Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կարող է կողմ քվեարկել կառավարության նախաձեռնությանը

Հունիս 22,2012 10:57

Ազգային ժողովը երեկ սկսեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնություններից մեկը հավակնում է դառնալ նոր խորհրդարանի առաջին նախագիծը, որին կարող է կողմ քվեարկել նաեւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցությունը։

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում, որի գործող տարբերակով՝ Երեւանում գործունեություն ծավալող սննդի այն օբյեկտները, որոնք մինչեւ 50 քառակուսի մետր մակերես ունեն, եռամսյակի համար պետք է վճարեն առնվազն 225 հազար դրամ արտոնագրային վճար։ Այսինքն, մայրաքաղաքի ծայրամասում գործող, ասենք, 7 կամ 10 քառակուսի մետր մակերեսով «պեռաշկիանոցները», ըստ այս օրենքի, եռամսյակը մեկ պետք է 225 հազար դրամ վճարեն, իսկ Հայաստանի այլ բնակավայրերում, կլինի քաղաք, թե գյուղ, պետք է վճարեն 157 հազար 500 դրամ։ Սննդի օբյեկտների համար նման աստղաբաշխական արտոնագրային վճարները սահմանվել են վեց ամիս առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության առաջարկով «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, որը ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլի 1-ից։ Սակայն, այդ նորմերը այդպես էլ չկիրառած ՀՀ կառավարությունն առաջարկում է նույն օրենքում կրկին փոփոխություններ կատարել, որի նպատակը փոքր օբյեկտների արտոնագրային չափերի նվազեցումն է։ Օրենսդրական նախագծով առաջարկվում է, որպեսզի մինչեւ 20 քառակուսի մետր մակերես ունեցող սննդի օբյեկտները ամսական վճարեն 30 հազար դրամ արտոնագրային  վճար։ Իսկ 20-ից մինչեւ 50 քառակուսի մետր մակերես ունեցող սննդի օբյեկտները 20 քառակուսի մետրը գերազանցող ամեն 10 քառակուսի մետր տարածքի համար ամսական լրացուցիչ պետք է վճարեն 15 հազար դրամ արտոնագրային վճար։

Նախագիծը խորհրդարանում ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ օրենսդրական նախագիծը ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում քննարկելիս՝ ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի կողմից չորս առաջարկ է ներկայացվել, որից երկուսը կառավարությունն ընդունել է։ Կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ Գաբրիելյանը պարզաբանեց, որ իրենց կողմից ընդունվել է այն առաջարկը, ըստ որի՝ սրճարանների գործունեության շրջանը անհրաժեշտ է սեզոնների բաժանել, որովհետեւ ակնհայտ է, որ սրճարանները հիմնականում հաճախորդներ ունենում են ամռան ամիսներին, իսկ ձմռանը նախընտրում են փակվել, որովհետեւ չեն կարող վճարել արտոնագրային վճար։ Իսկ արտոնագրային վճարը սեզոնների բաժանելու եւ ձմռան ամիսներին նվազեցնելու դեպքում բացառված չէ, որ սրճարանների առնվազն մի մասը ձմռան ամիսներին եւս գործի։ Կառավարությունն ընդունել է նաեւ Բագրատյանի այն առաջարկը, ըստ որի՝ փոքր մակերեսով սննդի օբյեկտների դեպքում արտոնագրային վճարը պետք է հաշվարկվի ըստ նրանց սպասարկման սրահների մակերեսի։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930