Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԼԵՆ, ԳԱՐԻՆՉԱՆ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆԸ

Հունիս 22,2012 15:32

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասնհինգերորդ

ՊԵԼԵՆ, ԳԱՐԻՆՉԱՆ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆԸ

Ես Ջոնի ու Սեմերջյան Մանուկի հետ կապված  պատմությունը գրելուց առաջ, ահա, մի յուրօրինակ պարադոքսի եմ դեմ առնում, այն է՝ եթե ուզում ես, որ ընթերցողդ Մանուկյան Ջոնի մասին գոնե փոքր-ինչ պատկերացում կազմի, նախ պիտի իր ու Սեմերջյան Մանուկի հետ կապված էդ պատմությունն ընթերցողիդ պատմես, բայց, մյուս կողմից էլ, եթե ընթերցողդ Ջոնի մասին գոնե որոշ պատկերացում չունենա, բացարձակապես չի ըմբռնի ու չի ընկալի Ջոնի ու Սեմերջյան Մանուկի հետ կապված էդ, ուրեմն, պատմությունը, որն էնքան սյուժետային չէ, ինչքան՝ հոգեբանական, բայց եթե նույնիսկ Սեմերջյան Մանուկի հետ կապված էդ պատմությունն ամբողջովին ըմբռնեք ու հասկանաք, էդ դեռեւս  չի նշանակի թե՝ դուք արդեն Մանուկյան Ջոնի մասին լիարժեք պատկերացում ունեք, որովհետեւ Մանուկյան Ջոնի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար  նաեւ պիտի Մայա Պլիսեցկայայի ինքնակենսագրական գրքի անվանաթերթին անձամբ Ջոնին հասցեագրված ընծայագիրը բառ առ բառ կարդացած լինեք, ինչպես նաեւ՝ անձամբ Ջոնից պիտի շախմատի աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու մասին լսած լինեք, եւ եթե անձամբ Մանուկյան Ջոնից անձամբ Բորիս Սպասկու մասին լսած լինեք, հաստատ կիմանաք, որ շախմատի աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկին ոչ թե հրեա է, այլ՝ զտարյուն ռուս, որովհետեւ անձամբ շախմատի աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկին  Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցում անձամբ Մանուկյան Ջոնին է իր ազգության վերաբերյալ էդ գաղտնիքն ասել, եւ Սպասկին իր ազգության վերաբերյալ իր էդ նվիրական գաղտնիքն անձամբ Մանուկյան Ջոնին վստահելով՝ անձամբ Մանուկյան Ջոնին բացատրել է նաեւ, որ ինքը երբեւէ ու մանավանդ Պետրոսյանի հետ մրցամարտի ժամանակ իր զտարյուն ռուս լինելու մասին հրապարակայնորեն չէր բարձրաձայնում, որպեսզի հրեա շախմատիստները Բոտվինիկի գլխավորությամբ իր դեմ դուրս չգային, եւ երբ Մանուկյան Ջոնը Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցում արդեն աշխարհի նախկին չեմպիոն Բորիս Սպասկուն նրբորեն բացատրելով՝ նրբորեն հասկացրել էր, որ Պետրոսյանի հանդեպ Բոտվինիկի ատելությունն էնքան մեծ էր, որ դժվար թե Բոտվինիկն իր կոհորտայով  Սպասկուն դեմ դուրս գար, իր հերթին Սպասկին էլ Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցում Ջոնին նրբորեն բացատրելով՝ նրբորեն հասկացրել էր, որ կյանքում շատ հաճախ ազգային ատելությունն անհամեմատ խիստ դրսեւորումներ է ունենում, քան՝ անձնականը, մանավանդ որ՝ իր հաղթելու ու աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում ինքն Ալյոխինից հետո դառնալու էր ազգությամբ ռուս երկրորդ շախմատիստը, որը շախմատի աշխարհի չեմպիոնի դափնուն էր արժանանում, եւ, եթե հիշում եք, հենց էդպես էլ եղավ. այսինքն, Բոտվինիկն իր կոհորտայով  ոչ միայն չխանգարեց զտարյուն ռուս Բորիս Սպասկուն, այլեւ շոշափելիորեն օգնեց, որպեսզի վերջինս հաղթեր մեր Երկաթյա Տիգրանին, բայց դրանից հետո էլ  որեւէ մեկը  չիմացավ, որ մեր Տիգրան Պետրոսյանից հետո շախմատային արքայի գահը միառժամանակ զբաղեցրած Բորիս Սպասկին ազգությամբ ոչ թե հրեա է, այլ՝ զտարյուն ռուս, եւ, փաստորեն, քչերին է էդ բանը հայտնի, եւ էդ քչերից ու բացառիկներից մեկը մեր Մանուկյան Ջոնն է, քանի որ ութսունականների սկզբներին Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի իր համարում Բորիս Սպասկին Մանուկյան Ջոնին անձամբ է իր էդ նվիրական գաղտնիքն ասել, որովհետեւ Մանուկյան Ջոնը հասարակ մարդ չի եւ Մայա Պլիսեցկայայից էլ վերջինիս գիրքն է չափազանց ջերմ մակադրությամբ նվեր ստացել, եւ, դրանից էլ բացի,  Մանուկյան Ջոնը ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մտերիմ ընկերն է եւ վերջինիս հետ նարդու հաշվարկով դրական հաշվեկշիռ ունի, եւ չնայած էս վերջին հանգամանքի մասին դժվար թե Բորիս Սպասկին իմանար, այդուհանդերձ, չիմանալով հանդերձ, ինքը հենց Ջոնին է իր սրտի ու հոգու ամենանվիրական գաղտնիքը վստահել, եւ չնայած Օրթախը Ջոնին Սպասկուց անհամեմատ լավ է ճանաչում, այդուհանդերձ, երբեւէ Ջոնին որեւէ գաղտնիք վստահած չկա, որովհետեւ, ի տարբերություն Սպասկու, Օրթախը Ջոնին չի հավատում՝ Սպասկու վերաբերյալ էդ պատմությանն էլ ներառյալ, եւ չնայած մոսկովյան ռուսների ու հրեաների մասին զրույցներն Օրթախի հետաքրքրությունների շրջանակի մեջ են մտնում, եւ չնայած ամեն անգամ Օրթախն ինքն է Ջոնին դրդում վերապատմել Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցում տեղի ունեցած Սպասկու էդ ինքնախոստովանությունը, այդուհանդերձ, Օրթախն ամեն անգամ Սպասկու ինքնախոստովանությանն ու Ջոնի վերապատմությանն արհամարհանքով ու քամահրանքով է վերաբերվում եւ ամեն անգամ քամահրանքով ասում է՝ «Սպասկու հրեա ըլնելն իրա քթից թափում ա», եւ ամեն անգամ Ջոնը հակադարձելով ասում է՝ «Բորյան շատ էլ սիմպատիչնի ա», եւ ամեն անգամ Օրթախն ասում է՝ «որ եվրեյ ա, էդ չի նշանակում, որ չպիտի սիմպատիչնի ըլնի», եւ ամեն անգամ Ջոնը Սպասկուն Բորյա է ասում, եւ ֆուտբոլիստ Անդրեասյանին էլ Արկադիկ է ասում, եւ ավելի հաճախ՝ Արկաշա, որովհետեւ Անդրեասյանին էլ է անձամբ ու բավական մոտիկից ճանաչում, եւ չնայած իրեն ու Անդրեասյանին միասին տեսած չկանք, այդուհանդերձ, իր ու Անդրեասյանի մտերմությանն ավելի ենք հավատում, քան՝ իր ու Սպասկու մտերմությանը, որովհետեւ, այնուամենայնիվ, Անդրեասյանը Սպասկի չի՝ թեկուզեւ Երեւանից հեռավորության իմաստով, եւ չնայած Մաղաքյան Անանիան Ջոնին ու Անդրեասյանին դաշնակցության ոչ գործուն անդամ Ավիկի հետ «Տրիումֆում» մի անգամ տեսել է, այդուհանդերձ, Ջոնն իր ու Անդրեասյանի մտերմությամբ առանձնապես չի հպարտանում, որովհետեւ Ջոնը, ի տարբերություն մնացած հայ ֆուտբոլասերների, համարում է, որ բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստը ոչ թե Անդրեասյանն է, ոչ թե Խորիկն է, ոչ թե Մարգարովն է, ոչ թե Հովիվյանն է, այլ միայն ու միայն՝ Մանուկ Սեմերջյանը, եւ չնայած Սեմերջյանի հետ կապված Ջոնի էդ կարծիքը  վաղուց Ջոնի հոգու խորքերում կար ու գոյություն ուներ, այդուհանդերձ, իր հոգու խորքերում ձեւավորված ու առաջացած էդ կարծիքը հրապարակավ գլուխ բարձրացրեց էն օրերին, երբ Խորեն Հովհաննիսյանը մարզական լրագրողների ու մասնագետների քվեարկության հետեւանքով  ճանաչվեց բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստ, ու էդ օրերին ամենուր  ու նաեւ մեր շրջապատում բուռն քննարկումներ էին տեղի ունենում, եւ շատերը գտնում էին, որ բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստը ոչ թե Խորեն Հովհաննիսյանն է, այլ՝ Արկադի Անդրեասյանը, իսկ ոմանք էլ նախապատվությունն Էդուարդ Մարգարովին էին տալիս, բայց, այդուհանդերձ, գերակշռողը Սարգիս Հովիվյանի կողմնակիցներն էին, եւ չնայած Հովիվյանի կողմնակիցներից քչերն էին Հովիվյանի ֆուտբոլ քաղալը տեսել, այդուհանդերձ, մեծամասնությունն էն կարծիքին էր, որ տաղանդի առումով Հովիվյանն ակնհայտորեն է գերազանցում մյուս երեքին, եւ երբ Հովիվյանի տաղանդի հանգամանքը շեշտվում էր, միայն Մալխասյան Արիկն էր կատաղում, որովհետեւ Մալխասյան Արիկը համոզված է, որ Հովիվյանը  ոչ թե տաղանդ է, այլ՝ բացարձակ հանճար, եւ երբ Մալխասյան Արիկը Հովիվյանին հանճար անվանելով՝ սկսում էր Պելեի ու հիմնականում Գարինչայի հետ համեմատել, էս դեպքերում արդեն Ջոնը չէր կարողանում իրեն զսպել եւ անզուսպ ծիծաղելով՝ Արիկին հարցնում էր՝ «դու Գարինչայի խաղը տեսել ե՞ս, որ խոսում ես», եւ Օրթախը ծիծաղելով  ասում էր՝ «ինքը հեչ Հովիվյանի խաղը չի տեսել, ուր մնաց՝ Գարինչայինը տեսած ըլնի», եւ Ջոնն արհամարհանքով Արիկին նայելով ասում էր՝ «Հովիվյանինը հնարավոր ա տեսած ըլնի, բայց Գարինչայինը վարիանտ չկա, որ տեսած ըլնի», եւ Արիկը մի քիչ մտածելուց հետո ասում էր՝ «Անգլիայի չեմպիոնատում Գարինչայի խաղը լավ էլ տեսել ենք» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում էր՝ «Բուլղարիային շատ ուժեղ գոլ խփեց», եւ Ջոնն արհամարհական Արիկին նայելով հարցնում էր՝ «էդ մի խաղով վռազ գլխի ընկար, որ Գարինչան հանճար ա՞», եւ Արիկը մի քիչ մտածում ու Ջոնին հարցնում էր՝ «բա դո՞ւ Գարինչայից քանի խաղ ես տեսել», եւ Ջոնն արհամարհական Արիկին նայելով ասում էր՝ «մենք որ Պելեի ու Գարինչայի խաղերը վիդեոյով նայում էինք, դու երեւի Գարինչայի անունը չէիր էլ լսել», եւ Օրթախը քմծիծաղով ասում էր՝ «Գարինչայի հանճարը հատկապես վիդեոյով  ա լավ զգացվում», եւ Արիկը քմծիծաղով Ջոնին հարցնում էր՝ «էդ ե՞րբ ես վիդեոյով Գարինչայի խաղը տեսել», եւ Ջոնը մի քիչ մտածում ու ասում էր՝ «յոթանասունվեց թվին», եւ Արիկը զարմացած հարցնում էր՝ «յոթանասունվեց թվին վիդեո կա՞ր», եւ Ջոնն արհամարհական նայում էր Արիկին ու ասում էր՝ «ավելի շուտ էլ կար», եւ Արիկն արհամարհանքով Ջոնին ասում էր՝ «մոռացել էի, որ էդ թվերին դու վիդեո ունեիր», եւ Ջոնը մի քիչ մտածելուց հետո պատասխանում ու  ասում էր՝ «ես չունեի, բայց Արկադիկն ուներ» եւ ինքնագոհ  ժպտալով ավելացնում էր՝ «իրանց տանն ենք Պելեի ու Գարինչայի մասին էդ ֆիլմերը նայել», եւ Արիկը քմծիծաղով Ջոնին ասում էր՝ «մոռացել էի, որ Արկադիկը մոտիկ  ընկերդ ա», եւ Օրթախը ծիծաղելով ասում էր՝ «Արկադիկը Ջոնի քիփն ա», եւ Արիկը  ժպտալով ասում էր՝ «որ քիփն ըլներ, Ջոնն Արկադիկին կպաշտպաներ», եւ Օրթախն ասում էր՝ «Ջոնը միշտ էլ Արկադիկին պաշտպանել ա» եւ մի քիչ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «նույնիսկ էն թվերին, որ Անդրեասյանը Սիմոնյանին սխալ բաներ էր ասել, Ջոնն էլի Անդրեասյանին էր պաշտպանում», եւ Ջոնը Օրթախին զարմացած հարցնում էր՝ «քեզ ո՞վ ա ասել», եւ Օրթախը պատասխանում ու ասում էր՝ «ես եմ հիշում», եւ Ջոնն  ասում էր՝ «սխալ ես հիշում» եւ մի քիչ մտածելուց հետո ավելացնում էր՝ «ես Սիմոնյանի հարցում ոչ մի անգամ Արկադիկին չեմ պաշտպանել», եւ Օրթախը մի քիչ մտածում ու ասում էր՝ «իմ հիշելով՝ լավ էլ պաշտպանում էիր», եւ Արիկը ժպտալով ասում էր՝ «որ Ջոնն Արկադիկին  պաշտպանող ըլներ, Արկադիկի՛ն կհամարեր դարի լավագույն ֆուտբոլիստ», եւ բոլորս շունչներս պահած՝ հենց էդ պահին էինք սպասում, եւ մանավանդ Հարությունյան Հայկունին էր անհամբերությամբ էդ պահին սպասում, եւ ամենահետաքրքիրն  էն է, որ ամենից ավելի Ջոնն ինքն էր էդ պահին սպասում, եւ երբ Մալխասյան Արիկն ասում էր՝ «որ Ջոնն Արկադիկին պաշտպանող ըլներ, Արկադիկի՛ն կհամարեր դարի լավագույն ֆուտբոլիստ», Ջոնն Արիկին ճշտելով ասում էր՝ «դարի լավագույն հա՛յ ֆուտբոլիստ» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «ես մեղավոր չեմ, որ ավելի արժանավոր ֆուտբոլիստ ենք ունեցել», եւ Հայկունին խորամանկ ժպտալով Ջոնին հարցնում էր՝ «էդ ավելի արժանավորն ո՞վ ա», եւ Օրթախը փռթկացնելով  Հայկունուն հարցնում էր՝ «չգիտե՞ս», եւ Հայկունին մի քիչ մտածում ու խորամանկ ժպտալով ասում էր՝ «իմ հասկանալով՝ Հովիվյան Սաքոն ա», եւ Օրթախը ժպտալով Հայկունուն ասում էր՝ «պարզվում ա, դու էլ ես ֆուտբոլից շատ հեռու», եւ Հայկունին կեղծ զարմանքով Օրթախին հարցնում էր՝ «բա ո՞վ ա», եւ Օրթախը ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «Մանուկը», եւ Հայկունին կեղծ զարմանքով հարցնում էր՝ «Մանո՞ւկն  ով ա», եւ Անանիան փռթկացնելով ասում էր՝ «էն՝ որ Աբոյի մոտ դասախոս ա աշխատում», եւ Ջոնն Անանիային սաստելով ասում էր՝ «ֆուտբոլ չեք հասկանում, գոնե մարդու հիշատակը հարգեք», եւ Հայկունին փռթկացնելով Ջոնին հարցնում էր՝ «խի Աբոյի մոտ աշխատող Մանուկը մեռել ա՞, որ հիշատակը հարգենք», եւ եթե էդ խոսակցության ժամանակ Ջավախյանը ներկա էր լինում, անպայման ասում էր՝ «Աբոյի մոտ էրկու հատ Մանուկ են աշխատում. ձեր ասածը ո՞ր մինն ա», եւ Անանիան Ջավախյանին ասում էր՝ «մեր ասածը բոյով մաթեմատիկն ա. բա երկրորդ Մանո՞ւկն ով ա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «երկրորդ Մանուկն Արմոյենց Իգդիրցին ա»,  եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցնում էր՝ «էդ երկրորդ Մանուկն էլ ա՞ մաթեմատիկ», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «էդ երկրորդը փիլիսոփա ա», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցնում էր՝ «վաբշե ա փիլիսոփա՞, թե՞ մասնագիտությամբ», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «համ մասնագիտությամբ, համ էլ՝ վաբշե», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցնում էր՝ «հիմի էդ էրկու Մանուկներից ո՞ր մեկն ա մեռել», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն ասում էր՝ «բերանդ խեր բաց. էրկուսն էլ սաղսալամաթ են», եւ Հայկունին զարմացած հարցնում էր՝ «որ էրկուսն էլ սաղսալամաթ են, Ջոնը ո՞նց ա ասում, որ հիշատակը հարգենք», եւ Արիկը ժպտալով ասում էր՝ «Ջոնի ասած Մանուկը լրիվ ուրիշ Մանուկ ա», եւ Հայկունին խորամանկ ժպտալով հարցնում էր՝ «երրորդ Մանուկ էլ կա՞», եւ եթե Ջավախյանը ներկա էր լինում, փռթկացնելով ասում էր՝ «հիմնականն էդ երրորդն ա», եւ Հայկունին փռթկացնելով հարցնում էր՝ «էդ հիմնականն ա՞ մեռել», եւ Արիկը փռթկացնելով պատասխանում ու ասում էր՝ «հա», եւ Հայկունին ժպտալով հարցնում էր՝ «էդ հիմնականը մաթեմատիկ ա՞ էղել, թե՝ փիլիսոփա», եւ եթե Ջավախյանը ներկա էր լինում,  Արիկի փոխարեն պատասխանում ու ասում էր՝ «էդ հիմնականը ֆուտբոլիստ ա էղել», եւ Հայկունին  արհեստական զարմանքով նայում մեզ ու հարցնում էր՝ «Մանուկ անունով ֆուտբոլիստ կա՞», եւ Արիկը խորամանկ ժպտալով Հայկունուն հարցնում էր՝ «բա Սեմերջյան Մանուկն ի՞նչ ա. ֆուտբոլիստ  Մանուկ Սեմերջյանի մասին չես լսե՞լ», եւ Հայկունին բավարարված ժպտալով ասում էր՝ «ֆուտբոլիստ Մանուկ Սերմերջյանին ամբողջ աշխարհն ա ճանաչում» եւ մի քիչ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «բայց իրան ամենից լավ Մեսխին ա ճանաչել», եւ Արիկը խորամանկ ժպտալով հարցնում էր՝ «խի՞ Մեսխին», եւ Հայկունին խորամանկ ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «որովհետեւ Սեմերջյան Մանուկը լյուբոյ պալաժենիից Մեսխիին պադկատ էր անում», եւ Արիկը խորամանկ ժպտալով ասում էր՝ «որ էդքան լավ պադկատ էր անում, բա ո՞նց էր Մեսխին մեզ էդքան գոլ խփում», եւ Հայկունին մի քիչ մտածում ու Արիկին հարցնում էր՝ «ո՞վ էր մեզ գոլ խփում», եւ Արիկը ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «Միխայիլ Մեսխին», եւ Հայկունին մի քիչ մտածելուց հետո Արիկին հարցնում էր՝ «Մեսխին ձախ եզրային հարձակվող չէ՞ր», եւ Արիկը պատասխանում ու ասում էր՝ «հա», եւ Հայկունին խորամանկ ժպտալով հարցնում էր՝ «Մանուկն էլ ձախ պաշտպան չէ՞ր», եւ Արիկը խորամանկ ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «հա», եւ Հայկունին խորամանկ ժպտալով Արիկին ասում էր՝ «հազար տարվա բալելշչիկ ես, բայց  հասարակ բաներ չես հասկանում», եւ Արիկը զարմացած հարցնում էր՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Հայկունին խորամանկ ժպտալով Արիկին ասում էր՝ «որ ձախ եզրային հարձակվողը գոլ ա խփում, էդ դեպքերում ձախ պաշտպանը ոչ մի մեղք չունի» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «ձախ պաշտպանն ու ձախ եզրային հարձակվողը դաշտում իրար դեմ համարյա դուրս չեն գալիս», եւ Մալխասյան Արիկը խորամանկ ժպտալով Հայկունուն հարցնում էր՝ «որ իրար դեմ դուրս չեն էկել, էդ ո՞նց ա Սեմերջյան Մանուկը Մեսխիին պադկատ արել», եւ քանի որ էդ վեճերի ժամանակ Օրթախ Աբոն միշտ էր  ներկա գտնվում, խոսակցության էդ դրվագում միշտ միջամտում էր, եւ մինչ նեղն ընկած Հայկունին մտածում էր՝ ինչ պատասխանի, Օրթախը Հայկունուն օգնության հասնելով ասում էր՝ «եթե նույնիսկ Մեսխին  շատ ուզենար, էլի Սեմերջյանը չէր կարա իրան պադկատ աներ», եւ Մալխասյան Արիկը զարմացած հարցնում էր՝ «խի՞ չէր կարա», եւ Օրթախ Աբոն ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «որովհետեւ Մեսխին վիշի լիգայում էր խաղում, իսկ Սեմերջյանը՝ երկրորդ», ու էդ պահին Մանուկյան Ջոնն արհամարհական նախ Օրթախին էր նայում, այնուհետեւ արհամարհական մյուս ներկաներիս նայելով բացականչում էր՝ «խելքների՜դ ձուն գա», եւ Հարությունյան Հայկունին ժպտալով Մանուկյան Ջոնին հարցնում էր՝ «այսինքն, Սեմերջյանը բարձրագույն լիգայում խաղացել ա՞», եւ Արիկն ասում էր՝ «Աբոն մի քիչ  չափազանցնում ա», եւ Օրթախը զարմացած հարցնում էր՝ «ի՞նչն եմ չափազանցնում», եւ Արիկն ասում էր՝ «Մանուկը համ վիշի լիգայում ա խաղացել, համ էլ՝ երկրորդ», եւ եթե Ջավախյանը ներկա էր լինում, փռթկացնելով հարցնում էր՝ «էդ մաթեմատիկ Մանուկի մասին ե՞ք խոսում, թե՝ փիլիսոփա», եւ Ջոնն արհամարհանքով  Ջավախյանին ասում էր՝ «ձեր գեղի Մանուկի մասին ենք խոսում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930