Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր թիվ 22 միկրոավտոբուսում հերթական վարորդ-ուղեւոր սկանդալը պայթեց

Հունիս 22,2012 16:37

Այսօր առավոտյան Նորք-Մարաշ համայնքը սպասարկող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսներից մեկում հերթական` վարորդ-ուղեւոր սկանդալը պայթեց: Ամռան այս` 30-40 աստիճան տապին միկրոավտոբուսի վարորդն արդեն սկզբնակետից շարժվել էր գերբեռնված: Այդքան ուղեւորներով չբավարարվելով, 22-ի վարորդը ճանապարհին անընդհատ կանգնում էր` կրկին ուղեւոր վերցնելու: Երբ արդեն անգամ շնչելու օդ չկար, եւ ուղեւորներից ոմանց համար այլեւս անտանելի էր այդ պայմաններում երթեւեկել, սկսեցին բորբոքված լուտանքներ թափել վարորդի ու գծատիրոջ «գլխին»:

Ամեն օր, անկախ նրանից պիկ ժամ է, թե ոչ, այս երթուղին գերբեռնված է երթեւեկում` վտանգելով հարյուրավոր ուղեւորների կյանքեր: Մարդկանց դժգոհություններին ի պատասխան՝ վարորդները պատասխանում են, որ «գծատերն էլ մեզ է խեղդում եւ ամեն երթից կոնկրետ մարդկանց թվաքանակ է պահանջում»: Թե ինչո՞ւ պիտի գծատիրոջ «պլանը» ուղեւորների անվտանգության, ստորացված երթեւեկելու կամ նյարդեր քայքայելու հաշվին փակվի, որեւէ մեկը այս հարցին չի պատասխանում: Գերբեռնված 22-ի նկատմամբ անտարբեր են նաեւ ճանապարհային ոստիկանները:

Ամեն անգամ 22-ը, գրեթե պատուհաններից դուրս թափված ուղեւորներով, անցնում է ՀՀ ոստիկանության կողքով` Նալբանդյան փողոցով, որտեղ պարտադիր հերթապահում է ճանապարհային ոստիկանության գոնե մեկ մեքենա, սակայն լեփ-լեցուն միկրոավտոբուսին, ինչը ճանապարհային երթեւեկության կանոնների ոչ պակաս ակնհայտ խախտում է, անտարբերության են մատնում:

Մարաշեցիների հույսը քաղաքային իշխանությունների կողմից մշակված Երեւան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային նոր ցանցն էր, սակայն պարզեցինք, որ այն էլ ոչ մի այլընտրանք չի առաջարկում փնթի ու հնամաշ նստարաններով, ճռճռացող շարժակազմով թիվ 22 երթուղուն: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռ մի բան էլ գծում եղած 22-ների քանակը նվազեցնելու են` համաձայն միկրոավտոբուսները կրճատելու` Երեւանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանը: Փոխարենը 4-5 մեքենայով ավելացվել է Մարաշ բարձրացող թիվ 45 ավտոբուսի շարժակազմի թվաքանակը:

Երթուղային նոր ցանցով Մարաշ կգնա նաեւ թիվ 75 միկրոավտոբուսը, սակայն կհասնի մինչեւ սրտաբանական հիվանդանոց: 26 միկրոավտոբուսը նույնպես Նորք-Մարաշ համայնք է բարձրանալու, բայց` միայն Հին Նորք է գնալու: Սակայն առայժմ թիվ 26-ը չի կարող ցանցով հաստատված պատավորությունը ստանձնել. տեղեկացանք, որ առաջին մրցույթը այս երթուղագծի տնտեսվարողը չի հաղթահարել: Ինչ վերաբերում է թիվ 22-ին, ապա այս երթուղու` գիծը շահագործելու մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:

Նշենք, որ գիծն առայժմ պատկանում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ընտանիքին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930