Ամենամեծ խնդիրը, որի դեմ պետք է ՀԱԿ-ը պայքարի խորհրդարանում, ցինիզմն է: Այսօր այդ մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ գնահատելով նորընտիր խորհրդարանի աշխատանքները: Լրագրողների դիտարկմանը՝ հինգերորդ գումարման խորհրդարանը կարծես հետաքրքիր է, Բագրատյանը հակադարձեց. «Խորհրդարանը հետաքրքիր է մեր շնորհիվ»:
Նախորդ օրը խորհրդարանում իր եւ մեկ այլ վարչապետ Խոսրով Հարությունյանի միջեւ տեղի ունեցած «լեզվակռվի» մասին էլ Բագրատյանն ասաց. «Խոսրով Հարությունյանին ես վատ բան չեմ ասել: Առաջին երեք վարչապետերը հրաժարական են տվել՝ անկման պատճառով: Ես չեմ ասում՝ եթե ես լինեի, անկում չէր լինի: Բայց ես արժանին եմ մատուցել, որովհետեւ ծանրագույն պայմաններում են աշխատել: Խոսքը վերաբերվում է Վազգեն Մանուկյանին, Գագիկ Հարությունյանին, Խոսրով Հարությունյանին: Խոսրով Հարությունյանը, չգիտես ինչու, որոշեց ինձ ասել, որ իմ պատճառով է հրաժարական տվել: Գուցե: Բայց դա իրեն է թվում: Գուցե, դա առիթ էր: Նրան աշխատանքից ազատել է նախագահը՝ վատ աշխատանքի կամ արդյունքները ցածր լինելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ