Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վահե Ավետյանի կյանքը փրկել չհաջողվի, ոստիկանությունը համարելու է, որ իր խիղճը մաքո՞ւր է

Հունիս 22,2012 11:43

ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ նշված է. «Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երեւույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս պարագայում անտեղի են նաեւ օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները։ Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար եւ՝ թափանցիկ։ Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը»։ Մի՞թե…

Ինչպես հասկանալի է, խոսքը վերաբերում է ոչ միայն այս երեւույթին, ավելի ճիշտ՝ «Հարսնաքարում» կատարված դեպքին։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ ոստիկանության հայտարարությունում նշվածը համապատասխաներ իրականությանը, բայց ելնելով որոշակի փաստերից, մեղմ ասած, այժմ դեռ չենք կարող հավատալ վերը բերված հավաստիացմանը։ Անհրաժեշտության դեպքում կներկայացնենք նաեւ այդ փաստերը, այժմ ընդամենը հիշեցնենք «Հայացք»-ի 31.05.2012 թ. համարում հրապարակված «Օլիգարխի թիկնազորը «Կոնցերտո» տաքսի ծառայությունում «կոնցե՞րտ» է տվել» հոդվածը՝ դրանից ընդամենը մեկ մեջբերում կատարելով.

«Մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ 2012 թ. մայիսի 25-ին ինքնաձիգներով զինված 5-6 անձինք, որոնք հայտնի օլիգարխներից մեկի թիկնազորի անդամներն են եղել, մտել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Կոնցերտո» տաքսի ծառայություն, դուրս հանել դիսպետչերի պարտականությունները կատարող կին աշխատողին, ջարդուփշուր արել համակարգիչները, վնասել գույքը, ծեծել այդ պահին տաքսի ծառայությունում գտնվող տղամարդկանցից ոմանց։ Ծառայության տնօրենն այդ ժամանակ տեղում չի եղել, իսկ հաջորդող օրերին չի եկել աշխատանքի։ Ըստ մեր տեղեկատուի՝ խոսքը ԱԺ պատգամավոր, հայտնի մականունով օլիգարխի մասին է»։

Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, իսկ որոշ փաստերից ելնելով՝ թերեւս համապատասխանում է, ապա «Հարսնաքարում» տեղի ունեցածը կկանխվեր, եթե ՀՀ ոստիկանությունը վերոնշյալի առնչությամբ իրեն փոխանցված տեղեկատվության եւ թերթում հրապարակված տվյալ հոդվածի կապակցությամբ պատշաճ աշխատանք կատարեր, կարողանար կամ ցանկանար բացահայտել կատարվածը։ Ի դեպ, հոդվածի հրապարակումից առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետին փոխանցել էինք մեր ստացած տեղեկատվությունը, որը, կարծում ենք, ինչ-ինչ առնչություն ունի բժիշկների դեպքի հետ։ Աստված մի արասցե, բայց եթե Վահե Ավետյանի կյանքը փրկել չհաջողվի, ոստիկանությունը համարելու է, որ իր խիղճը մաքո՞ւր է…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930