Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե լիներ այնպես

Հունիս 22,2012 13:18

Եվ եթե լինի այնպես, որ կռվի մեջ մտնես, պետք է զենքդ ճիշտ ընտրես, քանի որ սխալ ընտրված զենքը տանում է սխալ կռվի, այսինքն թե՝ կռիվդ էլ անարդար է:

Եվ եթե որոշել ես կուլ տալ քեզանից փոքրին, մի մոռացիր, որ դու այլեւս չես լինի դու, որովհետեւ քո ներսում կսկսի ապրել ուրիշի արյունը, ուրիշի բնույթը, որը քոնը չէ, եւ շարունակ կդիմադրի, քանի որ օտար է քեզ, այսինքն թե՝ դու կորցնում ես դեմքդ, տեսակդ, առաքելությունդ, ինչի համար որ հայտնվել էիր աշխարհում այս: Եվ մի օր կերեւա քեզանից մեծը, որը վաղուց արդեն հայտնվել է՝ կուլ կտա քեզ:

Եվ եթե լինի այնպես, որ սեփական երկրի ներսում դրոշի նման փողփողես ազատություն բառը եւ մոռանաս խիղճը, դու կկորցնես քո իսկ ազատությունը, որովհետեւ փոքրից ազատվել հնարավոր չէ, որովհետեւ քո միջով հոսող նրա արյունը վրեժ կլուծի քեզանից ու կտանի քեզ ավելի մեծ անազատության, քանզի դարձյալ կհայտնվի օտար մեծը, որը չափ կդնի քո՝ արդեն խաթարված ազատությանը: Ու դու կդառնաս իր գերին. դու ուզում ես հասնել ազատության՝ փոքրին ոչնչացնելու ճանապարհով՝ մոռանալով, որ առաջին հայացքից թվացյալ փոքրը քեզ համար մահն է, որն ապրում է քո ցանկությունների սրտում եւ քո կամքից անկախ իշխում եւ տնօրինում է քեզ ու քո կյանքը: Քանի որ ինչպես մարդը, այդպես էլ ազգերը չեն կարող ազատ լինել՝ ուրիշի ազատությունների հաշվին…

Եվ եթե լիներ այնպես, որ ժամանակը եւ պատմությունը պետականություն ունեցող ժողովուրդներին կարողանային զրկել պետություն ունենալու իրավունքից՝ պետական կյանքով ապրելու իրենց անընդունակության պատճառով, ապա թերեւս կչափավորվեին մեծերի մեծ իրավունքները, ուր անձի ազատության հետ միասին ժողովուրդները կունենային ինքնորոշման, ինքնուրույն ապրելու պարզ իրավունք:

Եվ իմաստուն հեռատեսությամբ կվերադարձնեին, ազգերին այն, ինչը պատկանում է իրենց եւ թույլ չտալով ապստամբել եւ ուժով խլել, քանի որ լավ պետությունը այն է, որ չի ստեղծում թշնամի ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, եւ ճիշտ է այն հրամանատարը, որ շրջանցում է պատերազմը…

Եվ եթե լիներ այնպես, իսկ կարծես թե մոտենում են այդ ժամանակները, որ ուղղվեին ի սկզբանե ծուռ դրված հայելիները, եւ ամեն մի ցեղ տեսներ իր դեմքը՝ մաքուր, ամբողջական, եւ չտեսներ իր թիկունքում որեւէ մեծի, այլ տեսներ երկինքը բաց, ու լույսի հետ ծփացող՝ անհայտ հավերժությունից մեզ նայող Աստծո կանաչ աչքերը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930