ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և բնագիտական ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը, որն անցկացվում է նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ:
ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլը հաղթահարել է 39 ուսուցիչ, իսկ որոշ առարկաներից հաղթողներ չեն գրանցվել. «Հանրապետական փուլն ընթանում է երկու փուլով: Բանավեճի ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դասավանդման մեթոդները եւ առարկաների վերաբերյալ նկատառումները, որից հետո թեստ են լրացնում՝ դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ: Մրցույթը նպատակ ունի խթանել լավագույն ուսուցիչների աշխատանքը, իսկ լավագույնները բացահայտվում են մրցակցության մեջ»:
Տիկին Մնացականյանը հավելեց, որ ըստ սահմանված կարգի՝ բոլոր մասնակիցներն այսօր կպարգեւատրվեն Վեհափառ Հայրապետի կողմից, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի» տնօրեն տեր Վարդան Աբեղա Նավասարդյանը նշեց, որ նախորդ տարի մարզերից 4-ը չեն մասնակցել մրցույթին՝ ընդամենը մեկ ուսուցիչ ներկայացնելու պատճառով, սակայն տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է. «Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ծրագրում ենք «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն տնօրեն» մրցույթներն անցկացնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Իսկ հաջորդ տարի ծրագրում ենք «Լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացնել նաեւ Արցախում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ