Լրահոս
Օրվա լրահոսը

Գովեցին նոր «Ջոն արքան»՝ մոռանալով հաջողված հինը

Հունիս 22,2012 13:47

Մայիսի 16-17-ին «Գլոբուս» թատրոնում Համաշխարհային շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն էր ժամանել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Վերադարձին մարդիկ հայտարարեցին, որ հաջողությամբ են հանդես եկել «Գլոբուսի» բեմում՝ պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքսպիրի «Ջոն արքան»: Այդ առիթով կայացած ասուլիսում սունդուկյանցիները նաեւ միտք հնչեցրին, թե Շեքսպիրի հայրենիքը շեքսպիրյան գործի նման մեկնաբանություն, ի դեմս երեւանյան «Ջոն արքայի», դեռ չի տեսել:

Օրերս էլ սունդուկյանցիները նախագահին ու նրա տիկնոջն են ցույց տվել՝ իրենց ներկայացմամբ բրիտանացիներին շշմեցրած «Ջոն արքան»: Հիշեցնենք, որ բեմադրությունն իրականացրել է սերիալներում մաֆիոզի կերպարով «փայլող» Տիգրան Գասպարյանը, իսկ գլխավոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է:

Ի դեպ, նախագահի՝ թատրոն գալու օրը հավաքվել էր մշակութային էլիտան կամ՝ իրենց այդպիսին համարողները: Եվ բնականաբար մի ներկայացման մասին, որը նախագահն էր եկել դիտելու, միայն հաճելի խոսքեր հնչեցին, ու որեւէ մեկն իրեն թույլ չտվեց բացասաբար արտահայտվել: Փաստենք, որ ներկայացման առաջին մասը չավարտված՝ ոմանք լքեցին դահլիճը:

Դառնալով «Ջոն արքային»՝ նշենք, որ մեր սուբյեկտիվ կարծիքով՝ այն առանձնապես տպավորիչ չէր, եւ առաջին 20 րոպեին չէր ընկալվում, թե ինչի մասին է խոսքը, իսկ դերասանները, այդ թվում՝ Արմեն Մարությանն ու Տիգրան Ներսիսյանը, հավանաբար լավ խաղալու համար ավելորդ ճիգեր գործադրելով՝ ուղղակի գոռում էին, ոմանք էլ մնացել էին սերիալային իրենց հերոսի «տակ»: Խոսքը մասնավորապես Արամ Հովհաննիսյանի մասին է՝ ասես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Գոռի հայրն էր խոսում բեմի վրա: Հաջողված էր դերասանուհի Նելլի Խերանյանի խաղը:

Ներկայացման մեջ հայկական երաժշտություն էր հնչում. ըստ «Գլոբուսի» կանոնների, պարտադիր է եղել կենդանի երաժշտության առկայությունը եւ արհեստական լուսավորության բացակայությունը: Նշենք, որ հայկական երաժշտության «մասով» սունդուկյանցիները գաղափարը «թխել» էին Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի եւ Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծ «12-րդ գիշեր»-ից, որտեղ ռուս արտիստները մի կտոր ռուսերեն երգ էին երգում:

Հավելենք, որ ժամանակին հայ թատրոնը փառահեղ Ջոն արքա է ունեցել՝ եւ կերպարի, եւ բեմադրության առումով: 1980 -ին շեքսպիրյան նույն գործը բեմադրել է սիրված դերասան եւ ռեժիսոր Խորեն Աբրահամյանը, իսկ Ջոն արքային մարմնավորել՝ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Մասնագետները հավաստիացնում են, որ վարպետը զիլ էր խաղում ու այն լավագույն կերպարներից էր՝ Մացակից հետո («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի): Իսկ աբրահամյանական բեմադրությունն ուղղակի անկրկնելի է եղել եւ հանդիսատեսին էլեկտրականացնող:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930