Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես էլ չկարողացա ասել նրան, որ սիրում եմ»

Հունիս 22,2012 20:01

Կարեն Մովսիսյանը կամ Ցուլը,  ինչպես բանակային ընկերներն էին նրան անվանում, չի սիրում պատմել իր մասին, իսկ իր սիրային պատմությունը մի փոքր դժվարությամբ, բայց հաճույքով ներկայացրեց. «Ցուլ մականունը ստացել եմ բանակում ծառայության տարիներին, կամային բնավորությանս ու պահվացքիս համար: Չէի կարողանում հանդուրժել այն ամենը, ինչը կարող է անարդարացի լիներ, թե՛ իմ, թե՛ ընկերներիս համար: Բանակը մի վայր էր, որտեղ բոլորը ձգտում էին ինքնահաստատվել, լինել անկախ ու գերիշխող, իսկ յուրաքանչյուրի կողմից արված ոչ ճիշտ քայլը հանգեցնում էր իմ ըմբոստությանը»,-պատմում է նա: Խոստովանում է, որ շատ է ծեծել ու ծեծվել, իսկ նմանատիպ միջադեպերին իր մասնակցությունը եղել է ընկերների համար, այն ընկերների, որոնց հետ ընկերացել էր ծառայության տարիներին.«Միջադեպ չի եղել, որին ես մասնակցություն չունենամ, անկախ նրանից, ինձ հետ առնչվում է, թե ոչ: Ժամանակի ընթացքում հարգանք ու վստահություն ես ձեռքբերում: Հետագայում ամեն խնդիր հարթվում է ճաշարանի սեղանի շուրջ նստած կամ քնելուց առաջ  խելք խելքի տված: Բանակը շատ բան է փոխում. ստիպում է ավելի շատ սիրել, կարոտել, մտածել… Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, զգում եմ, որ անկախ ամեն ինչից, հաճույքով ու պատասխանատվությամբ էի մոտենում ծառայությանս»,-ասում է նա: Անրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում կրկին անցնել ծառայություն, սիրում է լինել ու ապրել այն կյանքով, որով ապրում էր երկու տարի առաջ: Կարենի սիրային պատմությունը սկսվել է դպրոցական տարիներից.«8-րդ դասարան էի ու սիրահարվել էի կողքիս աղջկան: Ես էլ, նա էլ դպրոցում գերազանց էինք սովորում: Շատ էի հոգու հետ խաղում, այն աստիճան, որ լաց էր լինում»,-ժպտալով ասում է Կարենը: Հիշում է, թե ինչպես մի անգամ տան հեռախոսազանգին պատասխանելով, այդ օրվանից այլեւս  չի մոտեցել լսափողին. «Վերցրի հեռախոսը, այնտեղից մի կին հարցրեց ես եմ, թե ոչ, իսկ ես պատասխանեցի, որ այո, ես եմ, Կարենը: Պարզվեց այդ կինը Արեւիկի մայրիկն էր, ով տեսել էր աղջկան լացակումած վիճակով, բարկացել ու զանգահարել էր մեր տուն: Մի լավ բարկացավ իմ վրա, ամոթանք տվեց, այնուհետեւ պահանջեց, որ հեռախոսը փոխանցեմ հայրիկիս: Հակառակի նման հայրս էլ տանն էր եւ այդ պահին փոխանցելուց բացի, այլ բան անել չկարողացա.. »: Այդ ժամանակ Կարենը դեռ չէր գիտակցում, որ իր նման վարքը ոչ այլ ինչ է, քան սիրո դրսեւորման մի ձեւ.«8-րդ դասարանն ավարտելուն պես, ես դուրս եկա դպրոցից եւ ուսումս շարունակեցի երաժշտական դպրոցում: Միաժամանակ սովորում էի նվագել մի քանի գործիքի վրա, բայց գերպատվություն տալով կիթառին: Շատ էի սիրում այդ երաժշտական գործիքը եւ դրա հետ կապված մեծ բեմեր ու երազանքներ ունեի: Կարծես ամեն ինչ կար իմ կյանքում, բայց մի բան պակաս էր: Երկար ժամանակ չէի հասկանում թերարժեքության զգացման պատճառը, մինչեւ մի օր որոշեցի այցելել դպրոցական ընկերներիս: Այդ ժամանակ էլ բացահայտեցի այն բացը, որը կար իմ հոգում, եւ ոչինչ չէր լցնում: Ինձ թվաց, թե Արեւիկը շատ է փոխվել ու գեղեցկացել: Գուցե այդպես էլ կար կամ էլ երկար ընդմիջման արդյունք էր: Ես զգացի նրա վախվորած հայացքը դեպի ինձ, ասես նա սպասում էր, թե ես հեսա ուր որ է կրկին սկսելու եմ հոգու հետ խաղալ, բայց նման բան չեղավ. այս անգամ ամեն բան ուրիշ էր»: Կարենը շարունակում է ուսումը, բայց Արեւիկի հետ հանդիպումներ հաճախակի չի փնտրում, մտածելով, որ դեռ ժամանակը չէ նրան ինչ-որ կերպ անհանգստացնելու կամ որեւէ բան ասելու համար: Մտքում միայն մի բան էր պտտվում արագ ավարտել դպրոցը եւ արդեն իսկ մտածել համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին: Բայց ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այդ ամառ Արեւիկը հիվանդանում է: Ծնողները տեղափոխում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ մի քանի օր բժիշկները չեն կարողանում գտնել հիվանդության պատճառը: Արեւիկի աչքի տակը սկսվում է կապտել եւ այտուցվել.«Երբ ինձ ասեցին այդ մասին, չեմ հիշում տանից ոնց եմ դուրս եկել ու հիվանդանոց հասել: Երբ մտա պալատ, Արեւիկը զարմացավ, բայց զգացի` նաեւ ուրախացավ: Նրա տրամադրությունը բարձրացնելուց բացի` ինձ այլ բան չէր մնում անել: Վերադարձել եմ տուն, փակվել իմ սենյակում ու համոզում ինքս ինձ, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ որ բոլորն էլ հիվանդանում են: Չնայած, երբեք էլ չէր հաջողվում թեթեւանալ»: Կարենի սիրտը լցվեց եւ չկարողացավ շարունակել, միայն ասեց, որ Արեւիկի մոտ գլխի քաղցկեղ է եղել եւ ընդամենը 6 ամիս կարողացավ ապրել. «Այդպես էլ չկարողացա ասել նրան, որ սիրում եմ»,-ափսոսանքով ասում է Կարենը:  Կյանքն իր համար մղձավանջի էր վերածվել, ասես բոլորը դեմ էին դուրս եկել նրան: Այս դեպքից հետո Կարենին այդպես էլ չի հաջողվել սիրել կամ սիրահարվել, թեեւ ցանկությունը մեծ է կրկին սիրելու եւ ազատվելու այս ամենից: «Սկսել եմ առժեվորել մարդկանց: Անընդհատ այնպիսի մտավախություն է մոտս առաջանում, ասես ամեն վայրկյան կարող է կորցնեմ իմ սիրելի մարդկանց: Ուզում եմ, որ մարդիկ, երբ սիրում են, ասեն, որ սիրում են: Գիտակցաբար կամ առանց դրա, միմյանց ցավ չպատճառեն, որովհետեւ հետո խղճի վրա այնպիսի բեռ են կրելու, որից ազատվել այդպես էլ չեն կարողանալու»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930