Քաբուլի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ:
Իշխանությունների համաձայն, «Սփոժմանի» հյուրանոցի ուրբաթ առավոտյան ավարտված՝ 12 ժամ տևած գրոհի ընթացքում զոհվել է հյուրանոցի երեք պահակ, ոստիկանության ծառայող և քաղաքացիական 12 անձ:
Թալիբների գրոհայիններն ու ինքնասպան ահաբեկիչները պատանդ էին վերցրել քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց և երեխաների: Մինչև գրոհի ավարտը Աֆղանստանի անվտանգության ուժերն ազատ են արձակել պատանդ վերցրած 35 անձանց:
Կարդացեք նաև
Անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ոչնչացվել են հյուրանոցի գրոհն իրականացրած բոլոր զինյալները:
Թալիբների խոսնակի համաձայն, թալիբները պատասխանատվություն են ստանձնել այս հարձակման համար, որի թիրախը եղել է «օտարերկրացիների կողմից օգտագործվող հյուրանոցը»:
Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ նռնակներով և Կալաշնիկովի ինքնաձիգներով զինված թալիբների զինյալները հարձակում են կատարել Քարղա լճի ափին գտնվող հյուրանոցի վրա, որտեղ բազմաթիվ հյուրեր և ընտանիքներ հավաքվել էին՝ խնջույք անցկացնելու համար:
Թալիբների հարձակումն իրականացվել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հայտարարությունից մի քանի ժամ անց, որի ընթացքում նա նշել է, որ երկրում ավելի հաճախ են դառնում ոստիկանության և զինծառայողների դեմ ուղղված հարձակումները:
Armen Hovhannisyan
«Ամերիկայի Ձայն»