Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծրագիրը թողած՝ ընկել են նախորդի հետեւից

Հունիս 22,2012 12:22

Կառավարության գործունեության ծրագրի քննարկումները խորհրդարանում բուռն ընթացք ստացան։ Իսկ քննադատության հիմնական թեման ոչ թե նոր ծրագիրն էր, այլ նախորդի կատարողականը։ Պատահական չէր, որ ելույթ ունեցողներից շատերն անգամ չէին էլ անդրադառնում ներկայացված ծրագրին, որն իսկապես նոր մոտեցումներ է պարունակում։

Չկատարելով նախորդ ծրագիրը, Տ.Սարգսյանի գլխավորած նոր կառավարությունը, ըստ էության, հայտնվել է թիրախային վիճակում։ Նրան քննադատում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ նախկին գործընկերները։ Խոսքն այս դեպքում բնականաբար վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը նույնքան պատասխանատվություն է կրում նախորդ կառավարության չկատարված ծրագրերի համար, որքան իշխանության մաս կազմող մյուս ուժերը։
Չորս տարի շարունակ այս կուսակցությունը մասնակցություն է ունեցել գործադիր մարմնում, իսկ հիմա փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն ընդհանրապես մեղքի բաժին չունի կառավարության ծրագրի չկատարման գործում։ Սա, մեղմ ասած, ազնիվ չէ։
Անշուշտ վատ է, երբ կառավարության ծրագիրը չի կատարվում։ Բայց այդ փաստաթուղթը քննադատողներից շատերը չեն անդրադառնում պատճառներին։ Այնինչ այդպիսիք բազմաթիվ են, ընդ որում, թելադրված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։
Կասկած չկա, որ ճգնաժամը Հայաստանի տնտեսության ու սոցիալական իրավիճակի վրա ծանր հետք թողեց։ Երկիրն ուղղակի պատրաստ չէր դրան։ Սակայն փաստ է, որ շատ բան կախված էր ոչ թե ներքին, այլ արտաքին գործոններից։ Անշարժ գույքի գների անկումը հանգեցրեց շինարարության ոլորտում կատարվող մեծածավալ ներդրումների կրճատման, ինչն էլ մեծապես ազդեց տնտեսական ցուցանիշների վրա։
Սա օբյեկտիվ գործոն էր, որ թելադրված էր դրսից։ Այդ նույն գործընթացները տեղի էին ունենում նաեւ ուրիշ երկրներում։ Այլ հարց է, որ Հայաստանում շինարարության մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ շատ ավելի մեծ ծավալ ուներ։ Դա էլ պատճառ դարձավ, որ տնտեսական անկման տեմպն ավելի մեծ լինի։ Սա իրականություն է, որ չպետք է անտեսել։
Ասել, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել այդ վիճակից դուրս գալու համար, անշուշտ, ճիշտ չէ։ Բիզնեսի հետաքրքրությունները շինարարության նկատմամբ պահպանելու նպատակով տրամադրվեցին պետական որոշակի օժանդակություններ։
Մյուս կողմից՝ փորձ արվեց խրախուսել վճարունակ պահանջարկը։ Կիրառվեցին եւ կիրառվում են հիպոթեկային վարկավորման միջոցով բնակարանների ձեռքբերման մեխանիզմներ։ Դրա համար ստեղծվեցին նաեւ որոշակի արտոնյալ պայմաններ։
Ճիշտ է, ընտրված մոտեցումը չտվեց այն արդյունքը, ինչը ցանկալի կլիներ։ Բայց կային լուրջ պատճառներ։ Խնդիրը ճգնաժամի հետեւանքով սոցիալական լարվածության խորացումն էր, մարդկանց եկամուտների նվազումը։ Որքան էլ կառավարությունը փորձեց ծախսեր չկրճատելու միջոցով թույլ չտալ սոցիալական վիճակի կտրուկ վատացում, դա չհաջողվեց։ Աղքատությունը թռիչքային աճ գրանցեց՝ 23-ից հասնելով շուրջ 36 տոկոսի։
Սա էլ նոր կառավարության գործունեության ծրագրի քննարկումների ընթացքում դարձել է առանցքային քննադատություններից մեկը։ Սակայն թե որն էր այդ ամենի բուն պատճառը, քչերին է հետաքրքրում։
Հայաստանում աղքատության խորացումն առաջին փուլում ուղղակիորեն կապված էր բնակչության դրսից ստացվող եկամուտների կրճատման հետ։ Ճգնաժամի առաջին տարում տրանսֆերտային գումարները նվազեցին գրեթե 40 տոկոսով։ Իսկ դա ահռելի ֆինանսական ռեսուրս էր ինչպես Հայաստանի ֆինանսական շուկայի, այնպես էլ հասարակության համար։
Տարբեր գնահատումներով, արտաքին ֆինանսական փոխանցումները գրեթե համարժեք են Հայաստանի պետական բյուջեի ծախսերին։ Ուստի դրանց գրեթե կիսով չափ կրճատումը չէր կարող էական ազդեցություն չունենալ ինչպես ընդհանրապես տնտեսական գործընթացների, այնպես էլ մասնավորապես հասարակության եկամուտների եւ աղքատության մակարդակի վրա։
Կարո՞ղ էր կառավարությունը կանխել տրանսֆերտային հոսքերի կրճատումը կամ ազդել այդ գործընթացի վրա։ Իհարկե, չէր կարող։ Այդ պայմաններում սոցիալական վիճակի վատթարացումը բնականաբար անխուսափելի էր։ Այլ հարց է, թե կառավարությունը որքանով կարողացավ մեղմել կացությունը։
Անշուշտ այնպես չէ, որ Տ.Սարգսյանի գլխավորած նախորդ կառավարությունն իդեալական աշխատել է, եւ բացառապես արտաքին գործոններն են խանգարել, որ նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարվեն։ Կան ներքին տնտեսությունից բխող բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ սպասում են լուծման։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930