Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարման վարչությունը` Լեւոն Զուրաբյանին.«Շահարկումն անթույլատրելի է»

Հունիս 22,2012 19:55

Ի պատասխան  ՀԱԿ համակարգող, Աժ պատգամավոր  Լևոն Զուրաբյանի՝ 20.06.12թ. ՀՀ վարչապետին  հղած նամակի, տեղեկացնում ենք, որ տևական ժամանակաշրջանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության և ՀԱԿի որոշ ներկայացուցիչների կողմից փորձ է արվում Վաղարշյան 12-ի հետ կապված պատմությունը ներկայացնել այլ՝ քաղաքական շահարկումների քողի ներքո և խնդիրը տեղափոխել քաղաքական տիրույթ, ինչն անընդունելի է, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն առաջնորդվել և առաջնորդվում է միմիայն օրենքով իրեն վերապահված գործառույթներից բխող սկզբունքներով:

Վստահաբար կարող ենք պնդել, որ այդ ամենի նպատակը հանրության ուշադրության շեղումն է բուն խնդրից, որը և ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության միջև 09.08.2006 թվականին կնքվել է թիվ 50/06 վարձակալության պայմանագիրը, համաձայն որի վարձակալության իրավունքով Կուսակցությանն է հանձնվել՝ Վաղարշյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող 314.7 ք.մ մակերեսով տարածքը /94410 ՀՀ դրամ վարձավճարով, քառակուսի մետրը՝ 300 ՀՀ դրամ/:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 01.04.2005թ. մինչև 01.04.2011թ.:

Հետագայում՝ 31.05.2006թ. Կուսակցությունը ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիր տարածքային կենտրոնի հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ Հիմնադրամին է հանձնվել 170 ք/մ մակերեսով տարածք՝ 460 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով /քառակուսի մետրը՝ 2708 ՀՀ դրամ:

Այնուհետ՝ 13.12.2006 թվականին նույն կենտրոնին է հանձնվել  ևս 69ք/մ տարածք՝ 240 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ քառակուսի մետրը՝ 3478 ՀՀ դրամով:

Այսպիսով Կուսակցությունն իրեն պետության կողմից վարձակալությամբ տրված տարածքի զգալի մասը՝ 239քմ, սեփական նախաձեռնությամբ ենթավարձակալական պայմանագրով վարձակալության է հանձնել նույն շենքում գտնվող և տարածքի խիստ կարիք ունեցող պետական հիմնարկի՝ իր վճարածից միջինում 10 անգամ ավելի բարձր գնով, ընդ որում՝ Կուսակցության կողմից սահմանված վարձավճարները պարբերաբար բարձրացվել են /ի հավաստումն նշվածի, ներկայացվում է ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության 26.07.11թ. տրամադրված տեղեկանքը/:  Արդյունքում գործարքից ամսական ստացվել է 700000 ՀՀ դրամ. եթե սրանից հանենք կուսակցության սեփական վարձավճարը` 94410դրամի չափով, ամսական շահույթը կկազմի 605590 ՀՀ դրամ:

Ստացվում է խիստ անտրամաբանական իրավիճակ, երբ պետբյուջեն ոչ միայն իր հնարավոր եկամտից է զրկվում՝ վերոհիշյալ տարածքի վարձակալության դիմաց ստանալով ընդամենը 94410 ՀՀ դրամ, այլև կրում է վնաս՝ ամսական վճարելով 700000 ՀՀ դրամ սոցապահովության պետական ծառայության Արաբկիրի ստորաբաժանման միջոցով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը որպես ենթավարձակալության գումար:

26.12.2007 թվականին ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը դիմել է Վարչությանը խնդրանքով՝ Հիմնադրամի հետ անմիջականորեն վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ մատնանշելով, որ Կուսակցությունը Հիմնադրամին ենթավարձակալության հանձնված տարածքի համար պահանջել է նախապես պայմանավորվածից ավելի վարձավճարի գումար:

Փաստորեն, մինչև սույն հարցի դատական կարգով լուծումը, /դատարանի 29.10.08թ. վճռի օրինական ուժի մեջ մտնելը/, ՀՀ պետական բյուջեն ամսական կրել է 605590 ՀՀ դրամի վնաս: Ընդհանուր առմամբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը 2006-2009 թվականների ընթացքում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից փոխանցվել է 21480000 ՀՀ դրամ:

Ստացվում է, որ կուսակցությունը` տնօրինելով սեփական կարիքների համար անհրաժեշտ տարածքից շատ ավելին, «ավելցուկը» ենթավարձակալության տալովզգալի շահույթ է ստացել:

Իր բոլոր գործողություններում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն  առաջնորդվել է իրեն վերապահված` պետական գույքի շրջահայաց և արդյունավետ կառավարման սկզբունքներով:

Հայաստանի Հանրապետությունը որպես սեփականատեր,  ունի իր գույքն ազատ տնօրինելու, օգտագործելու և տիրապետելու իրավունքը:

Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կողմից հարուցվել են մի շարք հայցադիմումներ՝ տարբեր առարկաներով և հիմքերով, կապված՝ վիճելի տարածքի հետ:

Երևանի քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի վճռով բավարարվել է վարչության հայցն ընդդեմ Կուսակցության՝ վարձակալության պայմանագրի փոփոխման պահանջի մասին: Դատարանը վճռել է 50/06 պայմանագրում կատարել փոփոխություն և արդյունքում կուսակցության օգտագործմանն է թողնվել 314.7ք/մ տարածքից՝ 75.7 ք/մ տարածք՝ վարձավճար սահմանելով 22710 ՀՀ դրամ:

Վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը 12.02.2009 թվականի որոշմամբ մերժվել է և 29.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի    19.08.2009 թվականի որոշմամբ Կուսակցության կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2011 թվականի վճռով բավարարվել է Կուսակցության հայցն ընդդեմ Վարչության՝ 75,7 ք/մ մակերեսով տարածքը Կուսակցությանը հանձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին և վարչության հակընդդեմ հայցն ընդդեմ Կուսակցության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարվել է մասնակի:

Վարչության կողմից բերված վերաքննիչ բողոքը դատարանի 19.04.2011թ. որոշմամբ մերժվել է:

Դատարանի կողմից տրված  կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից 23.09.2011 թվականին հարուցվել է թիվ 01/08/242/11 կատարողական վարույթը:

Իսկ 20.10.2011 թվականի որոշմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է և կատարողական  թերթը հետ է վերադարձվել՝ դատական ակտի կատարումը անհնարին լինելու հիմքով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2011թ. վճռով բավարարվել է Վարչության հայցն ընդդեմ Կուսակցության՝ տարածքից վտարելու պահանջի մասին և մերժվել է Կուսակցության հակընդդեմ հայցն ընդդեմ Վարչության թիվ 50/06 վարձակալության պայմանագիրը նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու պահանջի մասին:

Նշված վճռի դեմ Կուսակցության կողմից բերվել է վերաքննիչ և Վճռաբեկ բողոքներ, որոնք համապատասխան որոշումներով՝ մերժվել են:

Վարչության և Կուսակցության միջև 75.7 ք/մ տարածքի վերաբերյալ պայմանագիր չի կնքվել և վերջինիս նշված տարածքը չի հանձնվել, քանի որ Կուսակցությունը հայտնել է, որ ցանկանում է 75.7 ք/մ մակերեսով ամբողջական տարածք, որը կունենա մեկ մուտք՝ հրաժարվելով Վարչության կողմից առաջարկվող  տարածքից:

Հետագայում 02.11.11թ. կայացված վճռի հիմքով  18.06.12թ. ԴԱՀԿ ծառայության միջոցով Կուսակցությունը վտարվել է վիճելի տարածքից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության միջև 09.08.2006 թվականին թիվ 50/06 վարձակալության պայմանագիրը կնքվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հիմքերով:

Ինչ վերաբերում է  «Կուսակցությունների մասին»  ՀՀ օրենքին,  որի  26-րդ հոդվածում մատնանշվում են պետական աջակցության ձևերը, մասնավորապես, առաջնահերթ իրավունք ունեցող՝  ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների մասին, ապա նշվածի կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը նախկինում չի հանդիսացել խորհրդարանական կուսակցություն: Եվ անդրադառնալով ՊԳԿ վարչության  կողմից կուսակցությանը 27.04.11թ. տրված մերժմանը՝ այլընտրանքային տարածք տրամադրելու վերաբերյալ, հայտնում ենք, որ Վարչության տնօրինության տակ ուղղակիորեն ազատ տարածքներ չեն եղել վարձակալության տրամադրման համար:

Հայտնում ենք նաև, որ ոչ դատական գործընթացներում և ոչ էլ Վարչությանն ուղղված դիմումներում Կուսակցությունն իր գործունեության կազմակերպման համար երբևէ չի անդրադարձել ք.Երևան, Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող շենքից դուրս այլ տարածք Կուսակցությանը տրամադրելու հարցին:

 

 

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել