Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները սպառնում են անցնել Թուրքիայի սահմանը

Հունիս 22,2012 16:32

Այսօր Գյումրու անհատական տաքսիների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում` կառավարությունից պահանջելով վերանայել այն որոշումը, համաձայն որի, աշխատանքային գործունեությունը շարունակելու համար իրենք պետք է լիցենզավորվեն: «Ինչու՞ են Գյումրին համեմատում Երևանի հետ, Գյումրին մեռած քաղաք է , մարդկանցից շատ տաքսիներն են այստեղ, օրական էդ ի՞նչ ենք աշխատում, որ մի բան էլ պարտադրում են ամիսը 16 հազար դրամ մուծել, 25 հազար դրամ էլ պիտի տաս լիցենավորման համար: Եթե ամբողջ օրը աշխատես, միայն իրենց հարկերը չես կարողանա տալ: Ես օրական 1500 դրամ եմ աշխատում, սա լավագույն դեպքում, կան օրեր, որ տաքսիս ոտք դնող չկա, էդ 16000 դրամը որտեղի՞ց հայթայթեմ, որ տամ: Դա աբսուրդէ , էս քաղաքի մեջ հնարավոր չէ, որ վարորդը էդպիսի գումար աշխատի: Ի՞նչ է ասածները, Գյումրին կործանեցին պրծան, մի քանի հոգի են մնացել, հիմա դուրս են վռնդու՞մ: Գոնե տեսե՞լ են, թե ինչպես են գյումրեցիները ավտոբուսները լցվում ու երկրից արտագաղթում: Ո՞վ պիտի պատասխան տա հայաթափության համար, վերջը էսքան ընտանիքի սոված են թողնում », -Aravot.am-ի հետ զրույցում ասում էր տաքսու վարորդներից մեկը` սպառնալով ապաստան խնդրել Թուրքիայից. գնալ ու թուրքի հպատակ դառնալ:

Մեր զրուցակիցներից մեկն էլ արցախյան հերոսամարտի մասնակից էր, վերջինս նեղսրտած է, որ ունենալով բարձրագույն կրթություն, իրեն ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում, պատճառաբանում են, որ 50 տարեկան է, արդեն ծեր է: «Եթե ջահել չեմ, ուրեմն ապրելու իրավունք չունեմ, հա՞, իբրև մի բան ստեղծել եմ, հիմա էդ էլ են խլու՞մ ձեռքիցս: Եկեք կախեք էս քաղաքի բնակչությանը, ձեր հոգին էլ ազատվի, մերն էլ , ի՞նչ է ասածներդ», -ասում էր ազատամարտիկը:

Վարորդների բողոքը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ է, որի 1372 հոդվածը վերաբերում է ուղևորափոխադրումներ իրականացնողներին , և չլիցենզավորվելու, դեղին պետհամարանիշ չունենալու դեպքում հսկա տուգանքներ է նախատեսում: Ըստ վարորդների, օրենքը դեռ ուժի մեջ չմտած, Գյումրիում արդեն մի քանի հոգու 50 հազար դրամի չափով տուգանել են:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930