Ընկերությունը միտված է լինելու դեպի արտաքին շուկա
ՀՀ կառավարությունը որոշել է «Աստրա Կրիստալս» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. հունիսի 1-ից մինչև 2014 թ. փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. հունիսի 1-ը։ Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և նախատեսում է կազմակերպել տեխնիկական բյուրեղի աճեցման և մշակման, ինչպես նաև տեխնիկական սապֆիրի մաքուր հումքի տեղական արտադրություն։ Ռուսական և չինական նորագույն տեխնոլոգիայով ու սարքավորումով հագեցած նոր գործարանն ամսական կարտադրի մոտ 2 տոննա բյուրեղ և 3 տոննա մաքուր հումք։ Վերջնական արտադրանքը միտված է լինելու դեպի լուսադիոդային շուկա, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական սապֆիրի սպառման զգալի մասը։ Սարքավորումների ձեռքբերման համար ներդրվելու է շուրջ 4.2 մլրդ դրամ, ստեղծվելու է առնվազն 20 որակյալ աշխատատեղ` մոտ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքը նախատեսվում է իրացնել Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության շուկաներում։ «Մենք այս գործարանում եղել ենք, – ասել է վարչապետը։ – Ներկրվում են ժամանակակից իտալական սարքավորումներ։ Առաջին սարքավորումն արդեն գործարկվել է, և բյուրեղների աճեցման գործընթացն իրականանում է։ Մեծ ծավալի արտահանում ենք ունենալու այս ձեռնարկության գործարկման շնորհիվ։ Այնպես որ այս տարվա մեր արդյունաբերական քաղաքականության կարևորագույն նվաճումներից մեկը կլինի այս ձեռնարկությանն օժանդակելը»։
Կարդացեք նաև
Կառավարությունն իր նիստում ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է համապատասխանության պարտադիր հավաստմանը` դրանով իսկ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին, մասնավորապես, Ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կառավարության ծրագրում, որը երեկ Ազգային Ժողովը հաստատեց, ամրագրել ենք, որ հայկական սննդամթերքը պետք է անվտանգ լինի։ Այժմ այս որոշմամբ վերացնելով կարգերը` մենք այդ անվտանգության համար ռիսկեր չենք ստեղծելու։ Մեր փոփոխությունների տրամաբանությունը հետևյալն է. բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան ներքին հսկողություն՝ լաբորատորիաներ։ Նրանք պարբերաբար պարտավոր են ստուգել, թե իրենց արտադրած սննդամթերքի մեջ ինչ և ինչքան վտանգավոր տարրեր կան։ Եվ եթե մենք ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն ենք իրականացնում, առաջին հերթին պետք է վստահ լինենք, որ իրենք այդ ներքին համակարգն ունեն։ Երկրորդ, եթե շուկայում մենք կհայտնաբերենք որևէ սննդամթերք, որը վտանգավոր է, կնշանակի, որ այդ ձեռնարկություններն իրենց անվտանգության համակարգը ճիշտ չեն շահագործում և նրանց այդ դեպքում կպատժենք։ Սա է տրամաբանությունը։ Ձևական ստուգումից անցնում ենք բովանդակային ռիսկերի գնահատմանը»։
Գործադիրը որոշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմից հանել Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի հյուրանոցի շենքը և Կատո մակնիշի հատուկ ավտոկռունկը և դրանք համապատասխանաբար հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններին` արտադրական նպատակներով օգտագործելու համար։
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են այդ որոշումն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «2008» թվագրմամբ դրոշմավորված ապրանքի փաստացի մնացորդի վերադրոշմավորման կարգը սահմանելու անհրաժեշտությամբ։
Պետության ծրագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը
Կառավարությունը հավանություն է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թթ. ծրագրին։ Արգելավայրը, որը գտնվում է Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, կազմավորվել է 1958 թվականին։ Դրա պահպանության օբյեկտն է Հարավային Կովկասում բնական ջուզգունի միակ ամբողջական աճման էկոհամակարգը` իր յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆինանսավորվող «Արփի» լճի ազգային պարկի ստեղծում» ծրագրի իրականացման ժամկետը երկարացնելով մինչև 2012 թ. նոյեմբեր ամիսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ բնապահպանությունը մեր հանրությանը հուզող կարևորագույն հարցերից է։ «Պետության ծրագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը», – շեշտել է վարչապետը և ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել լրատվական միջոցներով ներկայացնել արգելավայրերի զարգացման ծրագրերը։
ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որի պահանջը` ճշգրտված ու թարմացված տեղագրական քարտեզների ստեղծումը, կապված էր ռուսական Ռեսուրս-ԴԿ-1 արբանյակից ստացվելիք տվյալների հետ։ Սակայն երկար տարիների շահագործումից նկարահանման ճշգրտությունը կորցրած արբանյակը տարեվերջին փոխարինվելու է նորով։ Դրանից հետո միայն կճշգրտվեն ու կթարմացվեն ՀՀ զգալի տարածքի տեղագրական քարտեզները։
Եվս մեկ նախկին որոշման փոփոխությամբ գործադիրը հստակեցրել է «Ընդերքի մասին» օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակում Օգտակար հանածոների պաշարների գործակալության գործառույթները։
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «Պահուստ» ՊՈԱԿ-ից հետ է վերցրել Աբովյան քաղաքում տեղակայված պահեստային շինությունները և հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը. այնտեղ կտեղակայվի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության սարքավորումների, դեղորայքի և այլ գույքի կենտրոնական բազան։
Մեծացվում է զորահավաքային առաջադրանքի աջակցությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը,
– սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը,
– Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակում նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնության կիրառման կարգը,
– համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություն սահմանելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգերը,
– ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները, կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում նշված ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների կարգը։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սնանկության մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել սնանկության վարույթում գտնվող պարտապանի գույքի օտարման ավելի կարճ ժամկետ և պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացում։
Գործադիրն ընդունել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2012 թ. հուլիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարության որոշմամբ Էդգար Ղազարյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նրան, մաղթել արդյունավետ աշխատանք։
Սահմանադրության օրվա կապակցությամբ գործադիրը որոշել է 2012 թ. հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել է հուլիսի 14-ը` շաբաթ օր։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ