ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին քննադատական ելույթից հետո, այնպես ստացվեց, որ փոխանակ դեմ քվեարկեր, ինչպես որոշել էր ՀՅԴ ֆրակցիան, չի քվեարկել: Սա տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել: Այսօր պարոն Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ, բնականաբար, ինքը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին. «Ով լսել է իմ ելույթը ԱԺ-ում, կարծում եմ, պիտի այնքան խելք ունենար, որ հասկանար: Թե ինչ է գրել մամուլը՝ չեմ կարդացել, կարծում եմ՝ թերթերից մեկն է զառանցել: Իսկապես, համակարգը չի գրանցել իմ դեմ-ը: Բայց քվեարկությունից անմիջապես հետո մեր ֆրակցիան ամբողջ դահլիճի ներկայությամբ հայտարարեց, որ եղել է համակարգի սխալ, եւ մենք բոլորս միացյալ դեմ ենք քվեարկել: Մնացածն արդեն սովոր մարդիկ են՝ սովոր գործելակերպով, որի վրա ես թքած ունեմ»:
Մեր դիտարկմանը, որ երեկ քվեարկության ժամանակ Ձեր դեպքը միակը չէր, ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանի քվեարկության դեպքում էլ խնդիրներ են եղել: Նա լրագրողներին վստահեցրել էր, որ դեմ է քվեարկել, բայց պարզվեց՝ ձեռնպահ է եղել: Այս առնչությամբ պարոն Վարդանյանն ասաց. «Տեղյակ չեմ, թե ով ինչպես է քվեարկել, ինչ սխալ է եղել, թե չէ: Բայց կրկնում եմ, որ ով ծանոթ է իմ ելույթին, գիտի, որ բնականաբար չէի կարող այլ բան հայտարարեի ու այլ կերպ գործեի: Ուղղակի տարակուսելի է, որ կան լրատվամիջոցներ, այնքան ինտելեկտ չունեն, որ կարող են նման բաների վրա ինչ-որ հետեւություններ անել»: Մեր հարցին՝ դա ըստ էության ոչ թե Ձեր, այլ ՀՅԴ-ի՞ դեմ էր ուղղված՝ նա պատասխանեց. «Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Ով ինչ անի՝ իրեն կանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ