Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը քննարկել է «Հարսնաքարում» ծեծված մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը

Հունիս 21,2012 23:11

«Հարսնաքարում» ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար երեկ առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը: Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն էր դրել կոնսուլիումին մասնակցող մասնագետների առջեւ, բայց վերջիններս խորհուրդ չեն տվել ոչ մասնագետ հրավիրել դրսից, ոչ էլ Վահեին տեղափոխել. «Ասացին, որ որեւէ այլ մասնագետ չի կարող նոր բան անել, ինչ մենք ենք անում: Հիմա մասնագետները շուրջօրյա հետեւում են, ուզում եմ հույս ունենալ, որ մենք կկարողանանք փրկել մայոր բժշկի կյանքը»: Մեր հարցին՝ թե հույսեր կա՞ն, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա՝ նախարարը պատասխանեց. «Բժիշկը միշտ պետք է հույսեր ունենա, եթե չունեցավ՝ դա լավ չէ»:

Վերջին տարիներին բժիշկներին ծեծելու մի քանի դեպք արձանագրվեց: Նախարարը հիշեց Շիրակի մարզի դեպքը, երբ ծեծի էր ենթարկվել շտապօգնության բժիշկը. «Մենք դատապարտեցինք, մասնագիտական պարտավորությունները կատարելիս էր եղել, շատ ցավալի դեպք էր: Վերջին դեպքը եւս շատ ցավալի էր, ճիշտ է, կենցաղային դեպք է, բայց էլի ես շատ ցավում եմ»:

Նախարարը նշեց, որ իր ոլորտում անելիքներ շատ կան: Մեր դիտարկմանը, որ պարոն Քուշկյանը սայլը տեղից շարժել էր՝ նախարարը պատասխանեց. « Ինչքան էլ Քուշկյանն առաջ է տարել, էլի գործերը շատ են: Անելիքներ շատ կան՝ բոլոր ոլորտներում»: Մեր հարցին՝ թերացումներ չկա՞ն՝ պարոն Դումանյանը պատասխանեց. «Առաջին 4 օրն է, դեռ չեմ նկատել: Երկար տարիներ եղել եմ համակարգում, վերջին 8 տարին որ չկամ՝ բոլոր մանրամասները հարցնում եմ, ծանոթանում եմ»:

Նախարարը չհամաձայնեց, որ առողջապահական համակարգում կոռուպցիան շատ է, եւ որ բժշկի գրպանը շարունակվում են գումարներ մտնել. «Ինքս չեմ տվել, չգիտեմ, բայց չեմ ժխտում, որ կարող են նման դեպքեր լինել»: Նա տեղեկացնելով, որ այսօր բժշկի, բուժաշխատողների օրն է, հորդորեց գոնե այսօր վատ բաներից չխոսել. «Եկեք շնորհավորենք նրանց, ցանկանանք, որ առողջ լինեն, ցանկանանք, որ ապահովված լինեն, որ գրպանը որեւէ մեկի առջեւ չբացեն: Վստահ եղեք, բժիշկ մասնագետները հպարտ են, իրենց համար հաճելի չի նույնիսկ գրպան բացելը, եկեք այսօր հաճելի բաներից խոսենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930