընտրողներից գերակշիռ մասը ոչ ծանոթ է ցուցակի մյուս անդամներին, ոչ էլ նրանց է կարեւորել, շատերը առաջնորդվել են նրանով, որ կառավարությունը կշարունակի ղեկավարել միջազգային տնտեսական գործընթացներին լավատեղյակ եւ Հայաստանի տնտեսության ներկան ու ապագան պատկերացնող մարդ:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին ըստ էության, ապա նույն խորհրդարանական քննարկումների ժամանակ ոչ ոք չմատնանշեց այդ ծրագրի այն մասերը, որոնք իսկապես ստերեոտիպեր ջարդող են: Մենք արդեն անդրադարձել ենք դրանց: Օրինակ, տնտեսության իրական հատվածի` արդյունաբերությանը եւ գյուղատնտեսությանը տրվող առաջնահերթությունը: 90-ականներից ի վեր, երբ ՀՀՇ-ական իշխանությունները ջանասիրաբար ոչնչացրին մեր արդյունաբերությունը եւ, ըստ ՄԱԿ-ի եւ ՀԲ-ի տվյալների, շուրջ 600 հազար աշխատատեղ փակվեց, ոչ մի կառավարություն չէր հայտարարել արդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին եւ այդ ճյուղին պետական աջակցություն նախատեսող հատուկ ծրագիր չէր ներկայացրել:
Ժողովրդագրական աղետի մասին հարայ-հրոց բարձրացնողնեը, որոնց իշխանության տարիներին Հայաստանը 700 հազարից 1 մլն մարդ լքեց, ոչինչ չեն ասում կառավարության ծրագրում ծնելիությունը խրախուսող քայլերի մասին: Չէ՞ որ դարձյալ անցած 20 տարիների ընթացքում ոչ մի կառավարություն գումարներ չէր հատկացնում այդ նպատակով: Ասենք, կարող էր, չէ՞, մեկնումեկն ըստ էության առաջարկ ներկայացնել: Ենթադրենք` առաջարկեր 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում, բացի միանվագ 430 հազար դրամի փոխարեն արդեն 1 մլն դրամ տալուց, նրանց ամսական նպաստ, 18 հազար դրամի փոխարեն 30 հազար դրամ սահմանել: Այսինքն, դրանով պետությունը, նորածին 3-րդ եւ 4-րդ երեխաների հոգսը, առնվազն մինչեւ նրանց 2 տարեկան դառնալը, կվերցներ իր վրա, ինչի դրական արդյունքները կզգացվեին ծնելիության ցուցանիշի վրա: Սակայն ոչ, նման «մանրուքներ» ընդդիմադիր եւ «այլընտրանք» քաղաքական ուժերին չեն հետաքրքրում: Նրանց անհրաժեշտ է ամեն գնով չեզոքացնել գործող վարչապետին, քանի որ նրա ներկայացրած նոր ծրագրում նախատեսվող քայլերը կարող են դրական փոփոխություններ առաջացնել երկրի տնտեսության մեջ եւ մարդկանց կյանքում, ինչի արդյունքում քաղաքական դաշտում նրանց վարկանիշը նվազելու է: Այդ պատճառով էլ նրանք գործի են դնում բոլոր հնարավորությունները` խորհրդարանական ամբիոնից ու փողոցային հանրահավաքներից մինչեւ ճղճղան քարոզչություն իրենց թերթերով եւ լրատվական կայքերով:
Արա Մարտիրոսյան
«Ազգ»