Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցմամբ, նախորդ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի պետ, գնդապետ Կարուշ Թովմասյանին:
Նշենք, որ նա մոտ 30 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, թոշակային տարիքում է, նույնիսկ մի անգամ նրան թոշակի էին ուղարկել, սակայն Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջնորդությամբ խնայել էին ` թողնելով, որ մի քիչ էլ աշխատի: Քննչականի պետին ազատելու բուն պատճառը եղել են վերջերս հնչած կրակոցները, որին մասնակցություն է ունեցել նաև Կարուշ Թովմասյանի աղջկա ամուսինը:
Ինչպես տեղեկացրել ենք, շրջանառվող լուրերի համաձայն, այս պաշտոնյայի փեսան`32-ամյա Գառնիկ Գրիգորյանը, ռազբորկայի մեջ էր մտել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի փեսայի` Գյումրու ավագանու անդամ Անդրանիկ Կարապետյանի հետ, ինչն էլ ուղեկցվել էր կրակոցներով: Պատճառը եղել էր այն, որ Անդրանիկ Կարապետյանը իր աներոջը պատկանող «Պեգաս» խանութի շաուրմանոցում աշխատանքի էր հրավիրել այն խոհարարին, որը ժամանակին աշխատել էր Գառնիկ Գրիգորյանի` Տարտու փողոցում գտնվող շաուրմանոցում: Գառնիկ Գրիգորյանին զայրացրել էր այն փաստը, որ խոհարարը բաղադրատոմսը սովորել էր իր միջոցներով , սակայն այժմ այն ծառայեցնում է ուրիշների բիզնեսը զարգացնելու համար:
Կարդացեք նաև
Կարուշ Թովմասյանին պաշտոնազրկելու առիթներից մեկը եղավ նաև ոստիկանության էթիկայի կոդեքսը խախտելը ու ոստիկանին ոչ վայել պահվածք դրսևորելը: Մեր խմբագրությունը այս պաշտոնյայից հետաքրքրվել էր, թե որքանո՞ վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ դեպքի մասնակիցներից մեկն իր փեսան է: Ի պատասխան մեր հարցի՝ քննչականի պետը բորբոքվել էր, իր զայրույթը թափելով խմբագրության վրա, վիրավորանքներ հասցնելով: Մեզ հետ ունեցած կոնֆլիկտից հետո Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն էր նշանակել, այնուհետ նրան թոշակի ուղարկել:
Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ ոստիկանապետը մեկ շաբաթ ժամանակ է տվել նաև Գյումրու ոստիկանապետ Շաշիկյանին ու Շիրակի մարզային փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին, որպեսզի վերջիններս բացահայտեն հնչած կրակոցի մանրամասները: Այլապես՝ Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է պաշտոնազրկել այս երկու պաշտոնյաներին ևս:
Նշենք, որ Վահրամ Ենգոյանը Կարուշ Թովմասյանի աներոջ որդին է, որը զբաղեցնում է Շիրակի մարզային ոստիկանության օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, և նրա գործառույթն է բացահայտել հանցագործությունները:
Ի դեպ, ըստ որոշ լուրերի, կրակոցները հնչել են Պառնի գյուղի մոտ, որը, ըստ էության, Լոռու մարզի սահմաններում է, և այս հարցով պարտավոր էին զբաղվել Լոռու իրավապահները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ