Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյան. «Մեր տնտեսությունում ստվերը 30-40 % է, բայց դրա դեմ պայքարում ենք»

Հունիս 22,2012 23:57

Նախօրեին, նորընտիր Ազգային Ժողովում, ՀՀ կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ կառավարության ընդդիմախոսները` «Ժառանգությունից» կարծիք հայտնեցին, որ կառավարության ներկայացրած ծրագրում ամրագրված աշխատավարձերի կրկնակի բարձրացումը գուցեեւ իրականություն դառնա, եթե տնտեսությունում առկա ստվերը կրճատվի: Այսօր Aravot.am-ը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ, այսօր Հայաստանի տնտեսությունում ստվերը  քանի՞ տոկոս է կազմում:

«Մեր տնտեսությունում ստվերը 30-40 % է, եւ դրա դեմ պետք է պայքարենք»,-խոստովանեց երկրի գլխավոր ֆինանսիստը: Մեր այն հարցին` այդ դեպքում ինչո՞ւ կառավարության նոր ծրագրում այդ մասին ոչ մի տող նշված չէ, չի ասվում, թե ստվերի դեմ ինչպիսի պայքար է տարվելու եւ փոխարենը նշում եք, որ այսուհետ հավասար պայմաններ եք ստեղծելու գործարարների համար, ի՞նչ է` մինչ այդ կառավարությունը տարբերակվա՞ծ մոտեցում էր ցուցաբերում, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Կոնկրետ ստվերի դեմ պայքարի մասին չենք նշել, բայց կա հարկային եկամուտների վերաբերյալ կետ, ըստ որի յուրաքանչյուրը պետք է վճարի եւ բոլորի նկատմամբ պետք է հավասար մոտեցում կիրառվի: Ինչ վերաբերում է վատ պրակտիկային, ապա մենք միշտ էլ ունեցել ենք կոռուպցիա, միշտ էլ ունեցել ենք խնդիրներ վարչարության մեջ եւ հիմա ասում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործարարները կարողանան ճիշտ աշխատել: Եթե ես հետեւեմ ձեր տրամաբանությանը, որեւէ խնդիր չպե՞տք է արձանագրեմ որպես կառավարություն: Եթե խնդիր ունենք` պետք է ասենք, որ դրա դեմ պետք է պայքարենք, ինչքանով կհաջողվի` դա ժամանակը ցույց կտա»:

Նկատենք, որ ընդդիմախոսները, բուռն քննադատությունների ենթարկելով նոր ծրագիրը, նաեւ մատնանշում էին, որ այն բավականին հեղհեղուկ է, ծրագրում բացակայում են մեխանիզմներն ու հստակ ցուցանիշները, խոշոր նախագծերի մասին, ինչպիսիք են  Իրան-Հայաստան երկաթգիծ, Հյուսիս-հարավ ճանապարհ եւ ատոմակայանի շինարարություն, ընդամենը երկու տող է գրված:
Վաչե Գաբրիելայնի խոսքերով. «Մանրամասն` գրաֆիկներով, ցուցանիշ առ ցուցանիշ որեւէ մեկը, երբեք կառավարության հաստատման ժամանակ չի ներկայացնում, դա ուղղակի անհնար է, եւ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում: Իրականում կառավարության նշանակվելուց հետո ծրագրային մեխանիզմները հետեւյալն են` ունե՞ք վստահության քվե, թե` ոչ: Երբեւէ չի ենթադրում, որ մանրամասն գործողությունների ծրագիր պետք է լինի` հասցեական միջոցառումներով, որովհետեւ այդ աստիճանի որոշակիություն հնարավոր չէ, այդ աստիճանի որոշակիություն կար Խորհրդային Միությունում: Այն ժամանակ կար պլանների մեծ համակարգ. ամենակարեւորը 5-ամյա պլանն էր, եւ դա ուներ բազմաթիվ հատորներ, եւ այդ հատորների մեջ մի առանձին հատոր արտադրությունն էր` ով ինչ պետք է արտադրի, մի առանձին հատոր մատակարարարումն էր եւ այլն: Դրանք բոլորը հասցեական էին, բայց այդ պլանի պրոբլեմն այն էր, որ դրանք անընդհատ ճշգրտվում էին: Տրամաբանորեն, մենք ընդամենը տալիս ենք այն ուղղությունները, որոնց վրա աշխատելու ենք»:

Կկոնկրետացնե՞ք առաջիկա 5 տարվա մեջ ո՞ւր է հասնելու Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը` Aravot.am-ի այս հարցին ֆինանսների նախարարը պատասխանեց. «Նման նախագծերը, որպես կանոն, երկարատեւ բանակցային, նախապատրաստական փուլ են անցնում, որից հետո պարզ կլինի: Մենք հիմա ակտիվորեն բանակցում ենք այդ նախագծերն իրականացնելու համար: Հարցն  օրակարգից հանված չէ, եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, բայց հստակ ասել, որ` այս օրը կսկսենք շինարարությունը, կարծում եմ, ճիշտ չի լինի: Հինգ տարվա մեջ նախատեսվում է աշխատանքներն անընդհատ շարունակել եւ բանակցությունները հասցնել տրամաբանական ավարտին»:
Մեր դիտարկմանը, թե` ընդդիմախոսների անվստահությունը գալիս է նրանից, որ կառավարության նախորդ ծրագիրը հաջողությամբ չիրագործվեց` աղքատությունը կրճատվելու փոխարեն աճեց, խոստացված աշխատատեղերը չբացվեցին, արտագաղթը մեծացավ, պարոն Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Նախ ֆիքսենք, որ կառավարությունն ամեն ինչ չէ, որ կարողացել է անել, կառավարությունը եւս ունի թերություններ, բայց այդ ամենի հետեւում պետք չէ մոռանալ, որ մենք ունեցել ենք ճգնաժամ»:

Պարոն Գաբրիելյանից հետքրարվեցինք, թե դեռ որքա՞ն ժամանակ պետք է կառավարության պատասխանատուները ճգնաժամը որպես փրկօղակ օգտագործեն. «Ես շատ կուզեի, որ ճգնաժամը երբեք չլիներ: Մի արտահայտություն կա, որ եթե ճգնաժամը չլիներ` պետք էր այն հնարել: Դրա համար, եթե ես ասեի, որ կառավարությունը ոչ մի սխալ բան չի արել, կառավարությունն անթերի է, այդպես չէ, կառավարությունը թերություններ ունեցել է, շատ բաներ կար, որ կարող էր ավելի շատ անել, ես չեմ պնդում, որ անթերի մարդկանց խումբը եկավ եւ ցավոք սրտի ընկավ այս ճգնաժամի ձեռքը, բայց հավատացեք ինձ, ում հետ դրսում խոսես ու ասես որ այս զարգացումները կարեւոր չեն, ոչ ոք չի հասկանա, որովհետեւ ասում եմ, եկեք նայենք համադրության մեջ: Մեզ մոտ օրինակ` բանկային համակարգը չտուժեց, ինչպես մեզ նման այլ երկրներում»:

Այսինքն` աղքատության աճ, աշխատատեղերի բացակայություն, արտագաղթ, այդ ամենը այժմ է՞լ է պայմանավորված է ճգնաժամով,  Aravot.am-ի հարցին Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Այդ ամենը պայմանվորված է տնտեսական վիճակի վատթարացմամբ: Համաշխարհային տնտեսության մեջ 1945 թվականից հետո միակ տարին, որ տեղի է ունեցել համաշխարհայաին տնտեսության արդյունքի անկում` դա 2009 թվականն է: Աղքատության աճ տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Երբ ունենում ենք տնտեսության անկում, դրանից բխում են մնացածը: Երբ դուք ունեք տնտեսության անկում` դա զուգակցվում է արատագաղթով, աղքատության աճով»:

Կառավարության ծրագրի վերաբերյալ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը կարծիք էր հայտնել, որ նոր ծրագիրը չի իրականանա, ոչ այն պատճառով, որ իրականանալի չէ, այլ` այն պատճառով, որ կառավարությունում չկան համապատասխան մասնագետներ, որոնք ի վիճակի են այդ ամենն իրականացնել: Սրան ի պատասխան պարոն Գաբրիելյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա քաղաքական գնահատական է, շատ կզարմանայի, եթե ընդդիմադիր կուսակցությունը այլ գնահատական տար: Ես խիստ կասկածում եմ, որ, ասենք, «Ժառանգությունը» կամ որեւէ այլ կուսակցություն ունի ամենալավ մարդկանց ցուցակը ՀՀ-ում, եւ կգան ու կիրականացնեն ավելի լավ ծրագիր»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների` մեր երկրի արտաքին պարտքի մեծանալու վերաբերյալ մտահոգություններին, թե այն արդեն 6,5 միլիարդի է հասել, ապա ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ այն կառավարելի է. «Արտաքին պարտքի հետ կապված ես չեմ կարծում, որ ընդհանրապես խնդիր կա: Արտաքին պարտքի մարման սխեման արդեն շարադրված է: Ամեն տարի մենք հաստատում ենք միջնաժամկետ ծախսային ծրագիր: Մեր պարտքի սպասարկման ամենամեծ բեռն ընկնում է 2013-2014 թթ-ի վրա, եւ կառավարությունն արդեն ունի հաստատած ծրագիր այդ թվականների համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930