Այսօր մի խումբ քաղաքացիներ ՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» պահանջով, ազգային անվտանգության ծառայության շենքից մինչեւ ոստիկանություն բողոքի երթ էին կազմակերպել: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ արդեն բարձրացվել է հարցը, որ գործով ձերբակալված «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների մի մասը նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են.«Այդ հարցին սպասում ենք պատասխան, դա միտումնավոր է արվում, եթե թիկնազորի անդամ է, ինչու չի ասվում, որ թիկնազորի անդամ է, եթե թիկնազորի անդամ է՝ ինչ գործ ուներ այդ դեպքի հետ: Սա ամենաթողության, անպատժելիության արդյունք է, դեպքից 2-3 օր է անցել, ու տեսնում ենք մեկ այլ օլիգարխ պատգամավորի թիկնազորի անդամը, կարելի է ենթադրել, որ թիկնազորի անդամ է, քանի որ Սամվել Ալեքսանյանի կողմից պաստառը պատռվելուց հետո մոտեցավ ու հրեց»:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանն էլ այն կարծիքին է, որ նման դեպքերը կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ վարչախումբը իր առջեւ այլ նպատակներ է դրել.«Եթե ամբողջ պետական համակարգը «ճկռել» է քրեաօլիգարխիկ կլանների ազդեցության տակ, նման դեպքերը էլի կկրկնվեն»:
Դերասան Աշոտ Ադամյանն էլ վստահ է, որ գործով ձերբակալությունները ձեւական բնույթի են.«Թող բարի լինեն ձերբակալեն նրանց, ովքեր այդ ոհմակը հավաքել են, թիկնապահ են կոչվում , ինչ են կոչվում: Ինչ է երկիրը կրակն է ընկել այդ թիկնապահների ձեռքը»:
Ակցիայի մասնակիցներին անձամբ հանդիպեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու վստահեցրեց, որ գործով բոլոր մեղավորները պատժվելու են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ