ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր «Մարիոթ» հյուրանոցում Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կազմակերպած բիզնես-ֆորումի ժամանակ այնպես գովերգեց կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունը, որ ԱԶՍԲ-ի ներկայացուցիները բառի բուն իմաստով` հիացած էին:
Վաչե Գաբրիելյանը մասնավորապես նշեց, որ երբ ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, մենք միակն էինք, խթանում էինք տնտեսության աճը, 2009-ին նվազեցրին բյուջեի դեֆիցիտն ու երկրում առկա գնաճը: Իսկ ապագայի մասով էլ պարոն Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունը նախագծել է տնտեսության միջնաժամկետ աճն ապահովել 5-7%-ի սահմաններում, ու թեեւ դա, ըստ նախարարի, հավակնոտ է, բայց քանի որ արտաքին միջավայրը շատ շոկային չի լինելու, եւ առհասարակ բոլոր ծրագրերն իրականացնելը հեշտ չի լինելու, բայց միզազգային գործընկերների աջակցությամբ, մասնավորապես՝ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի օգնությամբ, Հայաստանի կառավարությունը կհասնի իր նշած նպատակներին: Այս ամենը լսելուց հետո ԱԶՍԲ-ի գլխավոր քարտուղար Օրսալիա Կալանցոպուսը հիացած ասաց` այն, ինչ ներկայացրեց Վաչե Գաբրիելյանը, մի բան էլ կարող է դաս լինել եւ օրինակ ծառայել մի շարք եվրոպական երկրներին:
Բիզնես-ֆորումի ընթացքում բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովն էլ համոզմունք հայտնեց, որ սեւծովյան երկրներում տնտեսական 6 % աճն ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում:
Կարդացեք նաև
Ֆորումին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ 2004 թվականից Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը Հայաստանում իրականացրել է մոտ 75 մլն դոլարի ծրագրեր:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ միջազգային բանկի ներկայացուցիչներին կոչ արեց ակտիվ մասնակից լինել մեր արդյունաբերության եւ տնտեսության վերազինմանը, նպաստել արտահանմանը, հաշվի առնելով, որ հարեւանների առումով Հայաստանի բախտն այնքան էլ չի բերել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ