Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ «Դատաիրավական բարեփոխումներ 2012-2016» ծրագրին:Ըստ նախարարի, ծրագիրն իր մշակման ընթացակարգով տարբերվում է նախորդ մյուս ծրագրերից:
Նախարարը լավատեսական կարծիք հայտնեց` ծրագիրն ունի մի շարք առանձնահատկություններ. «Ծրագիրը չի սահմանափակվում միայն դատական համակարգի բարեփոխումներով: Ծրագրի ավարտին մենք ունենալու են որակական փոփոխություններ»:
Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ, ծրագրի առանձին մաս են կազմում դատարանակազմության խնդիրները. «Շատ է քննադատվել ու խոսվել, թե ինչ հայեցակարգերով են մարդիկ դառնում դատավոր, դատախազ: Որո՞նք են այդ չափանիշները: Այո, չեմ կարող ժխտել, որ երբեմն կամայականություններ են եղել: Մենք ունեինք դատավորների ընտրության խնդիրը, դատավորների նախապատրաստման հետ կապված խնդիրներ ունեինք: Ծրագրի ավարտին ճշտելու ենք որքանով է զարգացել հասարակության վստահությունը: Չափվելու է և վեց ամիսը մեկ հաշվետվություն է տրվելու»:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարը հավելեց, որ ծրագրի նպատակն է բարձրացնել պետական համակարգի արդյունավետությունը:
«Մեր պետական համակարգը ծրագրի շնորհիվ շատ ավելի արագընթաց է լինելու, խնայողաբար է օգտագործելու պետական ռեսուրսը: Հստակ մեխանիզմներ են մշակված անհարկի դատական գործընթացները ձգձգելու հետ կապված: Առաջարկվելու է քննարկել դատարանների նախագահների որոշակի ժամկետով նշանակվելը և ռոտացիայով փոխվելը: Փոխվելու է մեր քրեական օրենսգիրքը, ներմուծվելու են նոր պատժատեսակներ` հանրային աշխատանք, սանիտարական աշխատանքներ են կատարում: Մի շարք հանցակազմեր, որոնք այսօր նախատեսված են քրեական օրենսգրքով, ապաքրեականացնելու ենք: Ստեղծվելու է մի նոր ծառայություն, որը զբաղվելու է ազատազրկման հետ չկապված պատիժների իրականացմամբ, այսինքն` հասարակությանը նրան ինտեգրելով է զբաղվելու, սկսած կենցաղից, մինչև եկեղեցի, թատրոն գնալու կազմակերպմամբ»:
Բանախոսն անդրադառնալով նաեւ փաստաբանների խնդիրներին, չբացառեց փոփոխությունները .«Հետևողականորեն շարունակվելու է փաստաբանների ուսուցման և ընտրության համակարգը: Էական փոփոխություններ են սպասվում նոտարական և զագսի համակարգերում»,-ասաց Հ.Թովմասյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ