Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շարմազանովի` Ազգային ժողովը դարձել է «մտքերի գեներացման ամբիոն»

Հունիս 21,2012 22:57

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաեւ մնացած մարզպետների փոփոխության հարցը չի եղել քննարկման օրակարգում: Գեղարքունիքի մարզպետը, հիշեցնենք, որ նույնպես ԲՀԿ-ից էր եւ ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ չմտնելու որոշումն ընդունելուց հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել, այնպես որ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի քննարկվել այդ մարզում մարզպետ նշանակելու հարցը` թեկնածուներ չկա՞ն, թե՞ այլ խնդիր կա: Պարոն Շարմազանովն ասաց, որ երբ հստակեցվի այդ հարցը, անպայման կտեղեկացնեն:

Լրագրողների խնդրանքով գնահատելով նորընտիր խորհրդարանի աշխատանքները, պարոն Շարմազանովն ասաց, որ «շատ լավ եւ շատ դրական» է գնահատում. «Կառավարության ծրագրի քննարկումները ցույց տվեցին, որ այս ԱԺ-ն իրական բազմակարծության ամբիոն է, երկու օրերի ընթացքում տեսանք, որ ԱԺ-ն քաղաքական մտքերի գեներացման ամբիոն է դառնում: Հինգերորդ խորհրդարանում են բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, քննադատության, կարծիքների բախման պակաս չկա, բայց այդ ամենն ավելի կոռեկտ հունով է գնում, քան այն ժամանակ, երբ մենք մամուլի միջոցներով էին պատասխանում մեր ընդդիմադիր գործընկերներին, իսկ նրանք` Ազատության հրապարակից»:

Պարոն Շարմազանովը նշեց, որ կոռեկտությունը չի նշանակում, որ սուր քննադատություն չպետք է լինի, քանի որ առանց սուր քննադատության հնարավոր չէ պրոգրես, բայց միաժամանակ նկատեց, որ ոչ միշտ է, որ ընդդիմադիրների քննադատությունը սուր է եւ օբյեկտիվ, հնչել են նաեւ մերժողականության եւ քաղաքական նիհիլիզմի դաշտից ելույթներ, բայց ինքը դա էլ է նորմալ ընդունում: ԱԺ փոխխոսնակը նաեւ նկատում է, որ բոլորն էլ նույն հանրապետությունում բնակվող մարդիկ են, իսկ խորհրդարանը մի մեջլիս է, որտեղ յուրաքանչյուրն իր իրավացիությունը պիտի ապացուցի, եւ ժողովուրդը որոշի, թե ո՞վ է ճիշտ, ո՞վ` սխալ, ամեն դեպքում ՀՀԿ փոխխոսնակի գնահատմամբ` ամենակառուցողական ուժը ՀՀԿ-ն է:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ նախագահը տեղյա՞կ է կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հնչած քննադատությունը եւ ինչպես է վերաբերվում դրան: Պարոն Շարմազանովն ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ շատը հանրապետականներ միշտ էլ ասել են, որ ցանկացած առողջ քննադատություն ընդունելի է եւ պատրաստ են ականջալուր լինել եւ դրական հատիկները քաղել: Երբ կրկին փորձեցինք ճշտել, թե այնուամենայնիվ նախագա’հը ինչպե՞ս է վերաբերվում այդ քննադատություններին, պարոն Շարմազանովն ասաց, որ «դա վարչապետի եւ ՀՀԿ խմբակցության լիազորությունների շրջանակներում է, եւ մեր արտահայտած կարծիքները պաշտոնական դիրքորոշումներ են»:

Լրագրողների մեկը հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում այն փաստին, որ, այնուամենայնիվ, 47 դեմ քվեարկող եղավ կառավարության ծրագրին, արդյո՞ք դա նշանակում է, որ ծրագիրն այնքան էլ լավը չէ, պարոն Շարմազանովն ասաց, որ «լավը կամ վատը քաղաքական կատեգորիա չէ», իսկ ընդդիմության գործը քննադատելն է.«Երբ ժամանակին անձրեւ էր գալիս, ընդդիմությունն ասում էր` իմ շնորհքն է, երբ կարկուտ էր գալիս, ասում էր` իշխանությունն է մեղավոր»: Սակայն իր անձնական կարծիքով «այս կառավարության այս ծրագիրն ամենաիրատեսականն է եւ ամենամրցունակը, մենք կարող ենք իրականացնել բոլոր այն ցուցանիշները, որ դրված են այս կառվարության ծրագրում, իսկ այն, որ ընդդիմությունը եւ իրնեց կառուցողական այլընտրանք հռչակած ուժերը որոշել են դեմ քվեարկել, դա իրենց որոշումն է, որին ՀՀԿ-ում նորմալ են վերաբերվում»:

Մեկ ուրիշ լրագրող էլ հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ եղե՞լ է «Հարսնաքարի» դեպքին, պարոն Շարմազանովն ասաց, որ դա ԳՄ նիստի քննարկման թեմա չէ: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն արդեն իսկ իր գնահատականը տվել է պատահածին, իսկ Հանրապետականում բազմիցս ասել են, որ ցանկացած օրինախախտում խիստ դատապարտման է արժանի, եւ արդեն կան ձերբակալվածներ, իսկ մնացածը ոստիկանության խնդիրն է:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930