Սահմանադրական դատարանը ժամը 12.30-ին հրապարակեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Ներսիսյանի դիմումի հետ կապված որոշումը: Թեկնածուն պահանջում էր անվավեր ճանաչել ընտրության արդյունքները փաստող 41-Ա որոշումը: ՍԴ-ն տեղեկացրեց, որ ձեւավորվել է 48 ընտրական տեղամաս, առաջադրվել է 4 թեկնածու եւ վերոհիշյալ 17 ընտրատարածքում ընտրողների թիվը եղել է 65020: Ի դեպ, այս տարածքում գործել է 225 դիտորդ՝ 15 հասարակական կազմակերպություններից: Ընտրական գործընթացի ժամանակ որեւէ հատուկ կարծիք չի եղել: ՍԴ-ն արձանագրեց, որ հիմնական խախտումները վերաբերել են 17/27 ընտրատեղամասին: Այստեղ դիտորդը սատարել է թեկնածուին: Ի դեպ՝ հաղթող թեկնածուն եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորագույն ազգականը՝ Կարինե Պողոսյանը: ՍԴ-ն տեղեկացրեց, որ արձանագրվել են կրկնակի քվեարկության դեպքեր, որի մասին նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում: ՍԴ-ն արձանագրեց. «Դատարանը հաստատված է համարում դիմողի պնդումները: 17/27 ընտրատարածքում ոչ հավաստի են ընտրության արդյունքները»: Ըստ այդմ՝ կրճատվեց հաղթող եւ երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուների ձայների տարբերությունը, որը կազմել է 20639: Այնուհանդերձ, ՍԴ-ն գտավ, որ դա չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա եւ 41-Ա որոշումը թողնվեց ուժի մեջ: Այդուհանդերձ, ՍԴ-ն դիմողին պարտավորեցրեց «փոստով ուղարկված եւ անհետացած նյութերով» դիմել գլխավոր դատախազություն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ