Նրանք 20 տարի անց էլ դեռեւս բնակարանային, զբաղվածության, կրթության, իրավական ու հոգեբանական խնդիրներ ունեն:
Տիկին Ժենեֆի ընտանիքը 9 տարի առաջ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից պատերազմի պատճառով տեղափոխվել է Հայաստան: Իրաքից բռնագաղթված փախստականներն իրենց հետ կարողացել են միայն հագուստ բերել. տուն, ավտոմեքենա եւ այլ կենցաղային իրեր անգամ չեն կարողացել վաճառել, որ գոնե գումարի վերածեն եւ հայրենիքում իրենց համար մի ճար անեն: Երեկ Փախստականների միջազգային օրվա առիթով Արարատի մարզի Դարբնիկ գյուղ էր այցելել Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա մասնակցեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հ/կ-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) աջակցությամբ կազմակերպած միջոցառմանը: Դարբնիկում բնակվող Ադրբեջանից եւ Իրաքից բռնագաղթված հայերն իրենց ձեռքի աշխատանքների եւ ուտեստների ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել: Մեկ տարի առաջ Դարբնիկում «Առաքելություն Հայաստան»-ի միջոցներով վերանորոգվել եւ իրաքահայերին է հանձնվել 46 բնակարանով ու կոմունալ հարմարություններով հանրակացարանը, որտեղ այժմ 35 ընտանիք է բնակվում: Երեկվա միջոցառմանը իրաքահայերը մեծից փոքր պատրաստվել էին: Մեծերը ձեռքի աշխատանքներ, արաբական ուտեստներ էին հանել վաճառքի, փոքրերն էլ հյուրերի համար համերգ էին կազմակերպել:
Կարդացեք նաև
Չնայած կատարված աշխատանքներին՝ փախստականները դեռեւս բնակարանային, զբաղվածության, սոցիալական ապահովության, կրթության, իրավական ու հոգեբանական խնդիրներ ունեն: 2011թ. դրությամբ ՀՀ-ում ապաստան գտած փախստականներից շուրջ 5000 ընտանիք դեռեւս ապահովված չեն բնակարանով, որոնցից 1200-ը բնակվում են հանրակացարաններում, հյուրանոցներում, վագոն-տնակներում, ինքնաշեն կացարաններում, իսկ մնացածը՝ հարազատների տներում: «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ փախստականների համար բնակարաններ կառուցելու գործում մեծ օժանդակություն են ցուցաբերել ՄԱԿ-ի ՓԳՀ-ն, Գերմանիայի եւ Նորվեգիայի կառավարությունները, որոնց աջակցությամբ մոտ 5500 ընտանիքներ ապահովվել են բնակարաններով: Ըստ տիկին Կիրակոսյանի՝ հատկապես ծանր է այն փախստականների վիճակը, որոնք կարգավիճակ՝ քաղաքացիություն են ստացել: Այդ մարդկանց միջազգային կազմակերպությունները չեն օգնում, եւ պետք է հարցը հայրենի կառավարությունը լուծի: Պարոն Եգանյանի տվյալներով՝ միայն այդ 1200 ընտանիքի բնակարանի խնդիրը լուծելու համար կպահանջվի $45 միլիոն:
Բաքվի կենտրոնից Դարբնիկ գյուղ արտագաղթած Կարինե Պողոսովան ոչ մի կերպ չի հարմարվում այն միջավայրին, որտեղ արդեն 20 տարուց ավելի ապրում է. «Երկու տարի է՝ մեր տան հարցով նամակներ ենք գրում: Ի՞նչ է, մեզ այստեղից գերեզմաննե՞ր են միանգամից տանելու, գոնե մեր տնից մեզ վերցնեն: Մարդկանց կեսն արդեն մահացել է, սպասում են, որ մնացածներն է՞լ մահանան, որ մնան մի 10 հոգի»: Բաքվի փախստականները երեկ Գագիկ Եգանյանից տուն էին պահանջում: Դարբնիկում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ «Ընտրյալներ» երգի-պարի համույթը, որի անդամները 70-80 տարեկան տարեցներ էին: Նրանք «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի շահառուներն էին, որոնք 3-4 պար կատարեցին:
Համույթի անդամներն իրենց պարապմունքներն անցկացնում են Ավան համայնքում գործող ծերապարտեզում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ