Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությունը խաղաղ էր, իսկ ծնողներն իրար «ղասաբ» էին անվանում

Հունիս 22,2012 16:03

Այսօր հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից քննություններով իր եզրագիծը հատեց Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Քիմիա առարկայից քննություն հանձնելու դիմում-հայտ էր ներկայացրել 1511 դիմորդ, իսկ հայոց պատմությունից` 3266: Քննությունները կայացան Հայաստանում ձեւավորված 18 (5-ը Երեւանում է) եւ ԼՂՀ 4 քննակենտրոններում:

Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում այսօր միաժամանակ երկու քննություն էր ընթանում` հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից: Քննակենտրոնի ղեկավար, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Վաչե Գրիգորյանը քննությունների ընթացքը գնահատեց նորմալ` նշելով, որ արտառոց դեպքեր չեն արձանագրվել: Նա տեղեկացրեց, թե առաջին անգամ չէ, որ մասնակցում է քննություններին, ողջունում է ԳԹԿ-ի կողմից վարվող քաղաքականությունը. դպրոցի ներկայացուցիչներին նույնպես ներգրավել քննական գործընթացների մեջ: Ուշադրության արժանացավ նաեւ այն հանգամանքը, որ Երեւանում ձեւավորված քննակենտրոնի ղեկավար նշանակվել է մարզային դպրոցի ներկայացուցիչ:

Վաչե Գրիգորյանի տեղեկացմամբ` այդ քննակենտրոնում երկու քննություններից միասին քննության պետք է ներկայանար 241 դիմորդ, սակայն նրանցից 20-ը բացակա էր:

Դրսում դիմորդներին սպասում էին ծնողները, որոնք քննությունը մեկնարկելուն պես հերթով հրավիրվում էին ներս, որպեսզի մոնիտորով հետեւեն ընթացքին: Թեպետ այսօր քննության վերջին օրն էր, եւ բազմիցս ծնողներին բացատրվել է, թե ինչի համար են մոնիտորները , այս անգամ եւս նրանց բողոքները նույն թեմայով էին` երեխաներին չեն գտնում, «հեռուստացույցը» լավ չի ցույց տալիս, երեխայի դեմքը եւ պարզ թեստը չեն երեւում:

Ի տարբերություն քննասենյակներում տիրող խաղաղ մթնոլորտի, ծնողների հույզերը մոնիտորի մոտ մի պահ գագաթնակետին հասան: Չաղմկելու խնդրանքով մյուսներին դիմեց մի ծնող, սակայն արժանացավ «հակագրոհի». նրան որակեցին, որպես քննակենտրոնի կողմից ուղարկված «դեսանտ»: Ավելի ուշ «ռազբիրատը» տեղափոխվեց դուրս: Հատկապես տղամարդ ծնողների վեճն այն աստիճան սրվեց, որ մեկը մյուսի աղմուկին այսպես արձագանքեց. «Եվ դեռ ուզում եք բժշկակա՞ն ընդունվել, ախր ձեր վրայից երեւում է, որ ղասաբ եք, ձեր երեխան ի՞նչ բժիշկ պիտի դառնա… »:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930