Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնը որոշել է կատակել

Հունիս 22,2012 13:54

 Իբրեւ երաժշտական գործիք «հանդես կգա» գրամեքենան

Արտավազդ Խաչիկյանը (կենտրոնում)՝ գործընկերների հետ:

Վերջին շրջանում, խաղացանկային ներկայացումներից բացի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսին է ներկայանում նաեւ գալա համերգներով ու սիմֆոնիկ երաժշտության երեկոներով:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 26-ին թատրոնի նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ եւ մեներգիչները (այդ թվում՝ Գեւորգ Հակոբյան, Աննա Մնացականյան, Արծվիկ Դեմուրչյան, Հայկ Տիգրանյան, Պերճ Քարազյան եւ այլն) հանդես կգան հերթական գալա համերգով (գալա՝ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է հանդիսավոր պալատական տոնահանդես):

«Առավոտի» հարցին, թե ինչով կտարբերվի այս գալան նախորդներից, Կ. Դուրգարյանն առանց փակագծերը բացելու հայտնեց, որ այս մեկը կտարբերվի մյուսներից իր փոքր-ինչ կատակային շեշտադրությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ համերգին, Հայաստանում առաջին անգամ, կհնչի Լերոյ Անդերսենի կոնցերտը՝ Գրամեքենայի եւ նվագախմբի համար: Մենակատարն է թատրոնի միմանսի (բեմական գործողությունների լուռ մասնակիցների խումբ) խմբի արտիստ Արտավազդ Խաչիկյանը: Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Օլգա Խաչիկյանի որդին է եւ սովորում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Մեր զրուցակիցը ներկայացնելով այս օրիգինալ ստեղծագործությունը, նախ տեղեկացրեց, որ 20-րդ դարի ամերիկացի կոմպոզիտոր Անդերսենը նվագախմբային թեթեւ երաժշտության մեծագույն վարպետներից է եւ ստեղծագործողին ուղղված այս բնութագրումը պատկանում է դարձյալ 20-րդ դարի ամերիկացի անվանի կոմպոզիտոր ու դիրիժոր Ջոն Ուիլյամսին. «Կոմպոզիտորն առաջին անգամ Գրամեքենայի եւ նվագախմբի համար երկը հնչեցրել է 1925 թվականին՝ Քեմբրիջի բարձրագույն երաժշտական դպրոցի նվագախմբի հետ, այնուհետեւ այն կատարվել է ամերիկյան «Boston Pops» նվագախմբի եւ դիրիժոր Արթուր Ֆիդլերի մեկնաբանությամբ, իսկ հետագայում օրիգինալ այս գործին ուշադրություն են դարձրել եվրոպական ճանաչված նվագախմբերի ղեկավարներ: Վաղուց արդեն այս երաժշտական կատակին անդրադառնում են ռուսաստանյան նվագախմբերը, այդ թվում՝ Սպիվակովի ղեկավարած «Մոսկովյան վիրտուոզները»:

Հետաքրքրվեցինք, թե դաշնակահար մայրը խորհուրդ չի՞ տվել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել կոնսերվատորիայում, Արտավազդը մի պահ հապաղելուց հետո նախ շեշտեց, թե ընդհակառակը՝ մայրը խրախուսել է իրավաբան դառնալու իր որոշումը, հետո էլ պատասխանեց. «Այս տարի մորս մանկավարժական ու բեմական գործունեության 40-ամյակն է: Նա հանդես է եկել հայաստանյան եւ արտերկրյա բազմաթիվ օպերային աստղերի հետ, բայց ես տեսնում եմ, որ գոնե մինչ օրս այդ ամենն արժանվույն չի գնահատվում, մինչդեռ արվեստագետին ամեն ինչից առավել ուշադրություն է պետք…»: Ինչ վերաբերում է մասնագիտությանը, մեր զրուցակիցն ասաց, որ իսկապես սիրում է իրավաբանությունը, բայց, մյուս կողմից՝ առանց բեմի էլ չի կարող, ինչի ապացույցը օպերային թատրոնում աշխատելն է. «Ի դեպ, առանց միմանսի խմբի չեն իրականանա մեծակտավ ներկայացումներ, իսկ լուռ դերերը գուցեեւ ավելի խոսուն են, եւ արտիստից պահանջում են վարպետություն»: Տեղեկանալով, որ իրավաբանական կրթություն ստանալուց հետո մեր զրուցակիցը պատրաստվում է երգիչ դառնալ, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ գուցե սկսե՞լ է մոր ղեկավարությամբ վոկալի գաղտնի պարապմունքները եւ մի օր էլ անակնկալի կբերի բոլորին, Արտավազդը ընդամենն ասաց. «Չի բացառվում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930