«Առավոտը» Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) հիմնադիր եւ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանին կես կատակ-կես լուրջ հարցրեց՝ ի՞նչ է 50 տարին նրա համար (այսօր աստղագետի ծննդյան օրն է): «50 տարին մի վայրկյան է տիեզերքի կյանքում: Մարդկային առումով 50 տարին անցած ճանապարհը արժեւորելու տարիք է, իսկ որպես աստղագետ, ուզում եմ շեշտել, թե ինչքան փոքր ենք մենք ու ինչքան կարճ ժամանակ է 50 տարին տիեզերքի կյանքում, այն դեպքում, երբ վերջինիս տարիքը մոտավորապես 14 մլրդ է գնահատվում: Անգամ մարդկության կյանքն է տիեզերքում մի ակնթարթ»,- պատասխանեց հոբելյար զրուցակիցը: Հավելենք, որ Արեգ Միքայելյանը ոչ միայն բեղուն գիտնական է եւ ունի լուրջ գիտական հետաքրքրություններ, որոնք վերաբերում են ակտիվ գալակտիկաների որոնումներին եւ ուսումնասիրությանը, աստղագիտական լայնածավալ շրջահայություններին, ենթակարմիր եւ ռենտգենյան աղբյուրներին, սպիտակ թզուկ եւ պայթյունային փոփոխական աստղերին, վիրտուալ աստղագիտությանը, այլեւ Facebook-ի ակտիվ օգտատեր է: Facebook-յան «Գիտական լրագրողներ» խումբ հիմնելու նախաձեռնությունը հենց Արեգ Միքայելյանին է պատկանում: Այդ խմբի նպատակն է միավորել գիտական թեմաներով գրող Հայաստանի լրագրողներին եւ տեղեկատվություն փոխանակել: Համաշխարհային վիճակագրության համաձայն, տարբեր երկրների ԶԼՄ-ներում գիտական հրապարակումների 50-90%-ը որեւէ կերպ առնչվում է տիեզերական թեմաներին. աստղագիտություն եւ աստղաֆիզիկա, տիեզերական թռիչքներ, տիեզերական աղետներ, աստղակենսաբանություն, այլմոլորակայիններ եւ այլն: 2010-ին հիմնադրված գիտական լրագրության խմբի շնորհիվ կտրուկ աճել է գիտության լուսաբանումը Հայաստանում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ