Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի նախկին տնօրեն. Ադրբեջանցի ուսուցչուհին խեղաթյուրել է Եղեռնի փաստերը

Հունիս 22,2012 14:47

«Ւմ նպատակն է ճշմարտությունը ներկայացնել հանրությանը, որովհետեւ իրականում ես բանսարկությունների ու խաբեությունների զոհ եմ: 7 տարի լինելով Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն՝ ես հետամուտ եմ եղել աշակերտների շրջանում ազգային արժեքների ամրապնդմանը, իրականացրել եմ հայեցի դպրոցավարություն»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը, ով ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2011թ.-ի ապրիլի 30-ին՝ թերթերի հոդվածների հիման վրա իր դեմ հարուցված պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Սուսաննա Նազարյանը պատմեց. «Դպրոցում դասավանդում է 33 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ազգությամբ ադրբեջանցի Բահար Մամեդովնան, ով հայոց պատմությունը խեղաթյուրված է ներկայացրել աշակերտներին. 1915թ.-ի Եղեռնի կապակցությամբ ասել է, որ եթե հայերը թուրքերին չդրդեին, վերջիններս ջարդ չէին կազմակերպի: Առանձին հանդիպման ընթացքում Մամեդովնան նկատողություն է ստացել ինձանից, ինչն էլ, այսպես ասած, ինձանից վրեժ լուծելու առիթ է հանդիսացել»:

Ըստ բանախոսի հայտնածի՝ ադրբեջանցի ուսուցչուհին 1988թ.-ի արցախյան պատերազմից հետո փոխել է ազգանունը՝ դառնալով Եղիազարյան Գոհար Մանվելի. «Նրա ամուսինը՝ Սիրեն Եղիազարյանը, Էջմիածնի քաղաքապետի խորհրդականն է եւ պաշտոնական դիրքի չարաշահում է իրականացրել՝ ասելով, թե ես սեռական բնույթի հայհոյանքներ եմ ասել ու ծեծել աշակերտներին, մինդեռ նման բան չեն արձանագրել նույնիսկ դպրոցի տեսախցիկները»:

Սուսաննա Նազարյանը նաեւ ասաց, որ Բահար Մամեդովնան դասերից մեկի ժամանակ պատռել է Հայաստանի քարտեզը՝ պատճառաբանելով, թե այն հին է, սակայն դպրոցի գույքի տնօրինման իրավունք չի ունեցել: Բացի այդ, Եղիազարյան ամուսինները աշակերտների շրջանում կռիվ են կազմակերպել՝ վեճի մեջ մեղադրելով Սուսաննա Նազարյանի թոռանը. «Աշակերտներից մեկը հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է Մամեդովնան ծեծում 10-րդ դասարանի աշակերտուհուն՝ տետրը չբերելու համար, սակայն Մամեդովնան հայոց պատմություն եւ համաշխարհային պատմություն առարկաների օրերն էր խառնել: Մամեդովնան աշակերտներին լարված մթնոլորտում է պահել, սպառնացել նրանց եւ սոված շներ անվանել»:

Փորձելով պաշտպանել իր իրավունքները՝ Սուսաննա Նազարյանը նամակ էր ուղղել երկրի նախագահին եւ գլխավոր դատախազին, ինչից հետո նամակը հասցեագրվել է քննիչ Գրիգոր Մնոյանին. «Նա ինձ ասաց՝ «ուզում ես ՄԱԿ-ի նախագահին նամակ գրի, մեկ ա հասցեագրելու ա Սերժին, հետո՝ ինձ, ես էլ ինչ կուզեմ՝ կանեմ»: Ինչպե՞ս կարելի է նման քննիչին մարդկային ճակատագիր վստահել: Նախարարին էլ եմ դիմում գրել, սակայն ոչ մեկն ինձ չէր հավատում»:

Սուսաննա Նազարյանը տեղեկացրեց, որ այժմ իր դեմ հարուցված գործն արդեն գտնվում է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն հարկ եղած դեպքում նախկին տնօրենը պատրաստ է ճշմարտության համար պայքարել նաեւ միջազգային դատարաններում:

30 պատվոգրի արժանացած Սուսաննա Նազարյանին մեղադրել են նաեւ բռնապետ լինելու մեջ, մինչդեռ, տիկին Նազարյանի խոսքով, ինքը հետամուտ է եղել դպրոցական համապատասխան կարգուկանոնի պահպանմանը:

Նշենք, որ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկի ընթացքում ուսուցչակազմը եւ աշակերտները կանգնել են իրենց տնօրենի կողքին: Ի պաշտպանություն Սուսաննա Նազարյանի՝ հավաքվել է 1500 ստորագրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930