«Դուք եք՝ լրագրողներդ ու արծիվներդ այն հրաշունչ զինվորները, որ պետք է նաև պահպանեն մեր երկրի սահմանները»,-այսօր «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսպիսի արտահայտություններով դիմավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին և «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամներին:
ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում «Հայոց արծիվներն» այսօր ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներին և արծիվներին հնարավորություն տրվեց անցնել կրակային պատրաստվածություն:
Ըստ Խ. Ասրյանի՝ ԶԼՄ ներկայացուցիչը տարին գոնե մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որ հարկ եղած դեպքում կարողանան պաշտպանել հայոց պետականության սահմանները:
Կարդացեք նաև
Մինչ կրակային պատրաստվածության անցնելը, պարոն Ասրյանն ասաց, որ ինքը չխոսել չի կարող ու իրեն հատուկ պաթոսով սկսեց. «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վտանգին դիմակայել կարող ենք մեր միասնական տանիքով, այն է՝ հայոց պետականությունը, հայոց նախագահն ու բանակը»:
Այնուհետև Խ. Ասրյանը, ինչպես միշտ, հայտարարեց, որ պատրաստ է կատարել ՀՀ նախագահի ցանկացած հրաման և շեշտեց. «Արծիվները միշտ պատրաստ են հայոց բանակի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրահանգով ցանկացած տեղում և իրավիճակում պաշտպանել մեր հանրապետության անդորրը»:
Խ. Ասրյանը, դիմելով արծիվներին, ասաց. «Նայեք աչքերիս, ասում եմ, շատ լուրջ, պատասխանատու պահ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ