Ինչպե՞ս է 3-4 տարեկան երեխան սկսում օդում պղպջակներ որսալ և հրճվել դրանից: Նույնը հիմա անում է ՀՀԿ-ն, որը հաճույքով շարունակում է օդում որսալ ընտրություններում «տարած» իր հաղթանակի պղպջակները եւ ինքնագոհ հայտարարում, թե քանի որ հաղթողն իրենք են, ուրեմն, իրենց կառավարության ներկայացրած ծրագիրը չի կարող ադեկվատ չլինել այսօր երկրում առկա իրավիճակին ու մարտահրավերներին:
Ընտրություններում «հաղթելը» արդեն դառնում է ՀՀԿ-ի` իշխանություն լինելու միակ արդարացումը, այն փրփուրը, որից խեղդվելիս անընդհատ փորձում են կառչել, բայց չի ստացվում: Որովհետև ինչպես պղպջակը չունի ներքին բովանդակություն, այնպես էլ` այդ հիմնավորումը. ընտրված լինելը դեռ չի նշանակում կառավարել կարողանալ և չի կարող երաշխավորել կառավարության գոնե հանգրվանային հաջողությունը:
Այսինքն` կարելի է ոչինչ չանել, երկիրը մղել ճգնաժամի, բայց ընտրություններում հաղթած լինելու հիմնավորմամբ շարունակել քնել դափնիների վրա: Սա խղճուկ ինքնախաբեություն է, և դա ապացուցվեց հենց խորհրդարանում կառավարության ծրագիրը քննարկելիս, երբ հնչած առարկայական քննադատություններին ու դիտողություններին կառավարությունը համարժեք ոչ մի պատասխան չտվեց: Նման ինքնախաբեությունը ՀՀԿ-ին մղում է ծայրահեղ մեկուսացվածության, որովհետև այն սյուռեալիզմի համար, որը փորձում է հասարակության վզին փաթաթել իշխանությունը, ոչ ոք պատասխանատվություն վերցնել չի ցանկանում:
«Երկիր»