Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, ինչպես նաև իրազեկել կանանց և երեխաներին ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների, այդ թվում՝ ոստիկանության, դատախազության ու այլ պետական մարմինների պարտականությունների մասին։ Վեց ամիս շարունակվող այս ծրագիրը իրականացվելու է Երևանում ու մարզերում և ներառելու է ընտանեկան բռնությունից տուժած բազմաթիվ շահառուների։
«Կանանց և երեխաների ընտանեկան բռնության հետ կապված ամենամեծ խնդիրը դրա լատենտային, այսինքն՝ թաքնված բնույթն է։ Կա նաև մեկ այլ խնդիր, երբ ոստիկանության առանձին աշխատակիցներ որոշ դեպքերում փորձում են ոչ թե պաշտպանել իրենց դիմած բռնության զոհին՝ կնոջը, այլ մեղադրել նրան բողոքելու կամ բռնությունը հրահրելու մեջ», – իր խոսքում նշեց Պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Ինչպես պարոն Օբոլենսկին նշեց իր խոսքում, ընտանեկան բռնությունը մի երևույթ է, որը հանդիպում է ամբողջ աշխարհում։ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ես որոշել ենք համագործակցել մի ծրագրի շուրջ, որը կաջակցի ընտանեկան բռնության զոհերին գիտակցել և օգտագործել իրենց իրավունքները, կապահովի իրավական բողոքների արդար և արդյունավետ կիրառումը»։
Կարդացեք նաև
Ծրագրի բյուջեն կազմում է 8 349 000 դրամ, որից 6 300 000 դրամը տրամադրում է Շվեյցարիայի դեսպանությունը Հայաստանում, իսկ 3 049 000 դրամը կազմում է Պաշտպանի գրասենյակի ներդրումը։ Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ հեռուստա և ռադիո հայտարարություններ և գովազդներ, իրազեկող նյութերի հրատարակություն և տարածում, ինչպես նաև իրավական և հոգեբանական օժանդակության և խորհրդատվության տրամադրում: Ընտանեկան բռնության զոհերը կարող են Պաշտպանին դիմել ինչպես 116 թեժ գծի միջոցով, այնպես էլ՝ այցելելով Պաշտպանի երևանյան և վեց մարզային գրասենյակներ։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կարեն Անդրեասյանը նշեց. «Աշխատելու ենք ոստիկանության համապատասխան բաժինների հետ և փորձելու ենք իրենց հետ հավաքել խնդրի հետ կապված ամբողջական ինֆորմացիան։ Հետևելու ենք, թե ինչպիսին է պետության արձագանքը նման դեպքերին և ծրագրի արդյունքում կկարողանանք ներկայացնել այնպիսի վիճակագրական տվյալներ, թե քանի կին, քանի երեխա ինչ տեսակի բռնության են ենթարկվել և, ամենակարևորը, ինչպիսին է եղել համապատասխան մարմինների արձագանքը։ Աշխարհում չկա մի վայր որտեղ բռնություն չլինի, խնդիրն այն է, թե այն պետական մարմինները, որոնք պատասխանատու են կանխելու կամ պատժելու մեղավորներին, ինչպես են արձագանքում»։
Պաշտպանի աշխատակազմ