Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կլիզմայի» ժամանակն անցնում է

Հունիս 22,2012 12:59

17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ Ազգային ժողովում կարող է հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր եւ այլն: Մենք սովոր ենք, որ իշխանությունը հարցերը դնում է «չորով»՝ «պոլի փետ լինի, միայն թե մեր կուսակցությունից», «100 տոկոս էլ հավաքեն, միեւնույն է՝ մենք ենք իշխելու»: Նման կարծր մոտեցումների արդյունքում նախորդ գումարումների Ազգային ժողովում իշխանությունն ուներ ճնշող մեծամասնություն, եւ հատուկենտ ընդդիմադիր ձայներն ուղղակի կորում էին «ադաբրյամսի» հզոր երգչախմբում: Հիմա մթնոլորտը փոխվել է, եւ պառլամենտը (աչքով չտանք) սկսել է կատարել իր գործառույթները: Լա՞վ է արդյոք, որ քաղաքական իրավիճակը փոխվել է: Ինձ թվում է՝ այո, լավ է: Ոչ բոլորն են դրա հետ համաձայն: ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն, օրինակ, որը, կարծես, ընդհանուր առմամբ, ժողովրդավարության կողմնակից է, բացասական իմաստով համեմատություններ է անում գորբաչովյան ժամանակի հետ: Հավանաբար, որոշակի կարոտախտ ունի այն տարիների նկատմամբ, երբ նրա ղեկավարը բոլոր խնդիրները «կլիզմայով» էր լուծում:

Նոր գումարման ԱԺ-ի աշխատանքի առաջին օրերը ցույց տվեցին նաեւ մեկ այլ բան: Չնայած «գործարար» ճահիճը առկա է ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում, զգացվում է, որ նման գործիչների ժամանակը կամաց-կամաց անցնում է: Ոչ թե նրանք ինչ-որ հրեշներ են կամ այս երկրին ուզում են վնաս տան: Ոչ, պարզապես նրանք քաղաքական դաշտում են ժամանակավրեպ, հնացած, եթե ուզում եք՝ մոդայից դուրս: Հաստ վզներն ու շղթաները, ամեն ինչի ընդունակ թիկնապահները, ինքնագոհ գռեհկությունը՝ այս ամենն այլեւս առաջվա տպավորությունը չի թողնում, եւ հատկապես խորհրդարանի լավ կամ վատ, քիչ թե շատ պատրաստված քաղաքական գործիչների ֆոնի վրա նայվում են որպես ռուդիմենտ, համարյա որպես «կլիզմա»:

Իսկ որ գրեթե ամեն մի հարցի քննարկման ժամանակ պետք է հնչեն ժողովրդահաճո ելույթներ, այսպես ասած, «արշակսադոյանիզմներ»՝ «անդունդի եզրին ենք», «թալանեցին, ժողովրդի արյունը խմեցին» եւ այլն, դրա վրա պետք չէ զարմանալ. այս կամ այն երանգավորմամբ նման ելույթներ հնչում են աշխարհի բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական խորհրդարաններում: Այ, Ադրբեջանի այսօրվա Միլի մեջլիսում դուք «սադոյանիզմ» դժվար թե լսեք: Պոպուլիզմը նույնպես ժողովրդավարության նշան է՝ եթե կարեւորում են ժողովրդին հաճելի լինելը, ուրեմն հավատ կա, որ հասարակությունը կարող է գործոն լինել: Հատկապես վարչապետը չպիտի զարմանա նման ելույթների վրա՝ չէ՞ որ պարոն Սադոյանը իր կուսակցական ընկերն էր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930