Վերջերս Ադրբեջանում թալիշների լեզվով գործող միակ թերթի՝ «Թոլիշի Սադո»-ի խմբագրի ձերբակալությունը ևս մեկ անգամ ապացուցեց ալիևյան բռնատիրական կարգերի անպատժելի գոյությունը: Այս տեսակետը հայտնեց նաև քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի դեպքում դա սովորական երևույթ է. հանկարծակի թմրանյութ գտնելը ինչ-որ մեկի գրպանում, հետո նաև բնակարանում՝ ադրբեջանցիների կողմից տարիներով փորձված միջոց է ճշմարտախոս մարդկանց լռեցնելու համար: Ազգային ինքնության պահպանման համար Ադրբեջանում մղվող պայքարը երկար տարիների պատմություն ունի: Ադրբեջանի բնիկ ժողովուրդները անցյալ տարվա դեկտեմբերին տարածել էին մի հաղորդագրություն, որտեղ հստակ հայտնում են իրենց դիրքորոշումը հայ ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: «Ադրբեջանցիների պատերազմը հայերի հետ մեր պատերազմը չէ: Ահա արդեն ավելի քան քսան տարի է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը ստիպում է մեզ պատերազմել Արցախահայության դեմ: Դա ամենաանարդար վերաբերմունքն է, որին եթարկվում են ադրբեջանի բնիկ ազգերը` իրենց կամքին հակառակ, ստիպողաբար մասնակցելով պատերազմին: Քսան տարի շարունակ մեր որդիներն իրենց երիտասարդ կյանքն են վտանգում հանուն Ադրբեջանի շահերի, սպանում մեր դարավոր հարևան հայերին: Ոչ ոք այս աշխարհում չի կարող բացատրել, թե ինչու են ավարները, թալիշները, լեզգիները և այլ բնիկ ժողովուրդներ պատերազմում հայերի դեմ: Մեզ ստիպում են, իբր, սահմաններն ամրապնդել: Ինչի՞ համար: Որ վերջնականապես արմատավորվի ադրբեջանական ձուլման ծրագիրը: Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպես են ադրբեջանցիները վախկոտի նման փախել Արցախյան պատերազմի ժամանակ: Իսկ այդ ժամանակ մեր երիտասարդ զավակներն իրենց կյանքի գնով պատերազմում էին, որ ալիևների ընտանիքն այսօր իր դիրքերն ամրապնդի: Այսօր նրանք մեր տներն են զավթում, մեզ վտարում են սեփական հողերից: Ղեկավարությունն իրականացնում է պանթուրքիզմի ծրագիր. մենք իրավունք չունենք սովորելու և խոսելու մեր մայրենի լեզվով, իրավունք չունենք մեր երգերը երգելու, մեր ազգային հերոսներին մեծարելու: Մեզնից զատում են մեր պատմությունը: Մեզնից զատում են մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հայրենիքը: Մեր լռությամբ ու անգործությամբ էլ օգնում ենք թշնամուն: Այո, մենք պատահմամբ չենք թշնամի համարում ալիևյան կառավարությանը, որովհետև միայն թշնամին է այդպես վարվում ժողովրդի հետ: Մեր թանկագին եղբայրներ ու որդիներ: Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէ, և մենք էլ հայերի թշնամին չենք»-այս բովանդակությունն ունի ռուսական Ռեգնում լրատվական գործակալության տարածած լեզգիների հաղորդագրությունը, որը ստորագրել են Ավարների միությունը, Լեզգի ժողովրդի համաշխարհային կոնգրեսը, Լեզգի ժողովրդի համառուսական միությունը, Լեզգի ժողովրդի համառուսական երիտասարդական միությունը և այլ բազմաթիվ հասարակական ու մտավորական գործիչներ: Ըստ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ Արդբեջանը մի որոշ ժամանակ հաջողություն ուներ այս պայքարում, սակայն պատկերը որոշակի փոփոխություն է կրել զանգվածային լրատվամիջոցների զարգացմանը զուգահեռ, հատկապես՝ համացանցի շնորհիվ. «Լեզգիները, թալիշները, ավարները, ռութուլները և այլ բնիկ ժողովուրդներ հնարավորություն ստացան սեփական պատմությանը, առաջնորդների գաղափարներին ծանոթանալ համացանցի շնորհիվ: Այդ ժողովուրդների մոտ հույս առաջացավ, հետո նաև՝ ինքնավստահություն, որ ազգային իրավունքի համար մղվող պայքարը հաղթական ելքով կավարտվի: Եվ նրանք սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, որ տարիներ առաջ միայն շշուկով էին խոսում»: Հենց այդ բնիկ ժողովուրդների հետ համագործակցության հաջորդ քայլը դարձավ «Եղբայրության կամուրջ» իրավապաշտպան կազմակերպության ստեղծումը, որը գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում: Կազմակերպության անդամ են դարձել լեզգիների, ավարների, ռութուլների ներկայացուցիչները և մեկ հայ՝ հենց ինքը՝ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Այս և այլ բազմաթիվ փաստեր ապացուցում են. Ադրբեջանը միատարր թշնամական զանգված չէ: Այնտեղ բնակվող բնիկ ազգերը մեր բարեկամներն են, որոնց հստակ ծրագրված քաղաքականությամբ թե ֆիզիկապես, թե մշակութային առումով ոչնչացնում է ադրբեջանական կառավարությունը:
Վրույր Թադևոսյան