Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանն այսպե՞ս է շարունակելու

Հունիս 22,2012 13:35

Երբ փաստաբանները բողոքի ակցիաներ են անում եւ վճռաբեկ դատարանից պահանջում, որպեսզի կատարի Սահմանադրության, Սահմանադրական դատարանի որոշումների ու դատավարական օրենսգրքերի այն պահանջները, որոնցով օրենսդիրը (ժողովուրդն ու ԱԺ-ն) խնդիր է դրել վճռաբեկ դատարանում նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, վճռաբեկ դատարանից պատասխանում են, որ ինչպես աշխատել ենք, այդպես էլ շարունակելու ենք աշխատել:

Իսկ այն, թե վճռաբեկ դատարանում ինչպես են աշխատում, ցույց կտանք այս եւ հետագա այլ հրապարակումներով:

Սիլվա Ասատրյանի գործի, նրա նկատմամբ դատարանների ու իրավապահ մարմինների կողմից կատարված ապօրինությունների մասին բազմիցս է գրվել, մասնավորապես, Եվրոպական դատարանն արդեն իսկ Սիլվա Ասատրյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել այն բանի համար, որ նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը լրանալուց հետո վերաքննիչ քրեական դատարանը փոխանակ նրան ազատ արձակեր, թույլ է տվել, որպեսզի դատարանի դահլիճից հատուկ ծառայության աշխատակիցներն առեւանգեն ու տանեն անհայտ ուղղությամբ: Այս գործով, ի դեպ, բերվել էր նաեւ վճռաբեկ բողոք, վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ էր ընդունել եւ օր ու ժամ նշանակել, սակայն դատական նիստի օրը մի գրություն տրվեց այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ վճռաբեկ դատարանն այլեւս կալանքի գործերով բողոքները չի քննելու: Բնականաբար, դա այդպես չէր, եւ հետագայում (մինչ օրս) վճռաբեկ դատարանն այլ անձանց վերաբերյալ կալանքի գործերով բողոքները վարույթ էր ընդունում եւ քննում: Սա նշանակում է, որ վճռաբեկ դատարանը կարող է իրեն թույլ տալ կոնկրետ անձի վերաբերյալ արդարադատություն իրականացնելուց հրաժարվել՝ ընդհուպ Սահմանադրությանը հղում կատարելով: Սա է վճռաբեկ դատարանի գործելաոճը, որը վերջինս ցանկանում է շարունակել:

Սիլվա Ասատրյանը Եվրոպական դատարան է դիմել նաեւ հիմնական գործով, որով իրեն 9 տարվա ազատազրկման են դատապարտել՝ որպես մի պատգամավորի մահափորձի դրդիչ: Վերաքննիչ դատարանը Սիլվա Ասատրյանին մեղավոր էր ճանաչել դատարաններում չհարցաքննված, ինչպես նաեւ գրավոր ցուցմունքները չհրապարակված ու չհետազոտված 4 անձանց ցուցմունքների հիման վրա (այլ բան է, որ այդ ցուցմունքներն իրենց բովանդակությամբ ոչ թե Սիլվա Ասատրյանի մեղավորությունը, այլ անմեղությունը հաստատող են), այն դեպքում, երբ դա մարդու իրավունքների ուղղակի խախտում է, քանի որ եթե որեւէ մեկին դատապարտում են, ապա նա գոնե պետք է իմանա, թե ինչ ապացույցների հիման վրա, եւ հնարավորություն ունենա դատարանում վիճարկել այդ ապացույցներն ու հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձանց:

Վճռաբեկ դատարանը, սակայն, առանց պատճառաբանության բողոքը վերադարձրեց, որից հետո էլ Սիլվա Ասատրյանը դիմեց ինչպես Սահմանադրական դատարան, այնպես էլ Եվրոպական դատարան:

Սահմանադրական դատարանը 4 անգամ հակասահմանադրական է ճանաչել Սիլվա Ասատրյանի նկատմամբ վճռաբեկ դատարանի կիրառած օրենքները կամ գտել է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն վճռաբեկ դատարանն է Սահմանադրությանը հակասող իմաստով կիրառել:

Թեեւ Սահմանադրական դատարանի որոշումները նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ դատարանի որոշումները բեկանելու հիմք են, սակայն վճռաբեկ դատարանն այդպես էլ չկատարեց օրենքի պահանջը եւ չբեկանեց իր որոշումները եւ հրաժարվեց Սիլվա Ասատրյանի բողոքը ըստ էության քննել՝ իր որոշումների հիմքում եւս դնելով վերաքննիչ դատարանի վկայակոչած այն վկաների ցուցմունքները, որոնք դատարանում չեն հարցաքննվել, եւ որոնց ցուցմունքները չեն հրապարակվել ու հետազոտվել:

Այսինքն՝ վճռաբեկ դատարանը գտնում է, որ մարդուն կարելի է ազատազրկման դատապարտել դատարանի կողմից չհետազոտված ապացույցների հիման վրա, եւ ինքն էլ իր որոշման հիմքում դրել է այդ ապացույցները:

Արդյունքը եղավ այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 15.06.2012թ.-ին ՀՀ կառավարությանը հարցեր է ուղղել Սիլվա Ասատրյանի գործով, որոնցից են հետեւյալները. «Արդյոք վկաներ Լ. Գ.-ի, Ա. Ա.-ի, Ա.  Բ.-ի եւ Ա. Ա.-ի ցուցմունքները, որոնք ընկած են քրեական վերաքննիչ դատարանի որոշման հիմքում, քննվե՞լ են դատարանում,

– եթե ոչ, ապա արդյոք դրանով խախտվո՞ւմ է դիմողի՝ մրցակցային դատավարության իրավունքը, ինչպես դրանք երաշխավորված են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի «1-ով»,

– եթե այո, ապա արդյոք դիմողը հնարավորություն ունի՞ կամ ունեցե՞լ է՝ քննելու այդ վկաներին: Եթե ոչ, արդյոք դա խախտո՞ւմ է դիմողի իրավունքը՝ քննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին, որը երաշխավորվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի «1-ով» եւ 3 (d)-ով»:

Ահա այսպես է գործել մեր վճռաբեկ դատարանը եւ ցանկանում է շարունակել այդպես գործել, իսկ դրա համար էլ կառավարությունն է ստիպված լինելու պատասխան տալ Եվրոպական դատարանին: Դե, իսկ այն, որ վճռաբեկ դատարանի նման գործելաոճի արդյունքում անմեղ մարդիկ են ազատազրկման դատապարտվում ու պատիժ կրում, դա հարցի մյուս կողմն է:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան, հանձնախմբի անդամ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930