Aravot.am-ն այսօր անդրադարձավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի ասուլիսին, որի ընթացքում վերջինս նոր փաստեր ներկայացրեց:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2011թ.-ի 22 փետրվարի 53-Ա որոշմամբ՝ Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ` խիստ նկատողություն, իսկ մարտի 25-ի 98-Ա որոշմամբ՝ նա հեռացվել էր տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ս. Նազարյանին տնօրենի աշխատանքից ազատելու որոշման համար հիմք է հանդիսացել դպրոցի աշակերտների միջեւ ծագած վիճաբանությունը, ինչն արձանագրվել էր ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից. «Երկրորդ անգամ կատարված ստուգումների արդյունքում տնօրենի տղայի եւ ուսուցչուհու թոռնիկի միջեւ ծագած վեճը չէր կարգավորվել: Աշակերտը վիրավորել էր տնօրենին, տնօրենն էլ հակադարձել էր վիրավորանքը, բայց քանի որ կոլեկտիվը չէր խաղաղվում, մենք նկատողություն տվեցինք՝ մթնոլորտը կարգավորելու համար: Գտնում ենք, որ դպրոցի տնօրենի եւ աշակերտի միջեւ չպետք է լինի միջադեպ, որ այդպիսի աղմուկ բարձրացնի»:
Կարդացեք նաև
Նշենք, Սուսաննա Նազարյանն ասել էր, որ վեճը դիտավորությամբ հրահրել են ուսուցչուհին եւ ամուսինը՝ իրեն նկատողության արժանացնելու նպատակով:
Գոհար Եղիազարյանի (նախկինում՝ Բահար Մամեդովնա)` Հայաստանի քարտեզը պատռելու եւ աշակերտուհուն ծեծելու շուրջ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ տեղյակ չէ միջադեպերից. «Մենք գիտենք, որ այդ ուսուցչուհին դպրոցում երկար տարիների աշխատանքային փորձ ունի, իսկ տեսչության ստուգումները եղել են դպրոցի գործավարության հետ կապված: Ուսուցչուհու վարքն ուսումնասիրելու առնչությամբ հարց չի բարձրացվել»:
Սուսաննա Նազարյանը նաեւ հրապարակեց աշակերտներից մեկի բջջային հեռախոսով նկարահանած տեսանյութը, որտեղ Բահար Մամեդովնան հարվածում է աշակերտուհուն: Դեպքի առնչությամբ տիկին Հովհաննիսյանը նշեց, որ եթե ուսուցիչը աշակերտ է ծեծում, ապա պատժվում է՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից հեռացվելը. «Տեսանյութի ուսումնասիրման դեպքում մենք մեր վերաբերմունքը ցույց կտանք, պարզապես 30 տարվա ընթացքում ուսուցչուհու վարքի հետ կապված նման դրսեւորումներ չեն եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ